ԳԵՐԱՆԴԻՆ

ԳԵՐԱՆԴԻՆ

Պապս մի մեծ գերանդի ուներ: Ինքը բոյով մարդ էր, դե գերանդին էլ պիտի բոյով լիներ: Գյուղում գերանդու նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կար: Նախ, հունձը ամենածանր, և գյուղացու համար թերևս, ամենապատասխանատու աշխատանքն էր: Բացի այդ` գյուղացիք միշտ կոլեկտիվ էին հունձ անում: Միասին էշով-քոչով բարձրանում էին Մեծ Տափը, հանում իրենց գերանդիներն ու… առաջ….
Հունձը միակ գործն էր, միակ աշխատանքը, որ մրցակցություն էր սիրում:
Մեր գյուղում վաղուց արդեն նալբանդ, դարբին չկար… գյուղը ավանի մի թաղամասն էր դարձել ու քիչ-քիչ ավանի էր նմանվում:
Շատերն անգամ իրենց բակի փայտյա հին, ցեցը կերած դռները մետաղական դռներով են փոխարինել, ու մոշենիներից կազմած վստահելի ու ապահով ցանկապատը փոխարինել փայտյա հավասարաչափ, սիրուն, բայց ամենևին էլ, ոչ ապահով ցանկապատով:
Ինչևէ, գյուղում շարունակ փոփոխություններ էին տեղի ունենում, բայց այդ փոփոխությունները ամենևին չէին ազդում հնձի ու գերանդիների վրա:
Խեղճ գերանդիներն այդ իմաստով իսկապես դժբախտ էին մի քանի տեսակետից: Նախ, ոչ մի զարգացում, դրական տեղաշարժ նրանց վրա չէր ազդում, ապա և` նրանք երբևէ չէին վերանորոգվում…. միայն գարնան գլուխ, հնձից առաջ հնձվորի անողոք ձեռքը մուրճի մի քանի հարվածով կամրացներ գերանդու կոթը, ապա իրենց գործը կանեին զնդանն ու սրոցը և….
Եվ գերանդին կաշխատի… Հմուտ հնձվորի ձեռքի տակ գերանդին երգում է…. Սըվ, սըվ… ամեն մի քաշելուց նա ավելի երգեցիկ է դառնում, ավելի արագ է սլանում….
Գերանդին իրեն երջանիկ է զգում խոտերի մեջ: Նա անգամ չի մտածում, որ մահվան գործիք է… որ հնձում ու սպանում է իր ճանապարհին հանդիպած, իր բերանն ընկած միլիոնավոր խորերին, երբեմն` օձերին ու մողեսներին:
Գերանդու համար միևնույն էր. երբ նա տարերքի մեջ է` շարունակ երգում է Սըվ- սըվ, սըվ-սըվ….
Եվ ոչ ոք գրեթե չի կարող կանգնեցնել երգող գերանդուն: Նրան կանգնեցնում է միայն սովը:
Հունձը ծանր գործ է… մարմնիդ բոլոր մկանները հավասարաչափ աշխատում են… մարզվում են գերանդու երգի ներքո` սըվ-սըվ… մկաններդ մրցում են միմյանց հետ, թե որ մասը ցցուն կդառնա, որ մկանը ավելի գեղեցիկ ձև կստանա….
Պապս մկանուտ մարդ չէր, բայց լավ էր հնձում: Հնձի ժամանակ կարևորը մարմնիդ մկանների հավասարաչափ ու թեթև աշխատանքն է…..
Հունձն անում են կիսամերկ: Հնձվորի հագին պիտի վարտիք լինի, մի ապաշոր գլխին` որպես հովանոց, ու վերջ: Շապիկ հագած չես կարող երկար հնձել….
Սովը բոլոր հնձվորներին հավաքում է մի տեղ:
Առանձին չեն ուտում: Թե գործը շատ է ու դաշտը հեռու` ուլ, գառ են մորթում: Թե փոքր, մեկ-երկու օրվա գործ է` տնից բերած պաշարները բացում են մի ընդհանուր սուփռայի վրա գցում ու տեղավորվում:
Երկար են նստում:
Հանգստանում են թե իրենք, թե գերանդիները:
Ու թե մինչ այդ հնձվորն էր լսում գերանդու երգը, հիմա գերանդին է լսում հնձվորին. նրա պատմությունները, նրա ծիծաղն ու հոգոցը… գերանդին նաև հնձվորի գաղտնապահ ու հավատարիմ ընկերն է: Աշխատանքի պահին հնձվորն ամեն քաշելու հետ մի հոգոց, մի հուշ ու մի գաղտնիք է վստահում գերանդուն….
Հավատարիմ շան պես նա միշտ տիրոջ կողքին է, որ հանկարծ անզգուշությամբ ինչ որ մեկի ոտքի տակ չընկնի, ինչ որ մեկին չվնասի:
Ու քանի որ ճաշի ժամին շոգ է ու հնձվորն էլ սիրում է քնել` գերանդին խաղաղ մեկնվում է իր տիրոջ կողքին, խոտերին ու քուն մտնում:
Նա գիտի, որ մի քանի ժամ ունի: Հենց արևը մայր մտնի` տերը կզարթնի, մի թեթև էլի կուտի, թան կխմի ու քիչ-քիչ կսկսեն նախապատրաստվել հնձին, որ կարող է ողջ գիշեր տևել` մինչ լուսաբաց:
Ու սկսում է գերանդու ցավը: Հնձվորը զնդանին է մեկնում գերանդու լանջն ու անողոք խփում մուրճով. Թիկ-թակ, թիկ-թակ…
Գերանդին տնքում է ցավից, գոռում է, նրա զնգոցից ձորերն են թնդում, բայց զուր…. հնձվորն ամենայն խնամքով անում է իր գործն ու գերանդին կախում ծառից:
Դեռ ժամանակը չէր հնձի… դեռ մի քիչ արև կար, սպասում են շվաքի անսպառ տիրապետությանը:
Էսա հնձվորների թոռները կհավաքվեն դաշտում…. Աղջիկ երեխեքը ծաղիկ քաղելու ու անասունը տուն քշելու նպատակով, իսկ տղաները` մրցելու:
Մրցելու երկու ձև կար տղաների միջև: Մինչ դաշտը հասնելը Տափի Քնթանի գլխից քար են շպրտում` տեսնեն ո՞վ հեռու կգցի, կհասցնի՞ արդյոք Դեբեդին: Հոգ չէ, թե ներքևում մարդիկ են անցնում, ապրում, աշխատում, կամ մեքենաներ են շարունակ երթևեկում…. ում էլ որ վնասես, շա՞տ գիտեն, թե ով էր….
Ի վերջո, էդ քարկտիկից հոգնած երեխեքը երբ հավաքվում են պապերի մոտ` պապերը նրանց կոխ բռնել են տալիս` թամաշ անելով….
Հաղթողի պապը բնականաբար, հրճվում էր, իսկ պարտվողինը խրատում ու պարսավում աննամուս թոռանը` չմոռանալով իհարկե, պատճառ բռնել նրա պարտությունը` ոչ վաղ անցյալում տարած ծաղիկով կամ խոզուկով….
Բայց այս ամենն իր վերջն է ունենում բնականաբար, ու երբ ստվերները բավական երկարում են` իրիկնաժամին սկսում է գերանդիների երգը` Սըվ-սըվ…սըվ-սըվ….
Ու այսպես անվերջ…
Տարօրինակ գործիք է գերանդին: Ի տարբերություն մյուս գործիքների` նա աշխատելով չի մաշվում: Ընդհակառակը. նա աշխատելով ավելի է թարմանում, սրվում, հմտանում…. ի տարբերություն գերանդին բռնած պապիս ափերի, որ հունիսին միշտ կոշտուկներով էին պատվում…..
Բայց գերանդու կյանքը կարճ է տևում… Մի քանի օր միայն: Մի գեղեցիկ օր պապս էշին դրեց գերանդին, Տափից իջեցրեց գյուղ: Նա դանդաղ, անշտապ բացեց արհեստանոցի դուռը, գերանդին ամրացրեց բարձր, սնարի տակով անցնող բարակ գերանին ու ձեռքն առավ եղանը…
19.05.2014
hncvor

Facebooktwittergoogle_pluslinkedin