Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԱԳԱՐԱԿԻ ՀՆԱՎԱՅՐԸ

Ագարակի հնավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի մոտակայքում, Երևան-Գյումրի (M1) ավտոճանապարհի հարևանությամբ` ճանապարհի աջ և ձախ կողմերում: Հնավայրի միջին բարձրությունը ծովի մակարդակից` 1088 մետր է, իսկ աշխարհագրականկոորդինատներն են` հյուսիսային լայնության 40°17’43”, արևելյան երկայնության 44°16’41”: Այն իրենից ներկայացնում է ժայռափոր և քարափոր կառույցների վաղ բրոնզեդարյան հսկա համալիր: Ագարակում կհամոզվեք, որ մարդկային երևակայությունը սահմաններ չի ճանաչում: Ամբողջ հնավայրի տարածքում տուֆի հսկայածավալ զանգվածները մարդկանց կողմից վեր են ածվել քարակոփ կառուցվածքների: Այստեղ հսկայական մակերեսի վրա ամբողջ քարաժայռերն ու հարթակների ճակատայինմասերն անգամ մշակված են:Առկա են բազում ժայռախորշեր, աստիճանահարթակներ, վիմափոր դամբարաններ, բազում նշանակության կերտվածքներ: Այստեղ իրար հաջորդում են փողոցները, տները, ծիսական, կենցաղային կերտվածքները, բազում են պայտաձև, կլոր փորվածքները, դրանք իրար հետ կապող առուները, զոհարանները... և այս ծիսապաշտամունքային հնավայրի տարածքը կազմում է շուրջ 200 հա: Դեռևս մ.թ.ա. III հազարամյակի սկզբին, այս տարածքը եղել է քարակոփ կերտվածքներից կազմված հսկայական պաշտամունքային համալիր, որի տարածքում փորված բազմապիսի կլորավուն, թասիկանման, տաշտականման ավազաններից, ՙլաբիրինթոսներից՚, զոհասեղաններից և այլ կառուցվածքներից բաղկացած միավորները, օգտագործվել են ժամանակին այստեղ իրականացված ծիսական արարողությունների համար։ Այս ամենը նախատեսված են եղել ծիսական նվիրաբերությունների, զոհաբերությունների և այլ արարողությունների համար: Ագարակի հնավայրը ավելի հին է, քան եգիպտական բուրգերը, և այստեղ բնակատեղի է եղել նաև Երվանդունիների և Արտաշեսյանների թագավորության ժամանակաշրջանում, ինչպես նաև` զարգացած և ուշ միջնադարում, քանի որ տարածքում առկա են նաև քրիստոնեական ծեսով թաղումներ, ինչը վկայում է, որ միջնադարում տարածքը օգտագործվել է որպես գերեզմանոց: Իսկ Ագարակը որպես բնակավայր առավել զարգացած է եղել մ.թ.ա. 4-ից մ.թ. 4-րդ դարերում: Այդ ժամանակաշրջանում բնակավայրում եռուզեռ էր. ծաղկում էին արհեստները, առևտուրը....Պեղումների ընթացքում շատ են գտնվել հելլենական և հռոմեական շրջանների դրամներ, ինչը վկայում է, որ այստեղ նաև տարանցիկ առևտուրն է զարգացած եղել: Փաստորեն, այն որպես բնակավայր հին է, նաև` երկարակյաց է, քանզի այստեղ հանդիպում ենք բազմաշերտ մշակույթների: Հնավայրը 2001 թվականից պեղվում է ՀՀ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի կողմից: