Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԴԻԼԻՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ

Դիլիջանի ազգային պարկը գտնվում է Տաուշի մարզում։ Այն զբաղեցնում է Աղստև գետի վերին հոսանքի ավազանը՝ Հալաբի արևելյան, Միափորիի հյուսիս-արևմտյան և Արեգունի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերը, մոտ 34000 հա տարածություն և բուսատեսակների, կենդանական աշխարհի բազմազանությամբ համարվում է խոշորագույններից մեկը տարածաշրջանում։ Դիլիջանի ազգային պարկը բաժանված է երեք գոտիների` արգելոցային, տնտեսական եւ ռեկրեացիոն: Ռեկրեացիոն բաժինն ապահովված է վրաններով, քնապարկերով, գազօջախներով, հեռադիտակներով եւ զբոսաշրջիկներին անհրաժեշտ այլ պարագաներով, ունենք որակավորված ուղեկցողներ, հեծանիվներ եւ ձիեր. Այս ամենը միտված է Տաուշի մարզում էկոտուրիզմի զարգացմանը: Դիլիջանի ազգային արգելոցը կազմավորվել է 1958 թվականին՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով: Հիմնական ծառատեսակներն են՝ հաճարենի, կաղնի, բոխի, լորենի, հացենի, թեղի, սոճի և գիհի։ Դիլիջանի արգելոցում են երրորդական դարաշրջանի մնացորդ՝ կարմրածառի (մահիկի) պուրակները, որոնցից Աղնաբաթինը (Գետիկի ավազան) ամենախոշորն է Անդրկովկասում։ Արգելոցն ունի հարուստ կենդանական աշխարհ։ Հանդիպում են գորշ արջ, այծյամ, գորշուկ, քարակզաքիսը (M. foina nehringi), անտառային կատու, աղվես, լուսան, պարսկական սկյուռ, ինչպես նաև բազմաթիվ սողուններ ու երկկենցաղներ, կովկասյան ցախաքլոր, լեռնային հնդկահավ, գորշ կաքավ, անտառային կտցար, կեռնեխ և աղավնիներ։ Կլիմայավարժեցվում են ուսսուրական բծավոր եղջերուն, ազնվացեղ եղջերուն և վայրի խոզը։ Արգելոցի տարածքում են գտնվում նշանավոր պատմական հուշարձաններ Հաղարծինը, Ջուխտակ վանքը, Գոշավանքը, Մաթոսավանքը։ Կովկասյան տարածաշրջանում հանդիպող բուսատեսակների գրեթե կեսը կարող եք հանդիպել Դիլիջանի ազգային պարկում, իսկ նրանց երրորդ մասը՝ էնդեմիկ են: