Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Խոհանոց

Հայկական խոհանոցը բազմազան է և բազմաբնույթ: Հայաստանի բնությունը հարուստ է բուսական-կենդանական աշխարհով, որով էլ պայմանավորված է հայկական խոհանոցի, ուտեստների բազմազանությունը: Շատ ուսումնասիրողների կարծիքով` հայկական խոհանոցը դոնոր է հանդիսացել արևելյան ժողովուրդների խոհանոցների համար: Հայկական խոհանոցի առանձնահատկությունը նաև կայանում է նրանում, որ տարբեր գավառներում, կապված աշխարհագրական միջավայրի հետ, նույն ուտեստը տարբեր համային և բաղադրային լուծումներ ունեն: Առհասարակ, հայ ժողովուրդը ունի թե ծիսական, թե կենցաղային խոհանոց: Եթե վերջինս իր մեջ ներառում է ամենօրյա կերակրացանկը, ապա ծիսական խոհանոցը տիպիկ է և յուրօրինակ: Ազգային յուրաքանչյուր տոն իր մեջ ներառում է յուրովի կերակրացանկ: Խոհանոցի բազմազանությունը ուղղակի բացառում է այդ կերակրացանկի կրկնությունը: Հնում հայերը ունեցել են նաև ուտեստի կանոնակարգված համակարգ. այսինքն` տարվա յուրաքանչյուր օր ունեցել է իր հաստատագրված կերակրացանկը: Այսօր հայկական խոհանոցը աշխարհին հայտնի է լավաշով, հացազգիներով պատրաստված բազում ուտեստներով, խորովածով, տոլմայով, հարիսայով, խաշով, մածունով, թանով, գինով, մրգային օղիներով, կոնյակով... Առհասարակ, հայերին է պատկանում աշխարհում առաջին պահածոյի պատրաստման պատիվը: Մեր նախնիները դեռ հազարամյակներ առաջ ջերմային մշակման են ենթարկել և պատրաստել պահածո` տհալը /ղաուրմա/: Հայաստանն է գինեգործության և գարեջրագործության հայրենիքը: Այսօր էլ հայկական գյուղերում շատ ուտեստներ և խմիչքներ պատրաստվում են դեռևս հին` ավանդական եղանակներով: Հայկական խոհանոցը աչքի է ընկնում ուտեստի բազմազանությամբ և հավասարակշռությամբ: Գոյություն ունեն աղցանների, նախուտեստների, ապուրների բազում տեսակներ: Խոհանոցի մեջ հավասարակշիռ տեղ ունեն թե մսային, թե բուսական ուտեստները: Հայերը միակ ազգն են աշխարհում, որ հնում իրենց դիցարանում ունեցել են հյուրընկալության աստվածություն` հանձինս Վանատուրի: Դրա համար էլ մեր ժողովուրդը աշխարհին հայտնի է իր հյուրասիրությամբ ու հյուրասիրության ժամանակ գցված առատ սեղաններով: Այսօր էլ Հայաստանի գյուղերում և ռեստորաններում, ճաշացանկում այցելուները կարող են հանդիպել թե ավանդական ճաշատեսակներ, թե խոհարարների մերօրյա մշակումները: Հայերի մոտ գոյություն ունի նաև սնվելու առանձնահատուկ մշակույթ, որ ձևավորվել է հազարամյակներ ի վեր և փոխանցվել սերնդեսերունդ: Հայաստանում ամեն տարի անց են կացվում ՙխոհանոցային տոներ՚: Մասնավորապես, մեծ, մասսայական միջոցառումներ ու փառատոններ են կազմակերպվում գրեթե բոլոր ազգային տոներին: Արդեն ավանդական են դարձել խորովածի փառատոնը Լոռու մարզի Ախթալա քաղաքում, Տոլմայի փառատոնը Արմավիրի մարզի Սարդարապատի հուշահամալիրում, Նավասարդ-Թոնրատոնը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում, Գինու փառատոնը Վայոց ձորի Արենի գյուղում... Այցելելով Հայաստան` Դուք հնարավորություն կստանաք ոչ միայն հիանալ հայ ժողովրդի ստեղծած նյութական արժեքներով, այլև համտեսել հայկական խոհանոցի բարիքները: Չէ որ համի զգացողությունը մարդն ամենաուշն է մոռանում...