Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԱՐԴՎԻ. ՍՐԲԱՆԵՍԻ ՎԱՆՔԸ

Արդվի գյուղը գտնվում է Լոռու մարզում, Ալավերդի քաղաքից 19 կմ հարավ: Այնտեղ է գտնվում 8-րդ դարում Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի կառուցած սուրբ Հովհաննես եկեղեցին: Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը (718-728) հայոց պատմության երևելի դեմքերից էր: Նա ոչ միայն հոգևորական էր, այլև քաղաքական, մշակութային գործիչ և գիտնական: Բազմաթիվ շարականների և աստվածաբանական աշխատանքների հեղինակ է: Օձնեցու կարևորագույն գործերից է «Կանոնագիրք Հայոց»-ը` Հայաստանի եկեղեցական իրավունքի առաջին հավաքածուն: Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը հայոց կաթողիկոսներից վերջինն էր, ով սրբի կոչման է արժանացել եկեղեցու կողմից: Նա նաև միակ հայ կաթողիկոսն է, որ ինքնակամ հրաժարվել է կաթողիկոսական գահից: Մեծ վեհափառը ողջ կյանքը ներ է դրել հայ ժողովրդի ազատագրմանը, նրա բարգավաճմանն ու լուսավորությանը: Ինքը Հովհաննես Օձնեցին չնայած իր համեստ ու պարզ կենցաղին` միշտ շքեղ հանդերձավորված է եղել: Պատմությունն ավանդում է, որ արաբական խալիֆի ընդունելության ժամանակ խալիֆը տեսնելով նրա շքեղ ու ճոխ հանդերձանքը` ամոթանք է տալիս` նկատելով, որ քրիստոնյա հոգևորականին վայել չէ դա: Ի պատասխան` Օձնեցին ցույց է տալիս հանդերձանքի տակ` իր մարմինը պարուրող այծի մորթուց քուրձը և բացատրում որ շքեղ հանդերձանքը որպես իշխանության նշան սոսկ հպատակների մոտ տպավորություն գործելու համար է: Հովհաննես Օձնեցին ժամանակին աչքի է ընկել նաև պավլիկյանների դեմ ծավալած անհաշտ պայքարով: Վանական փոքրիկ համալիրը, որ տեղակայված է չքնաղ բնության գրկում, կառուցվել է յոթերորդ դարում և վերակառուցվել է 17-րդ դարում: Բաղկացած է երկու եկեղեցուց և զանգակատնից: Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցված է խոշոր, անկանոն քարերից: Եկեղեցու հարևանությամբ զանգակատունն է: Շրջակայքում Քալանթարյան ազնվական տոհմի գերեզմանատունն է, առհասարակ, գյուղը միջնադարում պատկանել է հենց Քալանթարյանների տոհմին: Վանքի տարածքում են գտնվում նաև խաչքարեր, քառակող կոթողը, տնտեսական և բնակելի շինությունների փլատակները: Եկեղեցիները միանավ թաղակապ փոքրիկ դահլիճներ են, որոնք հաղորդակցվում են երկայնական ընդհանուր պատի մուտքային բացվածքով: Հյուսիսային դահլիճը, որն ունի պայտաձև աբսիդ և քառակուսի աղոթասրահ, համաչափություններով ավելի փոքր է, քան հարավայինը: Մի ժամանակ այն մուտք է ունեցել նաև արևմուտքից, բայց ներկայումս այն փակված է: Երկու եկեղեցիների հորինվածքային տարրերը վկայում են, որ եկեղեցիները միաժամանակ չեն կառուցվել: Հյուսիսային եկեղեցին կառուցվել է ավելի վաղ, քան ամբողջ համալիրը: Հավանաբար այն վերակառուցվել է վանքի մյուս շինությունների կառուցման ժամանակ (ենթադրաբար XVII դարում): Զանգակատունը կառուցվել է XVII դարում վանքի հարավային մասում: Արդվի անվան ծագման հետևյալ բացատրությունը կա. հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը պարսիկների վրա Աղվանք արշավելիս անցնում է այս վայրերով: Նրա բանակի առաջապահ գնդերը առաջնորդում էր որդին, ով էլ գյուղի տարածքում հանդիպում է պարսկական զորաբանակի: Քաջարի որդին հարձակվում է, կոտորում պարսիկներին և հրամայում սպանվածների գլուխները կտրել: Երբ հասնում է Վարդան զորավարը հիմնական ուժերով` որդին պատմում է ճակատամարտի մասին և զեկուցում, որ հազար պարսիկ է սպանել: Սակայն հայրը չի հավատում: Այդ ժամանակ վիրավորված որդին պարսիկների գլուխները նետում է հոր ոտքերի տակ ու ասում. Առ, թվի... Մի այլ վարկածի համաձայն` գյուղի բնակիչները վաղ միջնադարում ներգաղթել են Արդվին քաղաքից: Կա երրորդ վարկածը ևս, համաձայն որի` գյուղը հնում կոչվել է Մելիքգյուղ: Երբ Հովհաննես Օձնեցի կաթողիկոսն Օձուն գյուղից հեռանում է անիծում է այդ գյուղը, և, Մելիք գյուղ գալով, ասում. «Արտվի` այսինքն Մելիքն առա և Օձունը տվի»: Առհասարակ, Հովհաննես Օձնեցին ավանդույթի համաձայն` չի սիրել Օձունը, քանզի օձնեցիք կաթողիկոսին շարունակ դավել են, և նա նեղսրտած հեռացել է` ասելով, թե այստեղ օձաբարո մարդիկ են ապրում: Արդվին հայտնի է նաև Օձի պորտ անվամբ: Այս անվանվան հետ գեղեցիկ ավանդույթ է կապված, համաձայն որի` մի կին ճանապարհին հանդիպում է մեծ վիշապ օձի և օգնություն խնդրում Հովհան Օձնեցուց: Օձնեցին սկզբից օգնության է ուղարկում իր յոթ աշակերտներին: Սակայն նրանք գնում են և չեն վերադառնում` զոհ դառնալով վիշապին: Ի վերջո սուրբն ինքն է գնում վիշապի դեմ: Նա հաղթում է վիշապին աղոթքով, ապա գավազանը զարկում է վիշապի գլխին ու ասում. «Թող քո պորտից բուժիչ ջուր դուրս գա, իսկ ինքդ քար դարձիր»: Այդպես էլ լինում է: Մինչ օրս գեղեցիկ ժայռից աղբյուր է բխում` բուժիչ ջրով: Մեկ այլ ավանդույթի համաձայն` Արդվի գյուղում, երբ Օձնեցին պատարագ է մատուցելիս եղել, մի վիշապ մոտակա լեռան վրայից մեծ աղմուկով ներքեւ է սողացել եւ սկսել գնալ դեպի գյուղ: Լսելով մարդկանց աղաղակները, Հովհանես կաթողիկոսը պատուհանից խաչակնքել է նրա ճանապարհը, եւ վիշապը տեղում անշարժացել է: Ապա պատարագն ավարտելով` քահանայապետը ձեռքն է վերցրել Գրիգոր Լուսավորիչին Հռոմի հայրապետի պարգևած Սեղբեստրոսի Սուրբ Նշանը եւ մյուս ձեռքի գավազանով հարվածել վիշապին: Ս. Նշանի զորությամբ եւ սրբի աղոթքներով վիշապը քարացել է: Սևագույն այդ քարաշերտն այժմ էլ մնում ժայռին հորիզոնական դիրքում կպած: Իսկ գավազանի հարվածի տեղից բուժիչ ջուր է ծորում: Այստեղ` վանքի տարածքում է նկարահանվել Ս. Փարաջանովի ՙՆռան գույնը՚ ֆիլմը: