Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Երևան ....

Հայաստանի հանրապետության մայրաքաղաքը Երևանն է: Երևանը գտնվում է ծովի մակերևույթից 850-1300 մետր բարձրության վրա: Քաղաքի կենտրոնը՝ Հանրապետության հրապարակը, գտնվում է 1000 մետր բարձրության վրա: Կլիման ամառը չոր է, շոգ, ձմեռը կարճ է, բայց խստաշունչ: Երևանն աշխարհի հնագույն մայրաքաղաքն է: Նրա ծնունդը պայմանականորեն հաշվում են մթա 782 թվականով, երբ հայոց Արգիշտի Ա արքան ներկա Երևանի տարածքում հիմնեց Էրեբունի ամրոցը: Այս առումով անգամ, Երևանը հին է Հավերժական քաղաք Հռոմից 29 տարով: Սակայն Երևանի տարածքում է գտնվում նաև հինավուրց Շենգավիթ քաղաք -բնակավայրը, որի տարիքն անցնում է 6000-ից: Իսկ Երևանի տարածքում մարդն առհասարակ բնակվել է դեռ տասնյակ հազարավոր տարիներ առաջ: Մասնավորապես, Երևանյան լճի մոտ գտնվող քարայրում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են 30.000 տարվա հնության մարդկային գործունեության հետքեր: Երևան բառը առաջացել է Արի և Ավան բառարմատներից, որ նշանակում է արիների բնակավայր, արիների քաղաք: Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականի մայիսի 28-ից: Քաղաքի բնակչությունը 2013 թվականի դրությամբ կազմում է 1100000 մարդ: Մ.թ.ա. 782 թվականին Երևանի տարածքում հայոց Արգիշտի Ա արքան հիմնադրում է Էբեբունի (էր-ար, արի, ունի-լինել, շեն…) ամրոցը, այդ մասին թողնելով արձանագրություն. Խալդի աստծո զորությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի՝ ի հզորություն Բիայնիլի երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր... Մ.թ.ա. 7-րդ դարում մեկ այլ հայոց արքա՝ Ռուսա Բ, դարձյալ Երևանի տարածքում, Հրազդան գետի ափին կառուցում է Թեյշեբիանի ամրոցը, որ Արարատյան թագավորության կարևորագույն ռազմական պատվարներից էր ու զարգացած քաղաքային բնակավայր: Մթա 7-րդ դարում կազմավորվում է հայոց Երվանդունիների թագավորությունը: Երվանդունի արքաները Հայաստանի վարչական ու քաղաքական կենտրոնը տեղափոխում են Արարատյան դաշտ, այնտեղ հիմնադրում իրենց մայրաքաղաքները՝ Արմավիրը, Բագարանը, Երվանդաշատը… Երևանը որպես վարչական կենտրոն կորցնում է իր նշանակությունը, սակայն շարունակում է մնալ որպես խոշոր ու բարգավաճ բնակավայր: 9-րդ դարում Բագրատունի իշխանները Հրազդան գետի ձախ, բարձրադիր ափին կառուցում են Երևանի բերդը: Քաղաքը շարունակում է բարգավաճել նաև Զաքարյանների իշխանության օրոք: 13-15-րդ դարերի ընթացքում Երևանը տուժեց թուրքերի ու մոնղոլների արշավանքների արդյունքում: Երբեմնի շեն բնակավայրը ամայացավ: 1441 թվականին հայոց կաթողիկոսությունը Կիլիկիայից տեղափոխվեց Արարատյան դաշտ ո ւհաստատվեց Էջմիածնում: Արարատյան դաշտը վերստին դարձավ հայոց հոգևոր կենտրոն: Դա նպաստեց նաև, որ Երևանը դառնա հայության հավաքատեղին: Շուրջ երկու դար՝ 15 - 17 - րդ դարերում, Երևանն ու Արարատյան դաշտը կռվախնձոր են դառնում թուրքերի և պարսիկների ձեռքին: Քաղաքը հայտնվում է մերթ մեկի, մերթ՝ մյուսի տիրապետության տակ: 18-րդ դարում կազմավորվում է Երևանի խանությունը: 1828 թվականին ռուսական զորքը և հայ աշխարհազորայինները գրավում են Երևանը և վերացնում Երևանի խանությունը: 1828-1840 թվականներին կազմավորվում է Հայկական մարզը, ապա՝ Երևանի նահանգը: Ազատվելով պարսկական տիրապետությունից՝ Երևանն արագ զարգացավ: Քաղաքում բացվեցին դպրոցներ, ուսումնարաններ, արտադրական ձեռնարկություններ: Քաղաքը մեծացավ և բարեկարգվեց: 1881 թվականին գործարկվում է Երևանի գարեջրի գործարանը, 1887 թվականին՝ Թաիրյանի օղու, սպիրտի և գինու, 1892 թվականին՝ հանքային ջրերի և օշարակի, 1893 թվականին՝ Աֆրիկյանի և Գյուլազյանի, իսկ 1894 թվականին՝ Սարաջևի գինու-կոնյակի գործարանները։ 1890 թվականին Թաիրյանի գործարանը գնել է ռուս ֆաբրիկանտ Շուստովը և, մեծ ներդրումներ կատարելով, տասնապատկվել է կոնյակի արտադրությունը։ 1899 թվականին գործարկվում է Ալեքսանդրապոլ-Կարս և 1901 թվականին Ալեքսանդրապոլ -Երևան երկաթուղիները։ 1906 թվականին գործարկվում է Երևան – Ջուղա երկաթուղին։ Երևանում գործարկվում է առաջին ջրաէլեկտրակայանը։ Հաստատվում է միջքաղաքային հեռախոսային և հեռագրային կապ։ 1907 թվականին Երևանը մասամբ էլեկտրաֆիկացվել է, 1913 թվականին՝ հեռախոսաֆիկացվել։ 1912 թվականի ջրմուղով խմելու ջուր է բերվել Քառասուն աղբյուրներից։ Քաղաքում գործում էր էլեկտրական տրամվայ, ձիակառք։ Բացվել էին նոր խանութներ, հյուրանոցներ։ 1913 թվականին Երևան է մտել առաջին ավտոմեքենան։ 1913 թվականին Երևանի բնակչությունը անցավ 35,000 - ը։ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվում է Հայաստանի հանրապետությունը և Երևանը դառնում է Հայաստանի մայրաքաղաքը: Երևանում են տեղակայվում ՀՀ կառավարությունը, պառլամենտը… օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները: 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի հանրապետությանը փոխարինում է Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետությունը, որ 1922 թվականին մտնում է ԽՍՀՄ կազմի մեջ: Երևանը Հայկական ԽՍՀ մայրաքաղաքն էր: ՀԽՍՀ տարիների հետ է կապված Երևանի բարգավաճումն ու բարեկարգումը: Քաղաքը ենթարկվում է ինդուստրացիայի: 1924 թվականին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը կազմում է Երևանի զարգացման հատակագիծը: Երևանի հատակագծի համաձայն՝ հայոց մայրքաղաքը պետք է ունենար 600-700.000 բնակիչ: Այն հատակագծով արևի, կամ ամֆիթատրոնի տեսք ունի: Կենտրոնում հրապարակն է, որից դուրս են գալիս /ճառագում են/ փողոցները /ճառագայթները/: Քաղաքի կենտրոնը գոտևորում է Օղակաձև զբոսայգին: Այժմ Երևանում կան 41 զբոսայգի և պուրակ: Երևանն ունի երկու կենտրոն՝ մեծ, որ Հանրապետության հրապարակն է և որտեղ տեղակայված է պետական կառավարման ապարատը և Փոքր Կենտրոն, որ քաղաքի մշակութային կենտրոնն է: Երևանը կառուցապատվեց, գեղեցկացավ: Այն այժմ իրավամբ, համարվում է աշխարհի գեղեցկագույն քաղաքներից մեկը: Կարևորագույն իրադարձություն կատարվեց Երևանի կյանքում 1978 թվականին. Ծնվեց Երևանի միլիոներորդ բնակիչը։ Այդ ժամանակ աշխարհում մեկ միլիոն բնակչությամբ շատ հազվագյուտ քաղաքներ կային։ Հրապարակում բացվեցին երգող շատրվաններ, որոնք երկրորդն էին աշխարհում՝ Փարիզից հետո։ Կառուցվեցին Երիտասարդական պալատը, Զվարթնոց օդանավակայանը, Երևանի մետրոպոլիտենը, մարզահամերգային համալիրը… 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը և Երևանը դարձավ հայոց երրորդ հանրապետության մայրաքաղաքը: Այժմ էլ Երևանը այցելուներին հմայում է իր վարդագույն գեղեցկությամբ ճարտարապետական նուրբ ճաշակով: Երևանի տեսարժան վայրերն են Սուրբ Սարգիս եկեղեցին, սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Կապույտ մզկիթը, Հայաստանի պատմության թանգարանը և պատկերասրահը, հնագույն ձեռագրերի պահոց Մատենադարանը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, բազում թանգարաններ… Առհասարակ, Երևանում են ՀՀ – ում գործող 95 թանգարանից 57-ը, այդ թվում՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի թանգարանը։ Երևանի կենտրոնում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում, վեր է խոյանում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված կոթողը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանը, «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և այլն։ Երևանի հպարտությունն է Էրեբունի թանգարանը, որտեղ ցուցադրվում են Էրեբունու բերդի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրերը։ Ծիծեռնակաբերդում է գտնվում Մեծ Եղեռնին վերաբերող թանգարանը, որտեղ ցուցադրվում են Հայոց ցեղասպանությանը վերաբերող շատ փաստաթղթեր, լուսանկարներ և այլ իրեր։ Հանրապետության հրապարակում է գտնվում Հայաստանի պատմության թանգարանն ու Հայաստանի Ազգային Պատկերասրահը։ Մաշտոցի Պողոտայում է գտնվում Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը։ 2002 թվականի ապրիլին ԱՄՆ-ի Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը Երևանում բացեց «Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը»՝ ժամանակակից արվեստի թանգարան և մշակութային կենտրոն ստեղծելու նպատակով։ Հայաստանի Հանրապետությունը Գաֆէսճեան թանգարան հիմնադրամին տրամադրել է տարածք և մասնակիորեն կառուցապատված Կասկադի տարածքը։ Ջերարդ Լ. Գաֆէսճեանը արվեստի գործերի իր մասնավոր հավաքածուն փոխանցել է թանգարանին: