ՏՈՐՔ  ԱՆԳԵՂ

Ղազարոս Աղայանն այսպես է նկարագրում Տորք Անգեղին․

․․․Տորքը չէր նման հասարակ մարդու,

Այլ մի աժդահա և շատ ահարկու,

Աչքերը կասես մի կապույտ ծով․

Ճաճանչավորված արևի լույսով․

Սև–սև ունքերը՝մութ ամպի նման՝

Բարդ–բարդ կուտակված աչքերի վրան․

Քիթը կորնթարդ իբրև մի բլուր,

Ատամներն ուրագ, եղունգները թուր․

Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,

Մեջքը սարաժայռ, կռները գերան,

Մի խոսքով՝ մի դև և ոչ թե հսկա,

Ոչ ոք տեսած չէր այսպես աժդահա․․․

Ահռելի էր նա և այնքան ուժեղ,

Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ․․․

Յուրաքանչյուր ազգի առասպել, դիցաբանություն, բնորոշում է այդ ազգի մշակույթը, կենցաղը, սովորույթները, երբեմն՝ օգնում բացահայտելու պատմության մոռացված էջերը…

Այսօր շատ են վեճերը Տորք Անգեղի կերպարի վերաբերյալ: Արդյո՞ք նա իրական պատմական կերպար է, գուցե՝ դի՞ց է, կամ՝ ուղղակի՝ առասպել ու ավանդազրույց…

Տորք Անգեղի մասին հիշատակում է քերթողահայր Մովսես Խորենացին: Նրա Հայոց Պատմություն աշխատության մեջ նշված է, որ Տորք Անգեղը Հայկ Նահապետի թոռ Պաքսամի որդին է: Տորքը կոպիտ կազմվածքով, ամեհի ուժով, բարձրահասակ, խիստ հայացքով հսկա էր, որի պատճառով նրան նաև Անգեղ են կոչել: Տորքը եղել է Անգեղատան կուսակալ-կառավարիչը:

“Իսկ զայր խոժոռագեղ և բարձր և կոպտարանձն և տափակաքիթ, խորակն և դժնահայեաց, ի զաւակէ Պասքամայ, ի Հայկայ թոռնէ, Տուրք անուն կոչեցեալ…”

Տարակարծությունների տեղիք է տվել նաև հսկայի անունը: Շատ ուսումնասիրողներ Անգեղ անունը կարդում են որպես տգեղ՝ ոչ գեղեցիկ: Ոմանք՝ Տորք Անգեղ անունը մեկնաբանում են որպես Տորքը՝ տուրք և ըստ այդմ՝ Անգեղ աստծու տուրք… կամ՝ Անգեղի տված պարգև:

Որոշ ուսումնասիրողներ էլ ավելի հեռուն գնալով՝ Անգեղ բառը կարդում են որպես Անգել՝ հրեշտակ, պնդելով, որ լատինական անգելն առաջացել է հայոց Անգեղ տնից, այս պատումը կապելով բիբլիական Ադամի և Եվայի հետ…

Զերծ մնալով այս տեսությունները քննարկելուց, մեկ բան աներկբա է, որ հնում Տորքին հայերը աստվածացրել են, կամ՝ ի սկզբանե նրան պաշտել են որպես աստված:

Յոթերորդ դարի հայոց պատմիչ Սեբեոսը նրա մասին գրում է. «…Անգեղ Տուն, … զոր ի ժամանակին յայնմիկ ազգ բարբարոսացն աստուած կոչեցին»:

Իսկ հայոց երկրում հայտնի էր Անգղի (Կարապի) պաշտամունքը:

Ներկայացնելով Տորք Անգեղին որպես իրական պատմական կերպար՝ Խորենացին գրում է, որ նա ձեռքով ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, դարձրել է տախտակներ, ապա նրանց վրա արծիվներ քանդակել:

Տորք Անգեղն իր ամեհի ուժի շնորհիվ հարկ չուներ զենք գործածել: Նա միաժամանակ մեղմ էր, հեզաբարո, բայց երբ առիթից օգտվելով, ոսոխը անցնում էր չափը՝ այդժամ հսկայի զայրույթը զսպելն անհնարին էր: Տորքը կերպարանափոխվում էր մեկեն ու կործանում բոլորին:

Համաձայն պատումի՝ թշնամու զորքը Պոնտական (Սև) ծովով մոտենում է Հայաստանին, ներխուժում երկիր և օգտվելով առիթից, որ հսկան հեռու է՝ ավերում են հայոց աշխարհը, սպանում շատերին և փախուստի դիմում:

Իմանալով լուրը՝ Տորք Անգեղը ծովափ է հասնում, երբ թշնամին արդեն հեռանում էր նավերով: Եվ հայոց հսկան լեռներից ժայռեր է պոկում և նետում թշնամու հետևից: Ծովն ընկած ժայռերից ուժեղ ալեկոծություն է առաջանում, որի պատճառով թշնամու նավերը խորտակվում են և թշնամին ոչնչանում է ամբողջովին:

Տորք Անգեղի պաշտամունքը Հայաստանի սահմաններից դուրս է եկել, տարածվել։ Նրա անվան հետ զուգակցվում են ոչ միայն փոքրասիական Տարքու աստծու անունը, նաև՝ սկանդինավյան Տորը, որը նույնպես զորեղ կերպար է և հանդես է գալիս մարդկանց պաշտպանի դերում։

Իսկ միջնադարյան հայ իրականության մեջ նրա կերպարից է բխել Անգեղ Տուն գավառը և Աղգեղյան նախարարական տունը։

 

Վահէ Լոռենց

 

 

 

Facebooktwittergoogle_pluslinkedin