Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԼՈՌԻ ԲԵՐԴ

Լոռի բերդը գտնվում է Լոռու մարզում՝ Ստեփանավան քաղաքից մոտ 5 կմ հյուսիս-արևելք` Ձորագետի ձախ ափին։ Հեռավորությունը երևանից 164 կմ է: Բերդը հիմնադրել է Լոռվա Կյուրիկյան թագավոր Դավիթ Անհողինը 11-րդ դարի սկզբին։ Հիմնադրվելուց քիչ անց Լոռին դարձավ Կյուրիկյան թագավորության մայրաքաղաքը: Գտնվելով հյուսիսային առևտրական ճանապարհի վրա՝ Լոռին եղել է առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն միջնադարյան Հայաստանում: Առևտրական ճանապարհներով կապված էր Անիի, Դվինի, Դմանիսի, Տփղիսի և ուրիշ քաղաքների հետ: XI - XIII դդ. Ունեցել է շուրջ 10 հզ. բնակիչ։ 1105-ին Լոռին կարճ ժամանակով գրավեցին սելջուկները, 1118-ին՝վրացական զորքերը, այն իր շրջակա հողերով դարձավ վրաց Օրբելիների կալվածքը։ 1185-ին անցավ Սարգիս Զաքարյանին, իսկ նրա մահից հետո՝ որդիներին՝ Իվանե և Զաքարե Զաքարյաններին։ 1236-ի հունիսին մոնղոլական բանակը Չաղատա Նուինի գլխավորությամբ գրավեց և հիմնահատակ ավերեց քաղաքը, կողոպտեց Շահնշահ Զաքարյանի գանձերը, ավերեց Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը։ 1430-ից Լոռիին տիրում էին Օրբելյանները։ 1562 - 1734-ին Լոռին, որպես ռազմական կարևոր ամրոց, անցել է մե՛րթ թուրքերին, մե՛րթ պարսիկներին, երբեմն՝ վրացիներին։ Լոռի բերդը ընդգրկում է 35 հա տարածություն: Փռված է ընդարձակ, հրվանդանանման, ծովի մակարդակից 1490 մ բարձր սարահարթի վրա, Ձորագետ և Միսխանա գետերի միջև, որոնց խորը կիրճերը երեք կողմից անմատչելի են դարձրել ամրոցը։ Միջնաբերդի համեմատաբար դյուրամատույց կողմից՝ հյուսիս-արևմուտքից, ձգվել է 214 մ երկարությամբ, իրար հաջորդող կլոր և քառանկյունի աշտարակներով պարիսպ, որի հյուսիս-արևմտյան անկյունում է գտնվում բերդի միակ կամարաձև մուտքը։ Պարսպի լայնությունը տեղ-տեղհասել է 20 մ, բարձրությունը՝ 20 - 25 մ։ Պարսպի երկարությամբ փորվել է ջրի խանդակ: Կյուրիկյանները, ապա՝ Զաքարյաններն ու նրանց հաջորդները Լոռիում կառուցել են պալատներ, եկեղեցիներ, բաղնիքներ, արվարձանները քաղաքից բաժանող կիրճերում՝ կամուրջներ, կանգնեցրել խաչքարեր։ Կառուցվել է նաև գետնուղի, որը հասել է մինչև Միսխանա գետն ու ավարտվել աշտարականման կառույցով։ Այն օգտագործել են արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և անհրաժեշտության դեպքում խմելու ջուր ձեռք բերելու համար։