Տիեզերքը մեր մեջ է…

Մենք ապրում ենք մի անսահման և անհասկանալի տարածության մեջ, որ տիեզերք է կոչվում: Մենք չենք հասկանում այդ տարածության մեծությունը, մենք երբեմն հերքում ենք այն. մենք հերքում ենք ինքներս մեզ: Մենք չենք ճանաչում ինքներս մեզ, մեր էությունը: Ոմանք, իհարկե, ըմբռնում են, որ ՙինչ որ բան ինչ որ տեղ այն չէ՚, սակայն խճճվում են այդ բազմաթիվ ինչերի և ինչուների մեջ:
Քչերն են տիեզերքը որոնում իրենց մեջ:
Կան մարդիկ, որ երկնում են: Ոմանք երկնում են առանց ցավի, առանց որևէ ճիգի, ու երկնում են որևէ ճիվաղի, որ կարող են հեշտությամբ ցուցամատի մի ցուցումով կամ գրիչի սովորական հարվածով ճակատագիր որոշել` պարգևել կամ դատապարտել:
Կան նաև երկնողներ, որոնց երկունքի արգասիքը ինքը տառապանքն է, աշխատանքը, տքնանքը: Նրանց պտուղը դժվար է հասունանում, այն չհասկացված, հերքված, չընդունված մի էություն է: Ու այդպես էլ մեռնում է` մահից հետո միայն… ապրելով իր իսկական կյանքը` Հավերժությունը: Այդ պտուղը հանճար է կոչվում:
Սակայն կան նաև այնպիսիները, որոնց անծանոթ են երկունքի ցավերը: Սովորաբար նրանք օժտված են լինում գերազանց լսողությամբ, տեսողությամբ ու այլ ընդունակություններով: Նմանները չունեն սեփական ոչինչ, բացի յուրօրինակ հաստակողությունն ու էգոիզմը, որ առաջնորդում է նրանց ցմահ: Նրանք յուրօրինակ մակաբույծներ են, որ յուրացնում, սեփականացնում են ուրիշների աշխատանքի արգասիքը: Նրանք նաև հաջողված ստախոսներ են ու խաբեբաներ: Հատկանշական է, որ նրանք առաջինն են հավատում սեփական ստեղծագործությանը` ստին: Ու հավատալով` ջանք չեն խնայում այն հրամցնելու ուրիշներին:
Տիեզերքը մեր մեջ է:
Բայց վերևում ամեն ինչ օրինաչափ է, ամեն ինչ համակարգված: Իսկ մեր մեջ ոչինչ օրինաչափ չկա: Մենք հերքել ենք ամեն ինչ, մենք հերքել ենք ամեն մի օրինաչափություն: Մենք հերքել ենք ինքներս մեզ:
Մենք ինքնակործանման ենք գնում: Ահա ամենամեծ տարբերությունը մեր հոգիների ու Տիեզերքի մեջ: Տիեզերքը հարատև է, Տիեզերքը հպարտ է իր անվերջանալի հանդարտությամբ, իսկ մենք ավելի հաճախ հպարտանում ենք մեր տափակ ու պրիմիտիվ լրբությամբ:
08.08.2000.
Հատվածներ հին Հուշատետրիցhushatetr

Facebooktwittergoogle_pluslinkedin