Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔ

Դիլիջանը առողջարանային քաղաք է Տավուշի մարզում, մարզկենտրոնից 35 կմ հարավ-արևմուտք, Աղստև գետի ափին։ Հեռավորությունը Երևանից՝ 100 կմ է։ Քաղաքը տեղադրված է Աղստև գետի ափին, Հալաբի և Փամբակի լեռնաշղթաների միջլեռնային հովտում՝ ծովի մակարդակից 1300-1330 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ցուրտ ձյունառատ ձմեռներով և տաք, համեմատաբար խոնավ ամառներով: Հունվարի միջին ջերմաստիճանը -2 է, հուլիսին՝ 18-20: Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը՝ 600-650 մմ է: Քաղաքի միջով հոսում է Աղստև գետը: Բնական լանդշաֆտները անտառներն են: Դիլիջանի մոտակայքում տարածվող անտառահատվածում ստեղծվել է Հայաստանի արգելանոցներից մեկը՝ Դիլիջանի ազգային պարկը: Դիլիջանը հանդիսանում է առողջարանային քաղաք և ունի մի շարք առողջարան-հանգստավայրեր: Դիլիջանում է գտնվում կոմպոզիտորների միության, կինոգործիչների ստեղծագործական տները: Բնակչության թիվը ըստ 2011 թվականի մարդահամարի նախնական է, մոտավորապես 18000 մարդ։ Դիլիջանի տարածքում կան 2 տասնյակ հանքային աղբյուրներ, որոնք ունեն երկաթ-հիդրոկարբոնատա-քլորիդ-նատրիումակալցիումական բաղադրություն։ Աղբյուրներից երկուսը շշալցվում են։ «Դիլիջան» և «Դիլիջան Ֆլորովա» հանքային ջրերն իրենց առողջարանական հատկություններով համարժեք են ֆրանսիական «Վիշի» և վրացական «Բորժոմի» հանքային ջրերին։ Դիլիջանի տարածքում և նրա շրջակայքում կան 32 ճարտարապետական հուշարձաններ։ Այդ հուշարձաններից առավել նշանավորներն են Հաղարծինը, Գոշավանքը, Ջուխտակ Վանքը, և Մաթոսավանքը, որոնք հանդիսանում են միջնադարյան հայ ճարտարապետության արժեքավոր կոթողներ։