Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԱՄԲԵՐԴ

Ամբերդը գտնվում է պատմական Այրարատ նահանգի Արագածոտն գավառում, Արագած լեռան փեշերին, Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս` Արագածի լանջին` ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա: Ամրոցի անվանումը բացատրվում է որպես ամուր բերդ: Ամրոցը Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում է՝ եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա: Ամբերդի տարածքում հայտնաբերվել են քարեդարյան բնակավայրի հետքեր: Այստեղ առաջին անգամ ամրոց կառուցվել է դեռևս Արարատյան թագավորության ժամանակաշրջանում: Ներկայիս ամրոցը կառուցվել է 7-րդ դարում Կամսարական իշխանների կողմից: Հետագայում` 10-րդ դարում այն անցավ Պահլավունիներին և համարվում էր Բագրատունյաց թագավորության կարևորագույն պաշտպանական կառույցներից: 12-րդ դարի վերջին Ամբերդն ազատագրեցին Զաքարյանները և հանձնեցին Վաչուտյան իշխանական տանը, ովքեր Ամբերդը դարձրին իրենց վարչական կենտրոնը: 1236 թվականին մոնղոլները գրավեցին և ավերեցին Ամբերդը, շատ չանցած` Վաչուտյանները կրկին վերանորոգեցին այն, սակայն կարճ ժամանակ անց` Լենկ-Թեմուրի արշավանքների արդյունքում ամրոցը ավերվեց և կորցրեց իր նշանակությունը: Բերդն ունեցել է եռանկյունու ձև։ Որոշ հատվածներում եղել են բուրգերով ամրացված պարիսպներ։ Բերդապարիսպի բուրգերը կառուցվել են տեղանքի առանձնահատկություններից ելնելով, և ճանապարհների նկատմամբ մուտքերի հաշվենկատ դիրքավորման հետ ստեղծել են պաշտպանական անառիկ մի համակարգ։ Սուրբ Աստվածածին Եկեղեցին գտնվում է դղյակից դուրս, ամրոցի հարավային ծայրամասում, և կառուցվել է 1026 թվականին Վահրամ Պահլավունի սպարապետի կողմից: Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչթևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։ Ունի բարձր ակուստիկա, ինչն ապահովում են տանիքի տակ տեղադրված կարասները: ՈՒղղանկյուն հատակագծի մեջ ամփոփված է աղոթասրահը` արևելյան կողմի ավագ սեղանով և 4 անկյունների կրկնահարկ ավանդատներով: Ներքուստ բոլորաձև, արտաքուստ 12 նիստանի թմբուկը հարդարված է զույգ որմնասյուներով և ծածկված է հովանոցաձև վեղարով: Վերջինս ուշագրավ է և նման ծածկի առաջին օրինակն է: Եկեղեցու ներսում` պատի վրա, գտնվում է եկեղեցու կառուցման վերաբերյալ շինարարական արձանագրությունը: Եկեղեցու արտաքին ճարտարապետությունը պարզ է և անպաճույճ: Դղյակից դուրս` հարավային պարսպի մոտ գտնվում է 10-11-րդ դարերի բաղնիքը, իր լողասրահով, հանդերձարանով: Լողասրահի պատերը ձևավորված են եղել որմնանկարներով: Ջուրը բաղնիք է բերվել կավե խողովակներով: Ստեղծված է հատուկ մեխանիզմ, որով ջուրը տաքացնելու համար կրակի ծուխը դուրս է մղվում պատերի միջով` միաժամանակ տաքացնելով լողասրահի հատակն ու պատերը: Առհասարակ, ամրոց ջուր է բերվել հինգ կմ հեռավորությունից: Ամրոցի տարածքում մի քանի տեղ ջուր հավաքելու նպատակով ավազաններ են եղել: Բաղնիքից մոտ 10 մետր հեռավորության վրա փոքրիկ մատուռն է, որ կառուցվել է 10 –րդ դարից ոչ ուշ: Առանձին հետաքրքրություն է ներկայացնում դղյակը, որ գրավում է շուրջ 1500 քառակուսի մետր տարածք: Այն քառահարկ, անմատչելի կառույց է և կազմում է ընդհանուր պաշտպանական համակարգի մի մասը: Պեղումների ընթացքում դղյակից հայտնաբերվել են մետաղյա իրեր, զենքեր, արծաթե զարդեր, խեցեղեն, ապակեղեն, ոսկե, պղնձե դրամներ, մոմակալներ, բրոնզե աշտանակներ և այլ հնագիտական իրեր, որոնք վկայում են տիրող շքեղության ու ճոխ հարդարանքի մասին: