Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՈՐՈՏՆԱՎԱՆՔ

Որոտնավանքը (Վաղատնի վանքը) գտնվում է Սյունիքի մարզի Վաղատին գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Որոտան գետի կիրճի եզրին: Դեռևս 4-րդ դարի սկզբին Գրիգոր Լուսավորիչն այստեղ սբ.Գրիգոր անվամբ եկեղեցի է կառուցել: Այն նշանավոր ուխտատեղի է եղել, և վայրը հայտնի էր բուժիչ հատկություններով, հատկապես՝ օձի խայթոցի դեմ իր զորավոր հատկությամբ: Այժմ սբ.Գրիգոր եկեղեցին գոյություն չունի: Վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից և օժանդակ կառույցներից: 1000 թ. Սյունյաց Շահանդուխտ թագուհին, Սուրբ Գրիգոր եկեղեցու մոտ կառուցել է թաղածածկ Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին: Այն ունի երկու ավանդատուն, աղոթասրահ և գավիթ: Վանքի Սուրբ Կարապետ եկեղեցին, կառուցել է Սյունյաց իշխան Սևադան 1007թվականին: Վանքի բակում, Տաթևի օրինակով, Շահանդուխտ թագուհին տեղադրել է սյուն գավազան, որը քանդվել է 1931թ. երկրաշարժի ժամանակ: Սուրբ Կարապետ եկեղեցին խաչաձև գմբեթավոր, եռախորան հորինվածք ունի: Նրա չորս անկյուններում գտնվում են ավանդատները: Եկեղեցին ներսից զարդարված էր որմնանկարներով: Պահպանված հատվածի վրա պատկերված է աստղազարդ կապույտ երկինք, կենտրոնում` հրեշտակ: Երկու եկեղեցիներին կից են սյունասրահները, որոնք ծառայել են որպես իշխանական տոհմի գերեզմանատուն: Այստեղ են թաղված վանքի հիմնադիրներ Շահանդուխտ թագուհին և նրա որդի Սևադան: Վանքը շրջապատված էր պարիսպով, որից միայն ավերակներ են մնացել: Վանքի բոլոր շինությունները կառուցված են տեղական բազալտից: Վանքը ավերվել է սելջուկ-թուրքերի և թաթար-մոնղոլների արշավանքների ժամանակ: Որոտնավանքը եղել է գրչության կենտրոն: Այստեղ ապրել ու աշխատել են հանրաճանաչ հայ փիլիսոփա Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին և այլն: