Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ

Ստեփանավանի ,,Սոճուտ,, բուսաբանական այգին գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա, Երևանից 185 կմ հյուսիս, ծովի մակերևույթից շուրջ 1450 մետր բարձրության վրա։ Այգին հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ Ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 35 հա։ 1998 թվականին Բուսաբանական այգին ճանաչվել է որպես հատուկ պահպանման գոտի։ Բուսաբանական այգու տարածքը բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից` Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն։ Բույսերի բազմաթիվ տեսականիներ են ստացվել նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից։ Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ։ Իր գոյության ընթացքում ավելի քան 2500 բուսատեսակներ են փորձարկվել` ձգտելով գտնել նոր տեսակներ, որոնք կարող են աճել այստեղ։ Ներկայումս միայն 500 բուսատեսակ է հարմարվել այս ծայրահեղ բնական պայմաններ ունեցող տարածաշրջանում։ Հատուկ արժեք ունի կալիֆորնիական սեքվոյան։ Իրար մոտ տնկած 5 վիթխարի ծառերը դեռ երիտասարդ են և բարձրություն են հավաքելու մի քանի հարյուր տարվա ընթացքում։