Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՀՆԵՎԱՆՔ

Հնեվանքը վանական համալիր է Լոռու մարզում, Կուրթան գյուղից արևելք, Ձորագետի աջ ափին։ Անվանումն ունի երկու բացատրություն՝ հին վանք և Հունաց վանք, քանզի Հնեվանքը հայ քաղկեդոնիկ եկեղեցի է եղել: Համալիրի կազմում եղել են երեք եկեղեցի, գավիթ, բնակելի, տնտեսական և օժանդակ շինություններ։ Գլխավոր եկեղեցին (VII դ.) արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, եռախորան գմբեթավոր կառույց է (արևմտյան ուղղանկյուն խաչաթևը չի պահպանվել)։ Ավագ խորանին կից ուղղանկյուն ավանդատներից հարավը ծածկված է խաչային, իսկ հյուսիսը՝ կիսագլանային թաղերով։ Թմբուկը դրսից ութանիստ է՝ հատած զույգ կիսասյուներին հենվող որմնակամարներով, որոնց կամարամիջոցներում քանդակներ են։ Եկեղեցին 1154-ին նորոգել է Սմբատ Օրբելյան իշխանը։ Արևմուտքից կից գավթից պահպանվել են միայն որմնախարիսխների մասեր։ Համեմատաբար լավ է պահպանվել եկեղեցուն հարավից կից, կիսաշրջանաձև խորանով, գմբեթավոր դահլիճ տիպի 13-րդ դարի եկեղեցին։ Գավթի հյուսիսային կողմի միանավ թաղակապ եկեղեցուց պահպանվել են խորանի մասը և պատերի երկու շարքը։