ԲԱԳՐԱՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

main20110112_1

Բարեգործությունը, գթասիրությունը հայի ինքնության մեջ է: Այն հայի կենսակերպն է:
Մանավանդ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայոց պատմությունը լի է հուզիչ, գեղեցիկ ու նվիրական պատմություններով, երբ առանձին հայ անհատներ, երբեմն` խմբեր, իրենց բարեգործությամբ, նվիրումով դարակազմիկ գործեր են ձեռնարկել…
Ահավասիկ, Միքայել Արամյանց, Ալեքսանդր Մանթաշյանց… տասնյակ անուններ կարելի է թվարկել…

Այս ֆոնի վրա մեկ պայծառ անուն, արժանավոր մեկ հայ կարծես ստվերում է…
Բագրատ Աբրահամի Նավասարդյան…
Բագրատ Նավասարդյանին կարելի է հակիճ ներկայացնել` բժիշկ, հասարակական գործիչ, ազգային, ազատագրական պայքարի մարտիկ… բայց թե ինչ է թաքնված այդ երեք բառերի տակ, ինչ լուսավոր անձնավորություն ու ազգային նվիրյալ` ցավոք, քչերին է հայտնի: Մինչդեռ նա արժանավորն էր արժանավորներից:
Բագրատ Աբրահամի Նավասարդյանը ծնվել է 1852 թվականի հոկտեմբերի 10-ին, Վաղարշապատում: Մանկությունն անցել է հայրենի քաղաքում, հաճախել տեղի ծխական դպրոցը, որն ավարտելուց հետո տեղափոխվել է Թիֆլիս ու կրթություն ստացել Ներսիսյան դպրոցում:
Խոսել Ներսիսյան դպրոցի կարևորության մասին, կարծում եմ, երբեք ավելորդ չէ: Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի հիմնած այս հաստատությունը տասնամյակներ շարունակ իսկական դարբնոց էր հարյուրավոր հայ երիտասարդների համար, ովքեր իրենք առաջին քայլերը հենց Ներսիսյան դպրոցից արեցին` դեպի գիտություն, հասարակական գործունեություն… Եվ Ներսիսյան դպրոցը, որ ժամանակին չէր զիջում Եվրոպայի լավագույն դպրոցներին, Բագրատ Նավասարդյանի համար նույնպես յուրահատուկ հարթակ հանդիսացավ` գիտելիքների մեծ պաշարով շարունակելու իր ուսումը:
Ներսիսյանն ավարտելուց հետո Բագրատ Նավասարդյանն ընդունվում է Պետերբուրգի բժշկական ակադեմիան, որն ավարտում է 1877 թվականին` վիրաբույժի որակավորմամբ:
Վերադառնալով Կովկաս` Բագրատ Նավասարդյանը որպես կամավոր մեկնում է ռազմաճակատ և մասնակցում ռուս-թուրքական պատերազմին: Այստեղ նա գործող բանակից զատ միշտ պատրաստակամ բուժօգնություն էր ցուցաբերում հայ գաղթականներին ու կարիքավորներին:
Սակայն միայն բժշկությունը չէր հայորդու կոչումը: Նա պատերազմի ավարտից հետո ակտիվորեն հասարակական գործունեությամբ է զբաղվում: նախ ներգրավվում է տարբեր դպրոցներում որպես հոգեբարձու, իր նպաստը բերում պատանի սերնդի ուսումնառության գործին:
Բարեգործությունը Բագրատ Նավասարդյանի տարերքն էր: 1880 թվականին նա Թիֆլիսում բացում է իր մասնավոր հիվանդանոցը: Աշխատանքներին ներգրավում է քաղաքի անվանի, ճանաչված բժիշկներին, ովքեր շաբաթական մեկ օր անվճար աշխատում էին հիվանդանոցում: Շուտով հիվանդանոցը մեծ համարում է ստանում ողջ Կովկասում: Ավելորդ չէ նշել, որ Բագրատ Նավասարդյանի հիվանդանոցում աղքատներն ու սոցիալապես անապահովները հետազոտվում և բուժվում էին բառառապես անվճար:
Նավասարդյանը գործուն վիրաբույժ լինելուց զատ նաև լավ տեսաբան էր: Ժամանակի հայկական մամուլում` Առողջապահական թերթիկ, Կավկազ, Մշակ, Տարազ, նա հանդես էր գալիս բժկությանն ու առողջապահությանը վերաբերվող հոդվածներով:
Նավասարդյանի կյանքի մեծագույն նպատակը հայության սոցիալական, կրթական, նյութական վիճակի բարելավումն էր: Նրա հավատամքով` այդ գործին պետք է լծվեն հասարակության ամենալայն շերտերը, մանավանդ հայոց կապիտալը, որ պետք է պատրաստակամ բացի իր քսակը հայության ամբոջական շահերի և խնդիրների լուծման նպատակով:
Հենց այդ ծրագիրը կյանքի կոչելու համար 1881 թվականին նա Թիֆլիսում ստեղծեց Կովկասի Հայոց Բարեգործական Ընկերությունը:
Այս իմաստով Բագրատ Նավասարդյանը հանդիսացավ մեկ այլ ազգանվեր գործչի ու բժկի` Դավիթ Ռոստոմյանի հոգեզավակն ու գործի շարունակողը, ով դեռևս 1864 թվականին Բաքվում հիմնադրել էր Մարդասիրական Ընկերությունը:
Կովկասի Հայ Բարեգործական Ընկերության ստեղծման աշխատանքներում Բագրատ Նավասարդյանին մեծ աջակցություն ցուցաբերեց իր հավատարիմ ընկերը` գրող Գաբրիել Սունդուկյանը, ում հետ միասին կազմեցին կազմակերպության կանոնադրությունը:
Ընտրվեց նախագահություն` կազմված հետևյալ անդամներից. Բ. Նավասարդյան, Ս. Արծրունի, Գ. Սունդուկյան, Յ. Չիթախյան, Ա. Մանթաշյանց, Վ. Մութաֆյան, Ս. Մելիք-Մեհրաբյան, բժ. Ա. Բաբայան, Գ. Եվանգուլյան, Ա. Հովհաննիսյան, Ա. Եզեկյան, Ա. Նահապետյան և Զ. Գրիգորյան:
Երբ ամեն ինչ պատրաստ էր` Թիֆլիսի ութ հայ մեծահարուստներ առաջին ներդրումները կատարեցին և կազմակերպությունն սկսեց իր գործունեությունը: Կարծում եմ, կարիք կա թվարկելու առաջին ութ նվիրյալների անունները ևս. Ալեքսանդր Անանյան, Հովհաննես Չիթախյան, Ալեքսանդր Մանթաշյանց, գեներալ Դմիտրի Տեր-Աստվածատրյանց, Ալեքսանդր Մելիք-Ազարյան, Հովհաննես Էմինյան, Գևորգ Լիանոզյան, Հովհաննես Անանյան:
Մեծահարուստ, մեծագույն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցն ընտրվեց կազմակերպության նախագահ, ապա, մի քանի տարի անց` ցմահ պատվավոր նախագահ:
Կովկասի Հայ Բարեգործական Միությունն իր տասնյակ ենթակառույցներով շուրջ չորս տասնամյակ ահռելի դերակատարություն ունեցավ հայության կրթական, սոցիալական, մշակութային կյանքում:
Բագրատ Նավասարդյանի գործունեությունը և հասարակական աշխատանքը չէր սահմանափակվում Կովկասով: Դեռևս 1882 թվականին նա ճամփորդեց Արևմտյան Հայաստանում, ծանոթացավ հայության սոցիալ-տնտեսական, ազգային խնդիրներին: Նա Կարինի Պաշտպան Հայրենյաց գաղտնի միության անդամ էր: Նավասարդյանը բարեգործական միջոցառումներ կազմակերպեց նաև Արևմտյան Հայաստանի մեծ քաղաքներում` Կարինում, Վանում… ինչպես նաև Կոստանդնուպոլսում:
Բագրատ Նավասարդյանի գործունեությունը չսահմանափակվեց բարեգործությամբ: Նա գիտության, լուսավորության տարածման ջատագով էր:
Հենց նրա ջանքերով, 1901 թվականին Թիֆլիսում հիմնվեց Մոսկվայի Հնագիտական Ընկերության Կովկասյան Բաժանմունքը: Այն շատ բանով նպաստեղ Կովկասում մասնավորապես, Հայաստանում հնագիտության զարգացմանն ու հնագիտական պեղումների կազմակերպմանը:
Բագրատ Նավասարդյանը չէր կարող անմասն մնալ հայության հուզող հարցերին: Երբ ցարական կառավարության հրամանագրով բռնագրավվեց հայ եկեղեցու գույքը, ողջ Կովկասում հակացարական ելույթներ սկսվեցին: Պայքարի առաջամարտիկների թվում էր նաև մեծ հայորդին: Միտինգի ժամանակ բուռն ելույթից ու անհնազանդության կոչերից հետո նրան ձերբակալեցին ու արտաքսեցին Կովկասից: Միայն երկու տարի անց, պայքարի հաղթական ավարտից հետո նա վերադարձավ Թիֆլիս ու վերսկսեց հասարակական գործունեությունը:
Մեծ բարերարն ու հասարակական գործիչը մահկանացուն կնքեց 1934 թվականին, Թիֆլիսում:

Վահէ Լոռենց

Տպագրվել է ,,Անկախ,, շաբաթաթերթում 2014 թվականի օգոստոսի 28-ին

Facebooktwitterlinkedin