ՏԱՔՍԻՍՏԻ ՕՐԱԳԻՐԸ

Աշնան վերջին օրն է, և ես որոշեցի այն բարեգործությամբ անցկացնել: Հարուստ չեմ, որ եկեղեցի կառուցեմ, հնարավորություն չունեմ նաև, որ եղեռնի զոհերին նվիրված խաչքար կանգնեցնեմ, անունս վրան գրեմ ու փառաբանվեմ սերունդների կողմից, որոշեցի իմ համեստ միջոցներով մի բարեգործական ակցիա կազմակերպել: Տաքսիստ ընկերոջիցս վերցրի իր տաքսու տարբերանշանը, դրեցի հնամաշ մեքենայիս գլխին ու փողոց դուրս եկա՝ վճռելով, որ այսօր տաքսի եմ վարելու անվճար… որպես բարեգործ…

Ճիշտն ասած՝ ինքս ինձ դժվարությամբ համոզեցի տաքսի վարել. Դե, ազգս հայոց քամահրանքով է վերաբերվում տաքսիստներին. Շատախոս են, պարծենկոտ, խաբեբա, դրամաշորթ, և որպես կանոն՝ թափթփված ու փնթի…

Բայց, էլ ի՞նչ բարեգործություն, որ նաև զոհաբերություն չպահանջի: Դե, լարեցի կամքս, ուժերս ու… գործի դրեցի մեքենայիս շարժիչը…

Մեքենաս կանգնեցրին. Երիտասարդ էր, 28-30 տարեկան: Նստեց ու… առաջին միտքը որ ծագեց գլխումս, այս էր. տեսնես վերջին անգամ այս տղան ե՞րբ է լողացել…

-Հոպար, բարև՛…

-Բարև՛,-պատասխանեցի, ,,Հոպարից,, փոքր ինչ շփոթված, մանավանդ, որ մեր տարիքային տարբերությունն այնքան էլ, մեծ չէր:

-Գնացի՛նք:

-Ու՞ր,- հարցրեցի ես, դեռ չկարողանալով հարմարել տաքսիստի իմ դերին:

-Քշի երրորդ մաս, ցա՛վդ տանեմ…

Մեքենան հազիվ էր տեղից պոկվել, երիտասարդը գրպանից հանեց ծխախոտն ու վառեց:

-Մեքենայում ծխել չի՛ կարելի,-նկատեցի ես:

-Էդ ո՞նց… հոպա՛ր ջան, փողդ տալիս եմ, ո՞նց չի կարելի,-ըմբոստացավ հաճախորդս:

-Դու վճարում ես տեղափոխմա՛ն համար, բայց ո՛չ ծխելու,-կտրուկ ընդհատեցի ես:

Բացեց մեքենայի կողապակին, ծխախոտը շպրտեց դուրս, դեմքը ծամածռեց, դժգոհ արտահայտություն տալով, ասաց.

-Իմ պես տղին տենց բան չեն ասում, հոպա՛ր: Իմ պես տղեն, լավ, պրոստը…

Երևի երիտասարդին սաստեց չարացած հայացքս, նա խոսքը կիսատ թողած՝ պատուհանից դուրս նայեց:

Երևանյան լճի մոտով ենք անցնում: Մեկեն, երիտասարդը պայծառացավ.

-Ու՜խ, էս ինչ ծտեր են է՜… հոպա՛ր, սրանց հետ ո՞նց ես, հը՞, ու աչքով արեց…

Կանգառում իջեցրի ուղևորիս:

-Ինչքա՞ն եմ տալիս:

-Ոչի՛նչ,-անվրդով պատասխանեցի ես:

-Ինչի՞, մի քաշվիր հոպա՛ր ջան, ասա՛ գումարդ, կտամ, տենց տղա չենք…,- անակնկալի եկավ:

-Ոչի՛նչ, գնա՛,-մեղմ, բայց կտրուկ պատասխանեցի նրան:

-Լա՛վ, ցավդ տանեմ, իմացի, որ երրորդ մասում ինձ Սաք են ասում, հարց ըլնի՝ գտի՛, ասա՛, դու պրոբլեմ չունես,-դուռը փակեց, ու արագ հեռացավ…

Ծերեթելի փողոցի մոտ գտնվող ,,Երևան սիթիի,, մոտ միջին տարիքի տղամարդ կանգնեցրեց մեքենաս: Մոտեցավ, բացեց աջակողմյան դուռն ու…

-Ազա՞տ ես…

-Ազա՛տ եմ:

Լռելայն հետ գնաց, մեքենայիս դիմց կայանած թանկարժեք մեքենայի դուռը բացեց, երկու պայուսակ ձեռքին, մի պճնված կնոջ հետ մոտեցավ, բացեց մեքենայիս հետևի դուռը, կինը դժգոհ դեմքով տեղավորվեց, պայուսակները դրեց կողքն ու շարժվեցինք:

-Ու՞ր ենք գնում,-հարցրեցի:

-Նախ բարի եղեք հաշվիչը միացնել,-նկատեց Պճնամոլը:

-Հաշվիչ չունեմ, բայց անհոգ եղեք, շատ չեմ գանձի, – հանգստացրի նրան ու համենայնդեպս, նայեցի մեքենայի ցուցիչին:

-Ես ձեր հաշվիչին չեմ վստահում, դուք սաղըդ խաբեբաներ եք,-նետեց Պճնամոլն ու հայացքը ցուցադրաբար թեքեց պատուհանից դուրս:

Հայելու մեջ ուսումնասիրում եմ Պճնամոլին: Գեղեցկադեմ, միջին տարիքի կին է: Բայց դեմքի ամբարտավան ու ինքնահավան արտահայտությունն անհրապույր են դարձնում նրան: Ձեռքով հաճախակի շոյում էր հագի թանկարժեք մուշտակի օձիքը…

-Էդ անտեր անճաշակությունն անջատե՛ք,-արհամարհանքով արտաբերեց նա երաժշտության մասին: Հնչում էր Չայկովսկու ,,Կարապի լիճը,, բալետից մի հատված: Անձայն ենթարկվեցի այդ կարգադրությանն էլ:

-Անտեր ավտոն խափանվելու ժամանակ գտավ, փոխանակ վարորդին կանչի, տաքսի է կանգնեցնում անտեր շունը,-հիմա էլ՝ ամուսնու մասին…

Ցավոք, անկարող եղա երկար վայելել Պճնամոլի հոգու դրաման, քանզի մոտ 3 կմ վարելուց հետո   տեղ հասանք: Մեքենայիս դեմի նստարանին նետեց 300 դրամ, արագ բացեց դուռն ու հեռացավ, արտաբերելով.

-Մոտս մանր չկա, խոշոր փողա, չես կարող մանրել…,-անգամ չհասցրեցի ասել, թե սա բարեգործական տաքսի է…

Շարունակեցի ուղիս դեպի կենտրոն: Կայանեցի կայարանի մոտ: Մեքենայիս մոտեցավ 18-20 տարեկան գեղանի մի օրիորդ: Գեղեցիկ, համեստ արտաքինով, նազանքով… ուսանողուհի էր:

-Բարև՛ ձեզ, Շրջանային կտանե՞ք:

-Նստեք, իհարկե՛,-վերջապես, մի նորմալ հաճախորդ պատահեց:

-Ուշանում եմ, միայն՝ խնդրում եմ, արագ…

Նոր էինք շարժվել, երբ աղջկա հեռախոսին զանգ եկավ:  Ու այստեղ սկսվեց ամենահետաքրքիրը:

-Ջա՞ն, ոնց ես Արմինս… աղչի, ո՞նց անցավ երեկվա ժամադրությունդ… լավն էր: Հա, քեզ ասում էի, կպցրա դրան: Հարուստ տղայա, լավնա… աղչի, բա ես էլ լավ տժժացի….

Դասի՞ ես Արմնին: Հա՞ ես էսօր չեմ գա, լսի՛, կասես Սրբուկը հիվանդա, չի գալու: Հազիվ կարացա էսօր հարմարացնել, միասին գնում ենք Աղվերանի կողմերը… Հա, ջա՛ն, ապրես, դու էլ լավ բռնի Կարենիցդ, բաց չթողնես, տես հա՜…

Հեռախոսն անջատեց, ապա անվրդով դեմքով նայեց առաջ: Հասանք ,,Այրարատ,, կինոթատրոնի մոտ, շրջվեց դեպի եկեղեցին, խաչակնքեց երեք անգամ, ու դարձյալ ձեռքն առավ հեռախոսը. Այս անգամ զանգողն ինքն էր:

-Մա՛մ, մամուլս լա՞վ ես: Առավոտ քնած էիր, դուրս եկա, ասի չզարթնեցնեմ, մամ ջա՛ն… գիտես չէ՞, քո աղջիկն ինչքանա քեզ սիրում: Մամու՛լս, մոռացա երեկ ասեմ, էսօր մեր կուրսի Գայուշի ծնունդնա, կարողա ուշանամ, չհասցնեմ ավտոբուսին, կմնամ Կարինեենց տանը: Մամու՛լս, գիտես ինձ, անհոգ եղիր, քեզ պաչ….

Հոգոց հանեց, ինքնագոհ ժպտաց…

Իջավ համալսարանի մոտ:

-Որքա՞ն եմ վճարելու:

-Ոչի՛նչ, – բարեհոգի ժպտացի:

-Էդ ինչպե՞ս:

-Բարեգործական տաքսի է, անվճար ենք տեղափոխում:

-Վա՜յ, էդ նոր բանա՞,-անկեղծորեն զարմացավ բարեպաշտ ուսանողուհին:

-Այո, նո՛ր է:

-Վա՜յ, ինչ լավա, կլինի՞ Ձեր համարը տաք, ամեն առավոտ կզանգեմ, ձեզ հետ կայարանից կգամ դասի….

Արդեն հոգնած ու հիասթափված իմ նոր մասնագիտությունից՝ բռնեցի տունդարձի ուղին: Բայց, չդիմացա գայթակղությանն ու Արշակունյաց պողոտայում կանգնեցի, երբ միջին տարիքի երկու տղամարդ կանգնեցրին մեքենաս ձեռքի շարժումով:

Մոտեցան, մեկը տեղավորվեց դեմը, մյուսը՝ հետևի նստատեղին:

-Ա՛պ ջան, այրոպորտ կտանե՞ս…

-Կտանե՛մ,-ուրախացա ես, մանավանդ, որ Արգավանդում եմ բնակվում:

Ինձ թվաց, միասին ճամփորդում են, միմյանց մեջ էլ կընթանա խոսակցությունը, բայց ոչ, ուշադրության կենտրոնում չգիտեմ ինչու՝ ես էի:

-Ուրդու՞ տղա ես, ա՛պ:

-Երևանի,-կարճ կապեցի ես:

-Հա, լավա՞ ախպերս, մեջ մտավ կողքս նստածը: – Լավա՞ կյանքը:

-Վատ չէ, չեմ բողոքու՛մ,-փորձեցի խույս տալ խոսակցությունից:

-Է՜, ախպեր ջա՛ն, ի՞նչ կա էս անտեր երկրում, որ լավ ըլնի:  Կյանքն էնտեղ՝ դուրսն է… ամեն բան լավա, քո պես տաքսիստն էլա լավ ապրում, մեր պես տղեն էլ, մինիստրն էլ, Պուտինի պես լավ տղեն էլ…

Տեսնելով, որ թարս նայեցի՝ շարունակեց.

-Վատ չզգաս, ախպե՛ր ջան, մենք էլ ամեն ինչ արել ենք, առևտուր էլ ենք արել, տաքսի էլ ենք քշել, տո պետք ա եղել՝ բանվոր էլ ենք աշխատել, բայց հասել ենք սրան, որ էսօր լավ ենք զգում: Պուտինի պես տղայա պետք ստեղ, որ էս երկիրը երկիր դառնա… վեջդ չգցես, մենք որ հասել ենք, դու էլ կհասնես…

-Ի՞նչ ենք տալու,-հարցրին օդանավակայանում:

-Ոչի՛նչ,-արդեն գլխացավից տառապելով պատասխանեցի ես:

-Մի՛ վախի ախպեր ջա՛ն, գինդ ասա, էդ տղեն չենք, կտանք, ինքնաբավ ու լավ զգալով,  միմյանց նայելով, ասեցին միաբերան:

-Ոչի՛նչ,-կրկնեցի ու ցանկանում էի շրջադարձ կատարել դեպի տուն, գրպանից մի խուրց դրամ հանեց, ընտրեց երկու հատ հազար դրամանոց, գցեց նստարանին ու ինքնագոհ ասաց.

-Ա՛ռ, վեջդ չգցես, մի օր էլ քո գործը կհաջողի…

Տուն դարձա, հաստատ վճռելով, որ սա որպես տաքսիստ, իմ աշխատանքային գործունեության վերջին, միակ օրն էր…

 

Facebooktwittergoogle_pluslinkedin