Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ....

Արցախի հանրապետությունը չճանաչված, փաստացի անկախ հայկական հանրապետություն է Կովկասի հարավային մասում, Հայաստանի հանրապետությունից հարավ-արևելք: ԱՀ արևմուտքից սահմանակցում է Հայաստանի հանրապետությանը, հյուսիսից և արևելքից՝ Ադրբեջանի հանրապետությանը, հարավից՝ Իրանի իսլամական հանրապետությանը: ԱՀ մայրաքաղաքը Ստեփանակերտն է, որի բնակչությունը կազմում է շուրջ 50.000 մարդ: ԱՀ իր անկախությունը հռչակել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին: ԱՀ տարածքը կազմում է 11.500 քառակուսի կիլոմետր: Բաժանված է վարչատարածքային ութ շրջանների: Շրջանները բաժանված են 242 համայնքների: ԱՀ բնակչությունը 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 141.400 մարդ: Բնակչության 98 տոկոսը հայերն են, ազգային փոքրամասնություններից բնակվում են ռուսներ, , հույներ, ուկրաինացիներ, վրացիներ: Արցախը վաղնջական ժամանակներից մաս է կազմել Հայաստանին: Այն պատմական Հայաստանի Արցախ աշխարհն է (նահանգը): Արցախը միջնադարում անբաժանելի մասն է կազմել Հայոց թագավորությունների: 17-րդ դարում, երբ Հայաստանի մյուս հատվածներում պետականություն չկար, Արցախում կիսաանկախ իշխանություն գոյություն ուներ: Այդ ռազմական միությունը կոչվում էր Խամսայի մելիքություն և կազմված էր հինգ առանձին իշխանություններից: Արցախը մաս է կազմել նաև 1918-1920 թվականների Հայաստանի առաջին հանրապետության: 1921 թվականին Խորհրդային Ռուսաստանը բռնակցեց Արցախը և միացրեց Ադրբեջանի խորհրդային հանրապետությանը: 1988 թվականին Արցախի հայությունը շարժում սկսեց՝ միանալու մայր հայրենիքին՝ Խորհրդային Հայաստանին: Դա հանդիպեց Ադրբեջանի և ԽՍՀՄ իշխանությունների ընդդիմությանը: Դաշնակից ունենալով Խորհրդային բանակը՝ Ադրբեջանը պատերազմ սանձահարեց Արցախում: Պատերազմի սկզբնական փուլում ադրբեջանական բանակը, որ կազմված էր 80.000 զինուժից, գրավեց Արցախի մի մասն ու հազարավոր բնակիչների սպանեց, վտարեց հայրենի երկրից: Սակայն Արցախի բանակը (25.000 զինուժ) համախմբվելով, ոչ միայն արժանի հակահարված հասցրեց Ադրբեջանական զորքերին, վտարելով նրանց Արցախի տարածքից, այլև ազատագրեց պատմական Արցախի մաս կազմող մի քանի շրջաններ ևս: 1994 թվականին պարտված Ադրբեջանի խնդրանքով զինադադար կնքվեց, որ պահպանվում է մինչ օրս: Արցախի ողջ տարածքը կտրտված է լեռնաշղթաներով. Մռավի լեռները, Գեղարքունյաց լեռները, Սյունիքի բարձրավանդակը, Արցախի լեռնաշղթան… որոնք բաժանվում են մանր լեռնաճյուղերի: Տարածքի գրեթե 40 տոկոսն անտառապատ է: Կենդանական և բուսական աշխարհը հարուստ է: Անտառներում հանդիպում է արջ, գայլ, հովազ, լուսան… Արցախի կլիման չափավոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը +11 °C է։ Ամենատաք և արևոտ ամիսների՝ հուլիսի և օգոստոսի միջին ջերմաստիճանն է համապատասխանաբար՝ +22 °C և +21 °C։ Ձմեռային ամիսներին միջին ջերմաստիճանը տատանվում է -1-ի և 0 °C միջև։ Բարձրադիր շրջաններում ձմռան եղենակը հաճախ բավական ցուրտ և ձյունառատ է։ Ջերմաստիճանի նվազագույնը՝ -23 °C։ Ամառային ամիսներին ջերմաստիճանի առավելագույնը 32-37 °C և 40 °C է համապատասխանաբար բարձրադիր և ցածրադիր շրջաններում։ Տարեկան տեղումների քանակը բարձրադիր վայրերում 560-840 մմ է, ցածրադիր վայրերում՝ 410-480 մմ։ Գարնանը, հատկապես մայիս և հունիս ամիսներին՝ առավելագույն տեղումների ժամանակ, հաճախ են լինում հեղեղներ և կարկտահարություն։ Բացի այդ՝ բարձրադիր վայրերում տարվա 100-ից 125 օրը մառախլապատ է։ Արցախի ընդերքը հարուստ է օգտակար հանածներով: Տնտեսության համար առանձնակի նշանակություն ունի բազմամետաղային հանքավայրերի արդյունահանումը, ինչը վերջին տարիներին Արցախի տնտեսության առաջատար ճյուղն է: Զարգացած է գյուղատնտեսությունը՝ հացահատիկային ցանքատարածություններ, այգեգործություն, պտղաբուծություն, անասնապահություն… Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ցամաքային ուղին անցնում է Հայաստանի հանրապետության տարածքով: Ստեփանակերտուիմ այժմ պատրաստ է շահագործման ժամանակակից նոր օդանավակայանը: Հայաստանի և ԱՊՀ երկրների քաղաքացիները ԱՀ կարող են մուտք գործել առանց վիզայի և անցագրի: Մնացյալ երկրների քաղաքացիները անցագիր կարող են ստանալ ԱՀ ներկայացուցչություններում և ԱՀ սահմանի վրա: