Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԳՈՇԱՎԱՆՔ

Գոշավանքը կամ Նոր Գետիկի վանական համալիրը կառուցվել է 1188 թվականին Իվանե Զաքարյանի կողմից: Այն գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում` Գետիկ գետի ափին, Երևան քաղաքից 150 կմ , Դիլիջան քաղաքից` 15 կմ հեռավորության վրա: Վանքը ծովի մակերևույթից բարձր է 1200 մետր: Վանական համալիրի կառուցումը կապված է միջնադարյան հայ անվանի իրավագետ, գիտնական, դավանաբան, առակագիր Մխիթար Գոշի (1120-1213) անվան հետ, որով էլ բացատրվում է Գոշավանք անվանումը: Սակայն հնում, վանքից ոչ հետու եղել է Գետկա վանքը, որն իր անվանումն ստացել է Աղստևի վտակը համարվող Գետիկ գետից: Այս վանքը կործանվել է երկրաշարժից և այլևս չի վերականգնվել: Դրա համար Գոշավանքն անվանում են նաև Նոր Գետիկ: Ինչպես վկայում է պատմիչ Կիրակոս Գանձակեցին` վանքի գլխավոր` սբ.Աստվածածին եկեղեցին կառուցվել է Մխիթար Գոշի անմիջական մասնակցությամբ: Սուրբ Աստվածածինը գմբեթավոր կառույց է՝ արևելքից երկու կրկնահարկ խորաններով, արևմուտքից և հյուսիսից՝ մուտքերով։ Արևելյան և հարավային պատերը մշակված են «հայկական խորշերով» (եռանկյունաձև կտրվածքի), հաստաբուն թմբուկը երիզված է նախշազարդ գոտիով։ Եկեղեցու՝ ավելի ուշ կառուցված գավթի ճարտարապետը եղել է Մխիթար Հյուսնը։ Գավիթը (1197-1203թթ.) չորս սյուներով կենտրոնակազմ գավիթների հիմնական տիպին է պատկանում։ Արևելյան երկու անկյուններում ունի երկհարկանի խորաններ։ Գոշավանքի գավիթը ձևով և կառուցվածքային տարրերով, Սանահինից հետո, նշանավորում է իր տիպի զարգացման հաջորդ քայլը՝ նախապատրաստելով Հաղարծնի և Կեչառիսի նույնատիպ կառույցները։ Սուրբ Աստվածածնից փոքր ինչ հարավ է սբ.Գրիգորը, որ կառուցվել է 1231 թվականին, իսկ գավիթի հարավային պատին կից կանգնած է Սբ.Գրիգոր Լուսավորիչ փոքրիկ դահլիճ-եկեղեցին, որի կառուցումը թվագրված է 1241 թվականով: Գավիթից հյուսիս է գտնվում երկհարկանի զանգակատուն-գրատունը, որը նույնպես կառուցվել է 1241 թվականին` Մարտիրոս վանահոր կողմից: Գրատան երկրորդ հարկը` զանգակատունը, 1291 թվականին կառուցել են Գրիգոր և Զաքարե ճարտարապետները: Վանքի տարածքում առանձնակի աչքի են զարնում ասեղնագործ խաչքարերը, որ 13-րդ դարավերջի գործեր են և քանդակող վարպետը Պողոսն է: Վանքի հովանավորն է եղել 13-րդ դարի Հաթերքի իշխան Վախթանգի կինը` իշխանուհի Արզուխաթունը, ով մեծ նվիրատվություններ է կատարել համալիրին: Մասնավորապես, ինչպես հաղորդում է Կիրակոս Գանձակեցին, նա իր դուստրերի հետ Հիսուսի և սրբերի պատկերներով այծի աղվամազից վարագույր է գործել ու նվիրել: Նույն Արզուխաթուն տիկինը նմանատիպ վարագույրներ է գործել ու նվիրել նաև Հաղբատավանքին, Դադիվանքին ու Մակարավանքին: Մխիթար Գոշի օրոք այստեղ համալսարան է գործել, ուր դասավանդել են օտար լեզուներ, փիլիսոփայություն, քերականություն, երաժշտություն, ճարտասանություն, նկարչություն: Վանքը նաև գրչության կենտրոն է եղել: Այստեղ սովորել ու գործել են միջնադարյան հայտնի գործիչներ, պատմիչներ Կիրակոս Գանձակեցին և Վանական Վարդապետը: Վանքի դեմ-դիմաց է գտնվում սբ.Գևորգ եռախորան գմբեթավոր փոքրիկ եկեղեցին, որ կառուցել են Խաչատուր վարդապետն ու նրա եղբայր Բարսեղը` 1254 թվականին:

 

Մխիթար Գոշ

Մխիթար Գոշը միջնադարյան հայ գիտնական է` օրենսդիր, մանկավարժ, հասարակական գործիչ, առակագիր: Եղել է հայ եկեղեցու վարդապետ: Եղել է հայոց թագավոր Զաքարե Զաքարյանի խորհրդականը: Սովորել է հայ անվանի գիտնական Հովհաննես Տավուշեցու մոտ, ապա ճամփորդել դեպի Կիլիկիա, ուր թաքցնելով իր վարդապետի աստիճանը` սովորել է Սև լեռան բարձրագույն դպրոցում և կրկին արժանացել վարդապետի աստիճանի: Վերադարձել է հայրենիք, երկար դեգերումներից հետո հաստատվել Նոր Գետիկում: Զաքարե և Իվանե Զաքարյանների հովանու ներքո կառուցել է Նոր գետիկի վանական համալիրը, այստեղ բարձրագույն դպրոց բացել: Բազում աշխատությունների հեղինակ է, բայց առանձնակի արժեք են ներկայացնում նրա առակները և ՙԴատաստանագիրքը՚, ուր ամփոփել է Հայաստանի գործեղ օրենքները: Նրա ՙԴատաստանագրքից՚ հետագա ժամանակներում օգտվել են հարևան շատ երկրներ: