Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Կրոն

Հայաստանը աշխարհի առաջին քրիստոնյա երկիրն է: Դեռևս 301 թվականին Տրդատ Գ արքայի օրոք հայերը ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հայ առաքելական եկեղեցին աշխարհի հնագույն ազգային եկեղեցիներից է և պատկանում է Արևելյան ուղղափառ եկեղեցիների խմբին: Կենտրոնը ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում է, ուր հաստատվել է հայոց կաթողիկոսությունը 1441 թվականից: Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն հոգևոր պետը ամենայն հայոց կաթողիկոսն է: Հայոց եկեղեցին ունի նվիրապետական չորս աթոռներ. Մայրաթոռ սուրբ Էջմիածին, Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոսություն, Երուսաղեմի պատրիարքություն, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն: Բացի այս, աշխարհի բոլոր հայաշատ երկրներում հայոց եկեղեցին ունի թեմական կառույցներ: Համաձայն ավանդապատումի` առաջին դարում քրիստոնեությունը Հայաստանում քարոզել են Հիսուսի աշակերտներ Թադեոսն ու Բարդուղոմեոսը: Հայոց պատմությունը փաստում է նաև, որ դեռևս մինչև 301 թվականը` առաջին դարում, Եդեսիայի հայոց Աբգար թագավորն է ընդունել քրիստոնեություն, ով անձամբ նամակագրություն է ունեցել Հիսուսի հետ: Ինչևէ, փաստ է, արդեն առաջին դարում Հայաստանում կար եկեղեցի և ձևավորված քրիստոնեական համայնք: Ժամանակին կապված քաղաքական հանգամանքների հետ` բազմիցս փորձեր են արվել բյուզանդական եկեղեցու և Վատիկանի կողմից` վերացնելու հայ առաքելական եկեղեցու անկախությունը և ենթարկելու ուղղափառության կամ կաթոլիկության: Սակայն փորձերն անարդյունք են եղել: Բագրատունյաց թագավորության անկումից հետո` 11-րդ դարում, երբ Կիլիկիայում հայկական անկախ պետություն հիմնվեց, հայ եկեղեցու կենտրոնը` ամենայն հայոց կաթողիկոսությունը հաստատվեց Կիլիկիայում, սկզբից Հռոմկլայում, ապա` Սիսում: Սակայն Կիլիկիո թագավորության անկումից հետո` 1441 թվականին ամենայն հայոց կաթողիկոսությունը կրկին հաստատվեց Հայաստանում` Վաղարշապատում: Հայ եկեղեցին միաժամանակ հայոց մշակույթի դարբնոց է: Պետականության բացակայության պայմաններում հայ առաքելական եկեղեցին իր վրա է վերցրել ազգապահպանության, կրթության, գիտության զարգացման գործը: Միաժամանակ, եկեղեցու կանոնակարգը հիմք է դարձել հայ ժողովրդի մեջ ձևավորված ավանդական-իրավական հարաբերությունների: Հայոց հին դավանանքը.

Քրիստոնյաներից զատ Հայաստանում նաև հեթանոսական հոծ համայնք կա, որոնց կենտրոնը Գառնիի Մայր տաճարն է` կառուցված 78 թվականին: Հայ հեթանոսները, ովքեր իրենց արորդի են կոչում, հավատում են, որ հենց Հայաստանն է աստվածային արարչագործ երկիրը և Արարիչը աստվածներին արարել է հենց Հայաստանում: Հայոց հին հավատի համաձայն` գերագույն բարձրյալը Արարիչն է, իսկ Աստվածները օժտված են արարչագործ առանձին հատկություններով: Հայ արորդիները այսօր էլ նշում են բազմահազարամյա իրենց ծեսերը Հայաստանում և այցելելով մեր երկիր` դուք կարող եք ականատեսը, մասնակիցը դառնալ հայկական հեթանոսական ծեսերին: