Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՄԱԿԱՐԱՎԱՆՔ

Մակարավանքը 10-13-րդ դարերի վանական համալիր է Տավուշի մարզում, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Մակարավանքի համալիրը իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ նման է Աղթամարի, Բղենո Նորավանքի, Գանձասարի եկեղեցիներին: Ցավոք, վանքի մասին միջնադարյան պատմագրությունը քիչ բան է հաղորդում: Ավանդույթի համաձայն վանքը կառուցել են Մակար անունով վարպետն ու իր որդին։ Որդին քար էր տաշում, նախշում, իսկ հայրը շարում էր։ Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից։ Նա գիշերում էր վանքի կիսավարտ պատերի վրա, քանի դեռ չէր ավարտել շինությունը։ Օրերից մի օր, վարպետ Մակարը նկատում է, որ քարերը իրար չեն բռնում, զարդաքանդակներն էլ նույնը չեն։ Վերևից հարցնում է որդուն, թե ինչ է պատահել։ Պատասխանում են, որ նա հիվանդ է։ Մակարը հասկանում է, որ որդին այլևս չկա։ Վանքի գագաթից ցած է նետվում ու մահանում։ Վարպետին թաղում են վանքի պատի տակ և վանքն էլ անվանում Մակարավանք։ Վանական համալիրը կազմված է հին եկեղեցուց, գլխավոր եկեղեցուց, զավթից, Աստվածածին եկեղեցուց, նշխարատնից, մատուռից, աղբյուրից, պարիսպներից, գերեզմանոցից, բնակելի և օժանդակ այլ շինություններից։ Գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճների տիպի, 13,5X9 մ միջին չափերի շինություն է, արտաքինից երկարավուն, ներսից խաչաձև հատակագծով, 4 անկյուններում տեղադրված կրկնահարկ ավանդատներով քառանկյուն։ Կառուցվել է բաց վարդագույն և պղնձագույն ֆելզիտի սրբատաշ քարերով և կրաշաղախով։ Հարավային պատի լուսամուտի տակ աչքի է ընկնում մագիլներում ցուլ բռնած արծվի բարձրաքանդակը, ինչը Վաչուտյան իշխանական տան զինանշանն է։ Արևմուտքից հիմնական մուտքը եզերված է նրբահյուս երեսակալով, իսկ վերնամասը ծածկված է գույնզգույն քարերի դրվագազարդով: Հայկական միջնադարյան արվեստի գլուխգործոցների թվին են դասվում բեմի ճակատի անկրկնելի քանդակազարդերը, մարդու գլխով առասպելական կենդանիները, գալարվող ձկները, գործիքները ձեռքին մարդու կերպարանքը՝ «Երիտասարդ» մակագրությամբ։ Գեղաքանդակ մի խաչքարի ծավալուն արձանագրությունից պարզ է դառնում, որ գլխավոր եկեղեցին 1205 թվականին կառուցել է Բազազ իշխանի որդի Վարդանը, Հովհաննես եպիսկոպոսի վանահայրության տարիներին։ Մուտքի ճակատակալ քարի արձանագրության մեջ հիշատակված է Մակարավանք անունը։