Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՏԱԹԵՎ

Տաթևի վանական համալիրը, որ ամենանշանավորներից է Հայաստանում, գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղում, Որոտան գետի վտակի աջ ափին, Երևանից 260 կմ հարավ: Տաթևում եկեղեցի է կառուցվել դեռևս 4-րդ դարի սկզբին, այնտեղ եղած Տիր աստծու մեհյանի տեղում: Նախաքրիստոնեական Հայաստանում այստեղ դպրանոց և աստղադիտարան է գործել: Տիրը հայոց դիցարանում գիտության հովանավոր աստվածն էր: 9-րդ դարում Սյունաց իշխանները հին եկեղեցու փոխարեն ձեռնամուխ եղան ներկա վանական համալիրի շինարարությանը: 906 թվականին արդեն օծվում է սբ.Պողոս-Պետրոս եկեղեցին: Նրա օծմանը ներկա են եղել հայոց, վրաց և աղվանից իշխողները՝ երկրի աշխարհիկ ու հոգևոր տերերը: Շատ իշխաններ մեծ նվիրատվություններ կատարեցին վանքին՝ նրան նվիրաբերելով հսկայական կալվածքներ, ինչն առաջացրեց գյուղացիների ըմբոստությունը և այդ պատճառով հենց Տաթևում 906 թվականին բռնկվեց աշխարհում առաջին գյուղացիկան ապստամբությունը: 13-14-րդ դարերում Տաթևի վանքն ուներ 677 հարկատու գյուղեր և Հայաստանի ամենահարուստ վանական համալիրներից էր: Տաթևի վանքը արագ դարձավ Հայաստանի ամենախոշոր վանական համալիրներից մեկը. Այստեղ գործում էին շուրջ 500 միաբաններ: Վանքում գործում էր բարձրագույն դպրոց՝ վարդապետարան, ուր դասավանդում էին իմաստասիրություն, երաժշտություն, ճշգրիտ գիտություններ… Վարդապետարան-համալսարանին կից գործել է մանրանկարչական դպրոց: 1170 թվականին վանքն ավերվել է սելջուկ հրոսակների կողմից և Սյունաց հոգևոր կենտրոնը Տաթևից տեղափոխվել է Նորավանք: Վանքը բաղկացած է սբ. Պողոս-Պետրոս եկեղեցուց, սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, սբ.Աստվածածին եկեղեցուց, զանգակատնից, գավազան-հուշասյունից, սեղանատնից, աշխարհիկ, հոգևոր և կենցաղային այլ շինություններից: Առանձնակի գեղազարդ է սբ.Պողոս-Պետրոս եկեղեցին՝ ուր պահպանվել են 10-րդ դարի որմնանկարչական արվեստի հազվագույտ նմուշներ: Տաթևի վանքը բացի հոգևոր-մշակութային կենտրոն լինելուց՝ նաև մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանի քաղաքական կյանքում: 18-րդ դարում Դավիթ-Բեկի, իսկ 1920-1921 թվականներին՝ Գարեգին Նժդեհի գլխավորած ազատամարտերի ժամանակ այն ապաստան ու կենտրոն է ծառայել հայ ազատամարտիկների համար: Վանքի անվանումը մի քանի ստուգաբանություն ունի. Ոմանք Տաթև անվանումը կապում են Հիսուսի աշակերտներից սբ.Տաթեոսի հետ, ով, իբր, քրիստոնեություն է քարոզել Հայաստանում: Անվան ստուգաբանության հետ կապված՝ հետաքրքիր ավանդույթ է պահպանել ժողովուրդը: Լենկ-Թեմուրը երբ պաշարել է Տաթևի վանքը՝ շրջական գյուղերի բնակիչները ապաստանում են եկեղեցում: Բայց քանի որ, եկեղեցում տեղը սահմանափակ էր՝ մարդիկ աղոթում են, որ աստված իրենց տա թևեր՝ թռչելու և Թեմուրի հորդաներից փախչելու համար, որից առաջացել է Տաթև անվանումը: Գիտնականների մեկ այլ խումբ Տաթևի վանքի ստուգաբանությունը կապում է նախաքրիստոնեական Հայաստանում այստեղ գործած աստղադիտարանի հետ: Վանքի ամենահետաքրքիր կառույցներից մեկն ինչ խոսք, ճոճվող սյունն է: Ճիշտ է, նրան շատերը վերագրում են միջնադարյան ծագում և համարում ես սոսկ կոթող, բայց գիտնականների մեկ այլ խումբ ճոճվող սյան տարիքը հազարամյակների խորքից է բխեցնում և դարձյալ կապում է աստղագիտության հետ: Ամեն դեպքում, ամեն տարի օգոստոսի 11-ին, երբ հայությունը նշում է Նավասարդը՝ նոր տարին, Հայկի համաստեղության (Օրիոն) աստղերը կեսգիշերին ուղիղ գիծ են կազմում ճոճվող սյան հետ… Տաթևի վանքը իր խորքում դեռևս շատ չբացահայտված գաղտնիքներ ունի…