Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՈՒՂՏԱՍԱՐ

Հայաստանը մարդկային քաղաքակրթության սկզբնավորման վայրերից է: Դրա ապացույցը մարդկային ամենավաղ քաղաքակրթության՝ քարեդարյան հուշարձանների բազմազանությունն է Հայաստանի տարածքում: Քարեդարյան հուշարձաններից ժայռապատկերների մի զգալի մասը գտնվում են Սյունիքի մարզի Ուղտասար լեռան վրա: Ուղտասարը գտնվում է Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական հատվածում, ծովի մակերևույթից բարձր է 3300 մետր: Ուղտասարը գտնվում է Սև և Ալ լճերի միջև: Սարն այդպես է կոչվել՝ տեղանքի, սապատավոր ուղտի նմանեցնելու պատճառով։ Պատմում են նաև, որ ժամանակին լեռան լանջին ուխտավորները զոհաբերել են իրենց որսը, ապա այն պատկերել քարերի վրա, իսկ նախքան զոհաբերության արարողությունը երկար և դժվարին ճանապարհ անցել, մինչև զոհ մատուցելը՝ մարմնով մաքրվել Ուղտասարի լճերում։ Իրականում Ուղտասարը ոչ միայն զոհատեղի է, այլ նաև նախնադարյան ժամանակների մարդկանց ասոցիատիվ, պատկերավոր և գեղարվեստական մտածողության արգասիքն է, նրանց աշխարհընկալման, հոգեբանության, հավատալիքների և հմայությունների սրբատեղի քարեդարանն է բաց երկնքի տակ։ Ուղտասարի ժայռապատկերների գերիշխող մեծամասնությունը կազմում են այծերի պատկերները: Բեզոարյան այծը մշտապես նախնադարյան բնախույզի դիտումների տեսադաշտում գտնվող, Հայկական լեռնաշխարհում տարածված սլացիկ, գեղեցիկ կենդանին էր։ Այն ունի նաև իր ստամոքսում բուժական բեզոարներ ստեղծելու ունակություն։ Նախամարդը հասցրել է նկատել հոտի մեջ եղած այծերի վարքի դրսևորման զարմանալի այն առանձնահատկությունը, որ ուժգին կայծակի ու անձրևների ժամանակ, երբ հոտի մեջ խուճապ է առաջանում, այծը բարձրանում է ժայռի ամենաբարձր գագաթը, պարզում եղջյուրներն ու քարանում, այսպիսով իր վրա կրելով հարվածը՝ իբրև բնական շանթարգել։ Այծերը հատկապես տարածված են որսի տեսարաններում և հանդիսանում են մանր եղջերավոր անասունների հավաքական խորհրդանիշները։ Այծը ժայռապատկերներում հանդես է քալիս նաև որպես Աստծո-աստվածային Ոգու կենդանական խորհրդանշան և Աստված գաղափարի արտահայտիչ։ Հետևաբար այծագրերը մեկնաբանվում են նաև որպես աստվածային զորաց պատկերագրեր։ Ուղտասարի ժայռապատկերները համաշխարհային նշանակության հուշարձաններ են: Այն զբոսաշրջիկների սիրելի վայրերից է: Անցյալ 4-5 տարիների ընթացքում այս դժվար հասանելի վայր են այցելել բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնց հիացրել է ոչ միայն ժայռապատկերների արխաիկությունը, այլ նաև շրջակա գեղատեսիլ միջավայրը, սառնորակ վճիտ լճակները: