Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՇԻԿԱՀՈՂԻ ԱՐԳԵԼՈՑ

Շիկահողի արգելոցը գտնվում է Սյունիքի մարզում՝ Խուստուփ լեռան հարավ արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերին, Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում, 700-2800 մ բարձրության վրա։ Այն հիմնվել է 1958 թվականին։ Տարածքը կազմում է մոտ 10 330 հա: Արգելոցի տարածքը մասնատված ռելիեֆ ունի։ Շատ են լեռնային գետակները և հանքային աղբյուրները։ Շիկահողի արգելոցը հարուստ է բուսական, կենդանական աշխարհի բազմազանությամբ: Այստեղ հանդիպում են բարձրակարգ բույսերի 432 ցեղի և 92 ընտանիքի 1100 տեսակներ, որոնցից 70-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Առհասարակ, արգելոցի գրեթե ողջ տարածքը անտառապատ է: Տարածված են արևելյան և սովորական բոխին, վրացական և խոշորառէջ կաղնիները, հատապտղային կենին, արևելյան հաճարենին, արևելյան սոսին (Կովկասում միակ սոսու պուրակը)։ Կան նաև վայրի պտղատու ծառատեսակներ՝ տանձենին, արևելյան խնձորենին, կենին, հունական վայրի ընկուզենին, լորենին, հացենին, թխկին, թեղին, սալորենին։ Ծառաթփային տեսակներից հանդիպում են բթատերև խնկենին, շագանակենին, կովկասյան խուրման, սովորական նռնենին, թզենին, զկեռենին։ Կան 18 տեսակի հազվագյուտ մամուռներ։ Հատկապես հայտնի է բարակ ֆաբրոնիան։ Սողուններից հայտնի են գյուրզան, ջրային և սովորական լորտուները, դեղնափորիկը, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը։ Թռչուններից տարածված են վայրի հնդկահավը, քարարծիվը, սպիտակագլուխ անգղը, կաթնասուններից՝ գորշ արջը, գորշուկը, վարազը, այծյամը, գայլը, աղվեսը, գորշ նապաստակը, լայնականջ ոզնին, երբեմն բեզոարյան այծը, հովազը։ Կենդանիներից շատերը նույնպես գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։