Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՀԱՂԱՐԾԻՆ

Հաղարծինը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռու, դեպի Իջևան տանող խճուղուց 7 կմ հեռավորության վրա։ Հարավային կողմում գտնվող ձորակում հոսում է Հաղարծին գետակը, իսկ արևելյանով՝ Մեծ Աղբյուրը։ Հաղարծին բառի ստուգաբանության երկու տարբերակ գոյություն ունի: Համաձայն առաջին տարբերակի՝ բառն առաջացել է տեղական բարբառով հաղալ՝ խաղալ և արծիվ բառերից, այսինքն `արծիվների խաղ, քանզի ավանդույթը պատմում է, որ եկեկեցու օծման արարողության ժամանակ նրա գլխավերևում բազում արծիվներ են ճախրել: Մյուս տարբերակը դարձյալ կապված է Տավուշի բարբառով հաղար՝ վայրի կատու և ծին բառերից` վայրի կատուների ծննդյան վայր: Վանական համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում: Համալիրի ամենահին կառույցը Սուրբ Գրիգոր եկեղեցին, որն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով գմբեթավոր կառույց է։ Եկեղեցու արևմտյան կողմում է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով գավիթը (XII դարի վերջ), որի անկյունային միահարթ առաստաղներին բարձրաքանդակներ են (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ ևն, նաև արձանագրություններ)։ Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են դամբարանների մնացորդներ։ Սուրբ Գրիգոր եկեղեցուն հյուսիսից կից է թաղածածկ մատուռ (XIII դար), իսկ դեպի արևելք շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին (1244)։ Համալիրի գլխավոր կառույցը Սուրբ Աստվածածին եկեղեցին է: Վերջնականապես կառուցվել է 1281-ին, սակայն որոշ դիտարկումներ թույլ են տալիս ենթադրել, որ այն հիմնադրվել է X-XI դարերում։ Հուշարձանախմբի արևմտյան մասում սեղանատունն է. կառուցվել է 1248-ին, Մինաս ճարտարապետի կողմից: Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ Հայաստանի պատմության ազգային թանգարանում է) մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ պատրաստվել է 1232 թվականին, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն։ Հաղարծնավանքը ավերվել է սելջուկ-թուրքերի արշավանքների ժամանակ, բայց վերանորոգվել է Զաքարյան իշխանների կողմից: