Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԱՂՑՔԻ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԴԱՄԲԱՐԱՆ

Աղցքի հայոց արքաների դամբարանը գտնվում է Երևանից 30 կմ հեռավորության վրա, Աշտարակից ոչ հեռու՝ Արագածի փեշերին, Գյումրի տանող ճանապարհից դեպի աջ՝ համանուն գյուղում: Հայոց պատմիչ Փավստոս Բուզանդը վկայում է, որ 4-րդ դարում հայ-պարսկական պատերազմի ժամանակ պարսից Շապուհ Բ թագավորը գրավում է հայոց Անի-Կամախ քաղաքը, ուր ամփոփված էին հայոց հզոր արքաների աճյունները: Նա քանդել է տալիս հայոց թագավորների գերեզմաններն ու ցանկանում իր հետ Պարսկաստան տանել նրանց աճյունները, որպեսզի նվազեցնի հայոց ոգու ուժը: Սակայն հայոց զորքերի սպարապետ Վասակ Մամիկոնյանը հետապնդելով պարսկական բանակին, ճակատամարտում հաղթում է նրանց ու ազատում հայոց արքաների ոսկորները գերությունից: Քանի որ խոսքը հայոց հեթանոսական շրջանի արքաների շիրիմների մասին է, նրանց աճյունները չամփոփեցին մայրաքաղաքում այլ Արագածի փեշին, այս անմատույց վայրում հուղարկավորեցին ու գերեզմանի վրա կառուցեցին դամբարան: Իրականում այս դամբարանում չկան քրիստոնյա թագավորների ոսկորներ, քանզի հայտնի է, որ տվյալ ժամանակահատվածում կուրացված, բայց ողջ էր հայոց Տիրան Արշակունի արքան, Խոսրով Բ Կոտակը թաղված է իր մայրաքաղաք Դվինում, իսկ Տրդատ Գ աճյունը նույնպես Անիում չի եղել: Աղցքի պատմաճարտարապետական համալիրը ներառում է նաև 5-րդ դարի մի բազիլիկ եկեղեցի։ Նախքան եկեղեցին այստեղ հեթանոսական տաճար է եղել: