Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՔՈԲԱՅՐ

Քոբայրի վանքը գտնվում է Լոռու մարզում, Քոբեր երկաթուղային կայարանի մոտ, Դեբեդ գետի ձախ ձորալանջին, բարձրադիր վայրում։ Կառուցվել է 1171 թվականին Կյուրիկյան թագավորության գահակալ Կյուրիկե Բ արքայի դուստրերի կողմից։ Հանդիսացել է միջնադարի կարևոր հայ գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը, որի հետ է կապվում XII դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը։ 13-րդ դարի սկզբներին վերածվել է քաղկեդոնական վանքի։ Վանական համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, զանգակատուն-տապանատնից ու սեղանատնից և շրջապատված է եղել բրգավոր, բարձրաբերձ պարիսպներով։ Շրջակայքում պահպանվել են բազմաթիվ մատուռների ավերակներ, խաչքարեր։ Քոբայրի հնագույն կառույցը Մարիամաշեն միանավ, թաղածածկ եկեղեցին է՝ տեղադրված համալիրի արևելյան մասում, ժայռի եզրին։ Ըստ պահպանված շինարարական արձանագրության՝ (1171), կառուցել է Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամը։ Եկեղեցուն հետագայում հարավից կցվել է ուղղանկյուն հատակագծով մատուռ։ Քոբայրի գլխավոր եկեղեցին (XII դ. վերջ – XIII դ. սկիզբ) գտնվում է վանքի հարավ-արևելյան մասում։ Ուղղանկյուն հատակագծով միանավ դահլիճ է՝ ծածկված կիսագլանաձև թաղով։ Աղոթասրահն արևելքից ավարտվում է կիսաշրջանաձև խորանով, որը լուսավորվում է երկու շարքով տեղադրված հինգ պատուհաններով։ Եկեղեցու արլ. ճակատը մշակված է քանդակազարդ պարակալներով պսակված պատուհաններով և ճակատի ուղղաձիգ առանցքը շեշտող բարձրաքանդակ խաչով: Գլխավոր եկեղեցուն հս-ից կցվել է մատուռ-ավանդատունը։ 1279-ին իշխան Շահնշահ Զաքարյանի որդի Մխարգրձելն և նրա կին Վանենին կառուցել են վանքի զանգակատուն-տապանատունը՝ արևելքում խորանով սրահ, ութասյուն զանգաշտարակով։ Հատակը ծածկված է տապանաքարերով։ Վանքի հյուսիսային կողմում, գլխավոր մուտքի դիմաց թաղածածկ, միանավ, երկրորդ եկեղեցին է (XIII դ.)։ Քոբայրի սեղանատունը (XIII դ.) գտնվում է տապանատուն-զանգակատնից արևմուտք։ Քոբայրը եզերող բարձր պարսպապատերից պահպանվել են միայն հս. և արլ. հատվածները։ Քոբայրը հռչակված է իր բարձրարվեստ որմնանկարներով, որոնց միայն չնչին մասն է պահպանվել։