Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՎԱՀԱՆԱՎԱՆՔ

Վահանավանքը՝ Սյունաց աշխարհի այս հրաշքը կառուցվել է 911 թվականինՎահան Սյունի իշխանազունի կողմից, ով հրաժարվեց աշխարհիկ կյանքից ու կրոնավոր դառնալով՝ իր ճգնության համար կառուցեց այս վանական համալիրը: Ավանդույթը պատմում է, որ Վահան իշխանը դիվահար է լինում, այդ պատճառով հրաժարվելով աշխարհիկ կյանքից՝ ճգնում է: Երբ բուժվում է՝ ի նշան երախտագիտության կառուցում է այս հոյակապ վանական համալիրը: Վանական համալիրը գտնվում է Կապան քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք, Ողջի գետի աջ ափին, Տիգրանասարի լանջին: Վահանավանքի համալիրը բաղկացած է սբ.Գրիգոր Լուսավորիչ, սբ.Աստվածածին երկհարկ բազմասյուն դամբարան-եկեղեցուց, գավիթից, սեղանատնից, սյունասրահից: Վանքը շուտով բարգավաճում է՝ նվիրատվությունների հաշվին և դառնում տարածաշրջանի հոգևոր-մշակութային կենտրոններից մեկը: 11-րդ դարում Սյունաց Գրիգոր թագավորն ավելի կառուցապատեց, շենացրեց ու գեղեցկացրեց Վահանավանքը: Առանձնահատուկ գեղագիտական հմայք ունի գավիթը, որ կառուցվել է 11-րդ դարի կեսին Վահանավանքի վանահայր Վահան Ջևանշիրյանի կողմից: Այն երեք թաղակիր կամարներ ունի, որ կերտված են մեծ ամբողջական ժայռաբեկորից, որոնց վրա քանդակազարդ որմնախոյակներ կան: Գոտեվորված է զարդանաշխ քիվերով: Սբ.Աստվածածին երկհարկ եկեղեցին կառուցվել է Սյունաց Շահանդուխտ թագուհու կողմից նախ որպես դամբարան, ապա նրա վրա բարձրացրել են եկեղեցու շենքը: Վահանավանքի վիմական արձանագրություններում հիշատակվում են նաև սբ.Հարություն և սբ.Սիոն եկեղեցիները: Սակայն նրանք ավերված են և տեղը ստույգ հայտնի չէ: Միջնադարում Վահանավանքում դպրանոց է գործել, որտեղ ուսանել են Սյունաց աշխարհի շատ երևելիներ: