Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ

Գեղարդավանքը՝ հայկական ճարտարապետության այս գլուխգործոցը, գտնվում է Կոտայքի մարզում, Երևան քաղաքից 35 կմ արևելք: Գեղարդավանք անվանումը կապված է այն փաստի հետ, որ ավանդության համաձայն, դարեր շարունակ այստեղ է պահպանվել գեղարդը, որով խոցել են խաչված Հիսուսին: Վանական համալիրը միջնադարյան աղբյուրներում հիշատակվում է նաև Այրիվանք: Շատերը բառի բացատրությունը կապում են այր՝ քարանձավ բառի հետ, քանզի իսկապես, այստեղ ժայռափոր ու քարանձավային եկեղեցիներ կան: Սակայն Այրիվանք բառը կարող է և այլ ծագում ունենալ՝ Արիվան-Արիավան՝ Արիների կացարան կամ բնակավայր: Եվ հաշվի առնելով փաստը, որ Գեղարդավանքի տարածքում ժամանակին մի քանի հեթանոսական տաճարներ են եղել և հայոց հնագույն հավատալիքների համաձայն Հայաստանը արի ցեղերի նախահայրենիքն է՝ այս բացատրությունն առավել տրամաբանական է հնչում: Եվ իրավ, Այրիվանքում մինչ օրս պահպանվում են հայոց դիցարանի Վահագն, Անահիտ, Ծովինար, Տիր, Միհր աստվածների պաշտամունքը խորհրդանշող կառույցներ ու սիմվոլներ: Ամեն դեպքում՝ Գեղարդում եկեղեցի հիմնադրվել է դեռևս 4-րդ դարի սկզբին՝ քրիստոնեության ընդունումից անմիջապես հետո: Գեղարդավանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր-մշակութային և գիտական խոշորագույն կենտրոններից է եղել: Վանքը ներկայիս տեսքն ստացավ 12-13-րդ դարերում, երբ Զաքարյան արքաներն ու իրենց հպատակ Վաչուտյան իշխանները կառուցեցին ու շենացրին համալիրը: Պահպանված հնագույն հուշարձանը պարսպապատերից դուրս , արևմտյան կողմում գտնվող XII դարի կիսաժայռափոր մատուռն է: Հիմնական հուշարձանախումբը ձևավորվել է XIII դարում, որն իր մեջ ներառում է գլխավոր եկեղեցին (կաթողիկե), կից գավիթը, ժայռափոր երկու եկեղեցիներ, ժամատուն-դամբարանը, խուցերը` պարփակված XVII դ. կառուցված պարսպապատի մեջ: Հայաստանի վիմափոր հուշարձանների մեջ Գեղարդավանքը ժայռակոփ արվեստի առանձնակի կառույց է: Գլխավոր եկեղեցուն կից` հյուսիսային հսկայածավալ ժայռի տարբեր բարձրությունների վրա, փորված են մի ամբողջ հուշարձանախումբ` երկու ոչ մեծ եկեղեցի, մեկ գավիթ (վերևում) և սյունազարդ ժամատուն-դամբարան (ներքևում): Վանքի շրջապատում կան գեղաքանդակ բազմաթիվ խաչքարեր և ժայռափոր խուցեր: Գեղարդավանքի կառույցների, նրա պատմության հետ կապված բազմաթիվ գեղեցիկ ու հետաքրքիր ավանդույթներ են մեզ փոխանցել հայ միջնադարյան պատմիչները: Այսօր էլ շատ անվանի մասնագետներ Գեղարդավանքը հիրավի, համարում են աշխարհի ութերորդ հրաշալիքը… Համալիրը 2000 թ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում: