Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՄԱՐՄԱՇԵՆ

Մարմաշենի վանքը գտնվում է Շիրակի մարզում՝ Վահրամաբերդ գյուղի հարավ-արևմտյան մասում՝ Ախուրյան գետի ձախ ափին՝ Երևանից 140 կմ հյուսիս: Մարմաշեն անվանումը կապված է մարմար բառի հետ. Ճիշտ է, վանքը մարմարյա չէ, բայց այն այնքան գեղեցիկ ու ճաշակով հորինվածք ունի, որ ժամանակակիցները նրան տվել են նման անվանում: Մարմաշենի վանքը հռչակավոր Տրդատ ճարտարապետի գլուխգործոցներից է: Վանքը կազմված է գլխավոր՝ Կաթողիկե և կից փոքր եկեղեցիներից։ Գլխավոր եկեղեցին կառուցել է հայոց սպարապետ Վահրամ Պահլավուն 1029 թվականին։ Սելջուկյան արշավանքներից վանքը զգալի ավերվում է, սակայն 1225 թվականին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ապլղարիբ իշխանը վերանորոգում են Կաթողիկեն։ Մայր եկեղեցու պատերը և ներսից, և դրսից պատված են սրբատաշ կարմրավուն տուֆով, իսկ հիմքային մասերը շարված են բազալտով։ Արևելյան խորանը մշակված է որմնախորշերով։ Ճակատները մշակված են խոր լուսաստվեր ստեղծող եռանկյունաձև խորշերով։ Մարմաշենի վանքի Կաթողիկեն հայկական ճարտարապետության Բագրատունիների ժամանակաշրջանի լավագույն կառույցներից է։ Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հյուսիս է, գրեթե նրան կից, և, հավանաբար, վերջինիս հետ միաժամանակ է կառուցվել և իրենից ներկայացնում է Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունը թե՛ հորինվածքով, թե՛ ճարտարապետական մանրամասներով ու հարդարանքով։ Երրորդ եկեղեցին (XI դ) Կաթողիկեից հարավ է։ Այն, չորս անկյուններում ավանդատներով, կենտրոնագմբեթ կառույց է։ Ծառայել է որպես տապանատուն, այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին, որի այժմյան տապանաքարը դրվել է XIX դ.-ում։ Գավթից հարավ-արևմուտք 1954-56 թթ պեղումներից բացվել է վանքի չորրորդ եկեղեցին՝ արտաքուստ կլոր, ներսից չորս փոքրիկ ավանդատներով, քառաբսիդ հորինվածքով։ Համալիրի արևելքում և հարավում գերեզմանատունն է։