Երկու եղբայրներ, տարբեր ճակատագրեր…

Պապս… Անթանես Սարիբեկի Անթանեսյան. Ծնվել է 1917 թվականին, Լոռվա Հաղբատ գյուղում: Բազմանդամ ընտանիք էին, 8 երեխա… Մայրը մահացել է վերջին ծննդաբերության ժամանակ, հորը սպանել են բոլշևիկները կուլակաթափման ժամանակ: Ութ երեխաներին մեծացրել է իր պապը՝ Լոռվա ձորում քաջ հայտնի Այնալուն՝ Սարգիս Անթանեսյանը, ով Հաղբատի 1903 թվականի հակացարական ապստամբության կազմակերպիչներից էր:

Պապս 1941-ից պատերազմի մասնակից է եղել: Կռվել է Թամանյան դիվիզիայում, 4 անգամ վիրավորվել: Տուն է վերադարձել 1946 թվականին: Ամուսնացել է, հինգ զավակ ունեցել…

Մահացել է 2004 թվականին…

Նրա կրտսեր եղբայրը՝ Ռուբենը, գերվել է գերմանացիների կողմից, ապա միացել է Դրոյի բանակին և անդամագրվել գերմանական զորքերի կազմում հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի ապահովության կռվող Հայկական լեգեոնին:

Պատերազմից հետո բռնություններից խուսափելու նպատակով ԽՍՀՄ չվերադարձավ: Ապրեց Գերմանիայում, ամուսնացել է մի բարոնուհու հետ… Երկու դուստրերը մահացել են անժառանգ:

Երկու եղբայրներ, երկու տարբեր ճակատագրեր…

Իմ պապե՛ր… անկախ ձեր գաղափարներից ու ձեր վաստակի չափից՝ խոնարհումս ձեր հիշատակին: Հարգում եմ ձեր անցած ուղին: Ես ձեր զավակն եմ…

Facebooktwitterlinkedin