Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԱԽԹԱԼԱ

Ախթալան փոքրիկ քաղաք է Լոռու մարզում, հեռավորությունը Երևան քաղաքից` 191 կմ: Հեռավորությունը Հայաստան-Վրաստան սահմանակետից` 30 կմ: Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը և Երևան-Թբիլիսի երկաթուղին անցնում են Ախթալայի տարածքով: Ախթալայում է գտնվում Կովկասի ամենահին գործարանը` լեռնահարստացման կոմբինատը, որ հիմնադրվել է 1763 թվականին: Համաձայն ավանդույթի` մթա 2-րդ դարում Ախթալա է այցելում հայոց Արտաշես Ա Աշխարհակալ արքան (189-160 մթա) և մտնում է պղնձի քուրաներ, որպեսզի տեսնի աշխատող վարպետների գործը: Վարպետներից մեկը տեսնելով արքայի ձեռքի գեղեցիկ մատանին, քուրայից պղնձի հալած շիթ է բարձրացնում, օդում կլոր շրջան գծում և ստանում արքայի մատանու նման մի մատանի: Հիացած թագավորը իր մատանին նվիրում է հմուտ վարպետին: Նաև այդ գեղեցիկ ավանդույթը հաշվի առնելով` մի քանի տարի առաջ Ախթալայի եկեղեցու տարածքում կանգնեցվեց աշխարհում առաջին ամուսնական մատանիների պղնձյա հուշարձանը: Առհասարակ, Ախթալայի տարածքում մարդը բնակվել է հազարամյակներ առաջ, որի վկայությունն են տարածքի բազում ժայռապատկերները: Ախթալայի պղնձով են պատրաստված Ամերիկայի Ազատության արձանը, որ ֆրանսիացիները նվիրեցին ամերիկյան ժողովրդին, Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի ճակատի չորս ձիերի քանդակները... այն առաջին դարում հայոց Տրդատ Ա թագավորն (52-88) է նվիրել Հռոմի Ներոն կայսրին: Բացի այդ, այսօր ախթալեցիները հավատում են, որ իրենց համաքաղաքացին է եղել Ֆրանսիայի մարշալ և նախագահ Շառլ դը Գոլը, քանզի 1880-ականներին նման ազգանունով հանքային ինժեներ է աշխատել Ախթալայում և տեղացիները համոզված են, որ նա էլ եղել է Ֆրանսիայի ապագա նախագահի հայրը: Ախթալան նաև Հայաստանի ամենաբազմազգ բնակավայրն է. այստեղ ժամանակին 18 ազգերի ներկայացուցիչներ են բնակվել: Ախթալա-Պղնձահանքը միջնադարում բազմամարդ բնակավայր էր. դրա վկայությունն են քաղաքի տարածքում պահպանված չորս ամրոցները: Այս ամենի հետ` Ախթալայի այցեքարտը դա սուրբ Աստվածածին եկեղեցին է: Ախթալայի եկեղեցին 1188 թվականին կառուցել է Լոռու Կյուրիկյան Կյուրիկե Գ արքայի կուսակրոն դուստրը` Մարիամը, և այդ մասին խաչքարի վրա թողել է համապատասխան արձանագրություն: Եկեղեցին կառուցված է թերակղզու ձև ունեցող բարձր սարավանդի վրա, ուր տեղակայված է Ախթալայի 10-րդ դարում կառուցված ամրոցը: Ամրոցի կառուցումը վերագրվում է Լոռու Դավիթ Ա Անհողին թագավորին: Ախթալայի ամրոցը ՀՀ տարածքում ամբողջական պահպանված եզակի ամրոցներից է` իր եռաշարք պարիսպներով, բուրգերով, աշտարակներով: Ամրոցի տարածքում է գտնվում նաև Հայաստանում եզակի պահպանված շինություն` Իվանե և Ավագ Զաքարյանների երկհարկանի պալատը, որն, իրավամբ, Հայաստանի տարածքում պահպանված միակ արքայական պալատն է: Ամրոցում, պալատի դիմաց պահպանվել է նաև բաղնիքը: Բաղնիքի պատերը ծեփապատ են, երևում են կավե և երկաթե խողովակները: Ախթալան Կյուրիկյան թագավորների դրամահատարանն էր: Այստեղ է հատվել Հայաստանի տարածքում հատված միակ հայատառ դրամը, որ պատկանում է Լոռու Կյուրիկե Բ (1048-1080) արքային: Հետագայում, Լոռու թագավորության անկումից հետո Ախթալան դարձավ վրաց Բագրատունի թագավորների դրամահատարանը: Սբ. Աստվածածին եկեղեցին քառանկյուն հատակագծով, խաչաձև գմբեթավոր կառույց է և առանձնանում է իր գեղեցիկ, վեհ տեսքով: Այն կենտրոնագմբեթ շինություն է: Եկեղցու արտաքին հարդարանքը զարդարում են վիթխարի մոնումենտալ խաչերը, որ ամենամեծն են Հայաստանի տարածքում: Եկեղեցին եզակի է իր որմնանկարներով: Այստեղ են գտնվում Հայաստանում մոնումենտալ որմնանկարչության ամենամեծ կտորները` շուրջ 960 քառակուսի մետր որմնանկարներ, որոնք թվագրվում են 13-րդ դարով և պատկերում են Հին և Նոր Կտակարանների առանձին դրվագներ: Որմնանկարների մեջ պահպանվել է վրաց Թամարա թագուհու հազվադեպ լավ պահպանված պատկերը: 1216 թվականին Ախթալայի եկեղեցում է պահվել Նորավանքի աստվածընկալ սուրբ խաչը, որ շատ վեճերի ու երկպառակությունների տեղիք է տվել: Ախթալայի վանական համալիրի տարածքում են գտնվում նաև Սուրբ Երրորդության վանքը, Առաքելոց կամ Սուրբ Գևորգ եկեղեցին, 13-րդ դարին վերագրվող ևս երկու եկեղեցիներ` վանքին հարակից տարածքում: Ախթալայում է գտնվում հայ մեծահարուստ և բարեգործ Միքայել Արամյանցի` 1903 թվականին կառուցած չքնաղ դղյակը: Ախթալայում են նկարահանվել Ս. Փարաջանովի ՙՆռան գույնը՚ ֆիլմի մի քանի հատվածներ: Տեղին է ասել, որ Ախթալան Հայաստանի միակ բնակավայրն է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձան չկա: Ուղղակի, քաղաքի բնակիչներից քչերն են մասնակցել պատերազմին, քանզի բնակչության հիմնական մասը աշխատել են կամ Ախթալայի հանքերում, կամ` երկաթգծում: Ախթալայում 2008 թվականից սկսած անց է կացվում ավանդական խորովածի փառատոնը: