Թող կարոտեմ քեզ…

Թող սիրելիս, թող կարոտեմ քեզ այսօր…

Բայց կարոտս հեռավորության ու չգոյի կարոտ չէ:

Այսօր կարոտում եմ մեր… Ապագան: Կարոտում եմ վաղվա համբույրդ, կարոտում եմ շուրթերիդ մրմունջը, կարոտում եմ աչքերիդ երջանկության կաթիլը, որ… վաղն եմ սրբելու իմ շուրթերով:

Թող հաշվեմ վայրկյանները, րոպեները, ժամերը, որոնք ավելացնում են կարոտս, ուժգին փոթորկի պես ինձ տարուբերում սենյակիս մթության մեջ, ու ստիպում, որ հոգուս աչքերը քեզ որոնեն…

Ու՞ր ես… չկաս…

Թող սիրելիս, այսօր կարոտեմ աչքերիդ թախիծը: Թող կարոտեմ լուռ հրավերդ, ամոթխած շիկնանքդ վաղվա…

Թող սիրելիս, կարոտեմ… Սերդ վաղվա, որ տաք է լինելու: Այնքան տաք, որ այտերիդ շիկնանքը չի դիմանա…

Թող կարոտեմ վաղվա երջանկությանը:

Թո՛ղ…

Բայց մի փախչիր ինձնից սիրելիս… մի՛ փախչիր… չէ՞ որ ես հոգուդ… ստվերն եմ… և խույս տալ իմ Կարոտից… անկարող ես:

Ես կարոտում եմ վաղվա կանչիդ… կարոտում եմ համեստ, ամոթխած ձայնիդ.

-Դուռը, հոգուս դուռը բաց է, ե՛կ…

Ես կարոտում եմ վաղվա Սիրուդ, Հոգի՛ս…

Facebooktwitterlinkedin