Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՕՁՈՒՆ

Օձունը Հայաստանի մեծ, բազմամարդ գյուղերից է: Գտնվում է ՀՀ Լոռու մարզում, Ալավերդի քաղաքից 8, Երևանից՝ 165 կմ հեռավորության վրա: Օձուն անվան երկու ստուգաբանություն կա. Առաջինը գյուղի անվանումը կապում է օծել բառի հետ, երկրորդը՝ օձ բառի: Հայաստանում Օձ անվամբ այլ բնակավայրեր էլ էին հայտնի վաղ միջնադարում: Չի բացառվում, որ այն կապված լինի եկեղեցու տարածքում նախաքրիստոնեական Հայաստանում եղած հեթանոսական տաճարի հետ: Գուցե այն նվիրված է եղել Վիշապի պաշտամունքին, որից էլ առաջացել է Օձ՝ Օձուն անվանումը: Օձունը և շրջակայքը հարուստ են պատմա-ճարտարապետական հուշարձաններով: Գյուղի կենտրոնում է գտնվում 4--րդ դարի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին: Չնայած եկեղեցու կառուցումը ավանդությունը վերագրում է Հովհաննես Օձնեցի կաթողիկոսին, (8-րդ դար), բայց իրավամբ այն ավելի վաղ շրջանի գործ է: Այն կառուցել է Տրդատ 3-րդ արքան 303-313թվականներին: Հին եկեղեցին եղել է եռանավ բազիլիկ, ունեցել է գերանածածկ կղմինդրե տանիք: Եկեղեցու վերակառուցման մասին երկու տեսակետ կա, որոնցից մեկի համաձայն այն վերակառուցվել է 6-րդ դարի վերջին: Երկրորդ կարծիքի համաձայն Սբ. Հովհան Օձնեցին է եկեղեցու վերակառուցողը: Օձնեցին 720-ական թվականներին սկսել է այն, սակայն 728 թվականին մահացել է, և եկեղեցու վերակառուցումն ավարտել է Դավիթ Արամոնեցի կաթողիկոսը 735 թվականին: Սբ.Աստվածածին եկեղեցու աղոթասրահը ուղղանկյուն դահլիճ է: Արտաքին սրահը երեք կողմերից (հյուսիսային, արևմտյան և արևելյան) եզերում է աղոթասրահը: 4-րդ դարի եկեղեցուց թվով մոտ 20 հարթաքանդակներ կան ներկայիս եկեղեցու պատերի ու սյուների վրա: Այժմ դրանք իրենց գեղեցկությամբ զարդարում են եկեղեցին և մեծ արժեք են ներկայացնում, իսկ դրանցից չորսը անկրկնելի գլուխգործոցներ են: Սյուների և անկյունաքարերի սեյսմակայունությունը ապահովված են բազալտե թմբիկների միջոցով: Արտաքին կամարապատով սրահը, որը երեք կողմից շրջապատում է եկեղեցին, ճարտարապետական մեծ արժեք է ներկայացնում իր յուրօրինակությամբ ու շքեղությամբ: Զանգակատները կառուցվել են 1888 թվականին օձնեցի Զաքարե և Բաղդասար Աբովյան եղբայրների կողմից: Եկեղեցու պատերին կան վաղքրիստոնեական քանդակագործական արվեստի արժեքավոր մի շարք պատկերաքանդակներ: Արևելյան ճակատի կենտրոնական լուսամուտի պսակի գագաթին, արմավենու ոճավորված տերևների մեջ Քրիստոսի անդրին է՝ ձախ ձեռքով բաց գիրք բռնած, որի երկու էջերին Հովհաննեսի Ավետարանի առաջին խոսքերն են: Հարավային պատի լուսամուտի պսակին, երկու կողմերում սավառնող հրեշտակների հարթաքանդակն է, ներսում, մկրտության ավազանի խորշում՝ «Աստվածածինը Մանկան հետ» պատկերաքանդակը: Տպավորիչ է արևմտյան շքամուտքի շրջանակը՝ զարդարված խաղողի տերևի և ողկույզի քանդակների շարքով: