Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԲՋՆԻ

Բջնի գյուղը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում, Երևան քաղաքից 35 կմ հյուսիս: Բջնին հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով: Այստեղ են գտնվում սբ.Աստվածածին, սբ.Գևորգ, սբ.Սարգիս եկեղեցիները, Բջնիի միջնադարյան ամրոցը: Բջնին պատմական աշխատություններում առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարից: Գյուղաքաղաքի վերելքը սկսվում է 11-րդ դարից, երբ այն անցնում է Հայաստանում Բագրատունիներից հետո ամենաազդեցիկը համարվող Պահլավունիների տոհմին: Նրանք կառուցեցին Բջնիի բերդը, եկեղեցիները, այստեղ հաստատեցին եպիսկոպոսական վիճակ, և Բջնին Միջնադարյան Հայաստանի կարևորագույն հոգևոր-մշակութային, կրթական կենտրոններից մեկը դարձավ: Բջնիի բերդը միջնադարյան Հայաստանի ամենաապահով պաշտպանական կառույցներից էր՝ ամուր պարսպաշարով, գետնանցումներով… Սբ.Աստվածածին եկեղեցին 1031 թվականին կառուցել է հայոց իշխան, միջնադարյան հայտնի զորավար ու գիտնական Գրիգոր Մագիստրոս Պահլավունին: Նույն թվականին Բջնիում եպիսկոպոսական աթոռ է հաստատվել, ինչը միջնադարյան Հայաստանում ամենաազդեցիկներից մեկը դարձավ: Նրան էր ենթակա ներկայիս ՀՀ տարածքի գրեթե ողջ կենտրոնական հատվածը: Սուրբ Աստվածածին եկեղեցին մեկ զույգ արևմտյան մույթերով գմբեթավոր դահլիճ է: Բազմանիստ թմբուկը պսակվում է հովհարաձև տանիք ունեցող գմբեթով: Գիպսե շքեղ շրջանակով երիզված Ավագ խորանի կենտրոնի խորշը եկեղեցու ճարտարապետական և հարդարանքի առանձնահատկություններից մեկն է: Հարկ է նշել նաև պատերի երկայնքով ձգված քարե բարձակային դարակները: Ենթադրվում է, որ նրանք նախատեսված էին վանքում ստեղծված բազմաթիվ ձեռագրերի համար: Վանքի տարածքում բազմաթիվ գեղեցիկ խաչքարեր կան: Բջնիի եկեղեցին մեծապես տուժեց Լենկ-Թեմուրի արշավանքների արդյունքում, սակայն 15-րդ դարում այն վերանորոգվեց ու վերականգնվեց նրա նախկին փառքն ու ազդեցությունը: 19-րդ դարում վանական համալիրի տարածքում դպրոցի և մի քանի այլ աշխարհիկ շինություններ կառուցվեցին: Բջնիի ուշագրավ վայրերից մեկը Ծակքար կոչվող ժայռն է, որն իսկապես բնության հրաշքներից է: Դա մի վիթխարի բնական կամար է, որը բացված է ձորի երկայնքով ձգված ժայռերի մեջ: