Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԴՍԵՂԻ ԲԱՐՁՐԱՔԱՇ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ

Բարձրաքաշ սուրբ Գրիգոր վանքը գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղի մատույցներում, Ձաղիձոր գետի ձախ ափին, ձորալանջին, անտառի մեջ: Վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից՝ սուրբ Աստվածածին և սբ. Գրիգոր, գավիթից, մատուռից, Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցից: Սբ.Աստվածածին եկեղեցին Կաթողիկե կառուցել է Մարզպան Մամիկոնյան իշխանը: Նրան կից, հարավային կողմում, 1259 թվականին կառուցվել է քառասյուն գմբեթավոր գավիթը, իսկ հյուսիսից՝ կա 10-րդ դարի թաղածածկ դահլիճավոր, զույգ ավանդատներով եկեղեցի: Նրա ուշագրավ առանձնահատկություններից են հնգանիստ խորանն ու մույթերի փոխարեն զույգ սյուների կիրառումը։ Կաթողիկեն հարուստ է քանդակներով և մեծ թվով ընդարձակ արձանագրություններով, որոնք պատմական հարուստ տեղեկություններ են պարունակում։ Վանական համալիրի հարավային կողմում է գտնվում Սբ.Հարություն մատուռը, կառուցված 1204 թվականին: Նրա շուրջ գերեզմանոց է, որի տարածքում սփռված են բազում խաչքարեր: Սբ.Հարություն մատուռի մոտակայքում է նաև 1266 թվականին կառուցված ձիթհանքի փլատակները: Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանքը միջնադարյան Հայաստանի գիտակրթական կարևորագույն համալիրներից է եղել: Այժմ այն կիսավեր վիճակում է: Փլուզման պատճառը սողանքներն են եղել: