Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՀԱՂԲԱՏԱՎԱՆՔ

Հաղբատավանքը գտնվում է Լոռու մարզում, Երևան քաղաքից 200 կմ դեպի հյուսիս, Ալավերդի քաղաքից 20 կմ հեռավորության վրա: Այն միջնադարյան Հայաստանի խոշորագույն հոգևոր-մշակութային կենտրոններց է: Հաղբատավանքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Վանքի անվան հետ կապված մի քանի ստուգաբանություն կա. Հաղթական պատ, կամ՝ Հախ՝ իսկական պատ… իրականում բառն առաջացել է Հաղբ՝ շվայտ և ատանել բառերից՝ շվայտ կյանքն ատել… Հաղբատավանքի տեղում նախաքրիստոնեական Հայաստանում Տիրի տաճարն է եղել: Վկայություններ կան այստեղ՝ դեռևս վաղքրիստոնեական վանական համալիրի գոյության մասին: Իսկ վանքը ներկայիս տեսքով հիմնադրվել է 976 թվականին հայոց Աշոտ Գ արքայի և նրա կնոջ՝ Խոսրովանուշ թագուհու կողմից: Այստեղ բարձրագույն դպրոց՝ վարդապետարան է գործել, ուր դասավանդել են փիլիսոփայություն, հռետորություն, աստվածաբանություն, երաժշտություն, քերականություն… ընդօրինակել և նկարազարդել ձեռագրեր… մասնավորապես, այստեղ է ծաղկվել նշանավոր ,,Հաղբատի ավետարանը,,: Հաղբատավանքը միջնադարյան Հայաստանի ամենամեծ գրադարանն է ունեցել: Տասնյակ հազարների հասնող գրքերը պահպանվել են ոչ միայն վանքում, այլև շրջակա քարանձավներում գործող գրադարան-գրապահոցներում: Այստեղ գործել են ժամանակի նշանավոր մտածողներ Հովհաննես Իմաստասերը, Վարդան Արևելցին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Հովհաննես Իմաստասեր Պլուզը, ավելի ուշ՝ 18-րդ դարի վերջին՝ հայ աշուղական արվեստի արքան համարվող Սայաթ-Նովան: Վանքի գլխավոր կառույցը 976 թվականին կառուցված սուրբ Նշան եկեղեցին է, որ համարվում է հռչակավոր Տրդատ ճարտարապետի առաջին գլուխգործոցը: Այն խաչաձև գմբեթավոր շինություն է՝ կրկնահարկ ավանդատներով: Սուրբ Նշանում պահպանվում են 12-րդ դարի հազվագույտ, արժեքավոր որմնանկարներ, ուր հոգևոր տեսարանների հետ պահպանվել են նաև աշխարհիկ պատկերներ: Սուրբ Նշանի արևելյան ճակատին Սմբատ Բ հայոց արքայի և Կյուրիկե Ա Լոռվա թագավորի բարձրաքանդակներն են՝ եկեղեցու մակետը միասին բռնած ձեռքներին: Բացի Սուրբ Նշան տաճարը, վանական համալիրի մաս են կազմում նաև երկու գավիթ, երեք փոքրաչափ եկեղեցի, երկու միջանցք-տապանատուն, սեղանատունը, գրատունը, զանգակատունը, մի քանի մատուռ-դամբարաններ և խաչքարեր։ Համալիրը շրջապատված է աշտարակավոր պարսպով։ Նրա տարածքից դուրս են աղբյուրի շենքը և մի քանի փոքր եկեղեցիներ։ Սուրբ Նշանին արևմուտքից կից է մեծ գավիթը, որ կառուցվել է 13-րդ դարի սկզբին՝ 1185 թվականին Կյուրիկյան արքայադուստր Մարիամի հիմնարկած տապանատան տեղում։ Գլխավոր տաճարից հյուսիս վանահայր Համազասպը 1257 թվականին կառուցել է ընդարձակ մի գավիթ, այսպես կոչված, «Համազասպի գավիթը», որը արևելքից կցված է ոչ մեծ, թաղածածկ եկեղեցու։ Համազասպի գավթի արևելյան պատի հարավային մասին կից է գրատունը։ 11-րդ դարին այստեղ եղել է գրատան հին շենքը, որը 13-րդ դարին արմատապես վերակառուցվել է։ 13-րդ դարում տաճարի, Համազասպի գավթի և գրատան միջև ընկած տարածքը ծածկվել է թաղով և վերածվել տապանատան։ Նրա անմիջական շարունակությունն է տաճարի արևելյան երկայնքով ձգվող թաղածածկ միջանցքանման երկրորդ տապանատունը։ Այս երկու կառույցները հուսալի կերպով ապահովել են համալիրի շենքերը անձրևաջրերի հոսքից։ Համալիրի արևելյան մասում է զանգակատունը՝ կառուցված 1245 թվականին Համազասպ վանահոր կողմից։ Այն եռահարկ է՝ առաջին երկու հարկերում տեղավորված են յոթ աղոթարաններ, երրորդ հարկը սյունակազմ ռոտոնդա է։ Կառույցը աչքի է ընկնում իր ներդաշնակ համաչափություններով և հայկական ճարտարապետության անզուգական կոթողներից է: Վանքի տարածքում կան առանձնահատուկ ուշադրության արժանի այլ հուշարձաններ ևս. Դրանցից են՝ հյուսիս-արևմտյան մասում, պարսպի մոտ կողք-կողքի տեղադրված Ուքանանց տոհմի երեք դամբարանները (13-րդ դար), միջանցքանման տապանատունը, Սուրբ Նշան տաճարի հյուսիսային մուտքի մոտ տեղադրված «Ամենափրկիչ» խաչքարը (1273)՝ կանգնեցված աթաբեկ և ամիրսպասալար Սադուն Արծրունու պատվին: 1806-1813 թվականներին այստեղ է ապաստանել հայոց Եփրեմ Ձորագեղցի կաթողիկոսն ու փաստորեն, Հաղբատավանքն այդ թվականներին կաթողիկոսանիստ էր: Հաղբատում են իրենց շատ անվանի ֆիլմեր նկարահանել աշխարհահռչակ ռեժիսորներ Սերգեյ Փարաջանովն ու Յուրի Երզնկյանը: