Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՍԱՆԱՀԻՆ

Սանահինի վանական համալիրը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում, Երևանից 170 կմ դեպի հյուսիս: Սանահին անվան ստուգաբանության վարկածներից մեկի համաձայն, այն սերտ կապ ունի կուժերի հետ, քանի որ հին հայերենում ՍԱՆ բառը նշանակել է կուժ: Ուստի, համաձայն այս վարկածի, թարգմանաբար Սանահին բառը նշանակում է հին կուժ: Այս մեկնությունը հիմնված է Աճառյանի բառարմատների ստուգաբանության հիման վրա, բայց այն չի կարելի համարել ճիշտ, քանի որ սա գիտական և պատմական մեկնություն չէ: Համաձայն ժողովրդական ավանդապատումների` Սանահինի վանքը այսպես է անվանվել, քանի որ այն ավելի հին է քան մոտակայքում գտնվող Հաղբատի վանքը, և ուստի անվանման նշանակությունը մեկնում են, որպես ՙՍա քան զնա հին՚: Սա նույնպես խոցելի մեկնություններ է. Իրականում մինչ քրիսիտոնեության մուտքը Հայաստան, ասյտեղ գտնվել է Անահիտ Աստվածամորը նվիրված տաճար, ուստի տաճարի անվանման տուգաբանությունը սերտորեն կապված է Անահիտ անվան հետ, և նշանակում է՝ Սա Անահիտ է: Համալիրի ամենահին կառույցը սբ. Աստվածածին եկեղեցին է: Կառուցումը թվագրվում է 930-ականներով և որի նախաձեռնողը Աբաս Բագրատունի արքան է: Որպես վանական համալիր, Սանահինը նշվում է միայն Ամենափրկիչ եկեղեցու կառուցումից հետո՝ 966 թ-ից: Եկեղեցին կառուցել են Աշոտ Գ Ողորմած արքան և Խոսրովանուշ թագուհին՝ իրենց որդիների՝ Գուրգենի և Սմբատի արևշատության համար: Սրա մասին վկայում են Ամենափրկիչ եկեղեցու արևելյան պատին պատկերված երկու եղբայրների քանդակը: Մեկ այլ՝ Սբ. Գրիգոր եղեկեցու կառուցման թիվը հայտնի չէ: Համաձայն մի կարծիքի, այն կառուցել է Դավիթ Անհողին արքայի դուստրը՝ Հրանուշ թագուհին 1061-ին: Այնուամենայնիվ, ճարտարապետական զննության արդյունքում, եկեղեցին վերագրվում է 980-ականներին: 10-րդ դարի վերջին, 11-րդ դարի սկզբին Ամենափրկիչ և Աստվածածին եկեղեցիների արանքում կառուցվել է Սանահինի կաճառը՝ ակադեմիան: Կաճառը կոչվել է Մագիստրոսի կաճառ, քանի որ այստեղ դասավանդում էր իր ժամանակի ամենաազդեցիկ ուսուցիչ և փիլիսոփա Գրիգոր Մագիստրոսը: Սանահինի բարձրագույն դպրոցը համբավավոր էր միջնադարում ոչ միայւն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Վանական համալիրի ամենակարևոր կառույցներից մեկը գրադարան-գրատունն է: Այն գտնվում է Սբ. Գրիգոր շրջանաձև հատակագծած եկեղեցու մոտ, Աստվածածին եկեղեցու հյուսիս-արևելքում: Կառուցվել է 1063 թվականին Կյուրիկյան Հրանուշ թագուհու հրամանով: Գրատունը հիմնականում ծառայել է որպես գրադարան, որտեղ պահվում էին բազում ձեռագրեր: Ցավոք միայն 30 ձեռագիր է պահպանվել և հասել մինչ մեր օրերը: Առանձնահատուկ ճարտարապետական արժեք ունի գավիթը, որ կառուցվել է 1184 թվականին: Գավիթի շինարարությանը մասնակցել են Լոռվա Կյուրիկե Գ արքայի դուստրերը՝ Մարիամը, Ռուսուդանը, Բորինան, ինչպես նաև Թամար Թագուհու մորաքույր Ռուսուդանը: Նրանցից յուրաքանչյուրը ֆինանսավորել է գավիթի 4 սյուներից մեկը: 1211 թվականին իշխան Վաչե Վաչուտյանը կառուցեց Ամենափրկիչ գավիթը: Գավիթի մուտքի ձախ մասում տեղադրված է Վաչէ Վաչուտյանի որդու՝ Քուրդ Վաչուտյանի և նրա կնոջ՝ Խորիշահի հիշատակին տեղադրված խաչքարը: Վանական համալիրի վերջին մեծ կառույցը զանգակատունն է: Այն համարվում է Հայաստանի ճարտարապետության մեջ ամենահներից մեկը: Սանահնի զանգակատան կառուցումը կատարվել է 13-րդ դարի սկզբներին: Հաջորդաբար, կառուցվել է նաև Հաղբատի զանգակատունը՝ 1245 թվականին: Սանահինի վանքի տարածքում են նաև Կյուրիկե Ա Կյուրիկյան արքայի շիրիմը, Զաքարյանների դամբարանը, բազում խաչքարեր, հոգևոր ու աշխարհիկ շինություններ: Սանահինի վանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում է: