ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՆՈՒՆՈՎ ՏՂԱՆ

201430700004988abf84b425390e2f8fec067f586e
Տարօրինակ անունով տղան ու լուսե անունով աղջիկը ծանոթացան համացանցի միջոցով: Տղան սեփական գործն ուներ, բավական հավակնոտ էր, բայցև՝ թույլ բնավորությամբ ու մտքով: Նա իր հավակնոտ չբավարարվածությունն ուզում էր լրացնել՝ համացանցը հեղեղելով անհամ հումորով ու կատակներով:
Աղջիկն աշխատում էր առաջատար ընկերությունում, խելացի էր, օժտված հումորի նուրբ զգացումով: Նա կարողացավ կարդալ տարօրինակ անունով տղայի հոգին ու դուր եկավ տղան նրան…
Ու աղջկա խորամանկ նախաձեռնությամբ, տղան նրան ընկերություն առաջարկեց համացանցում, ինչն աղջիկը, բնականաբար, անմիջապես ընդունեց:
Նրանց միջև թեթև ու անբռնազբոս խոսակցություն ծավալվեց:
Աղջիկը խորամանկ էր, նա գիտեր կյանքից վերցնել այն ամենն, ինչ անհրաժեշտ է իրեն: Տղան՝ միամիտ, փոքր ինչ հիմար, բայց հավակնոտ. Լուսե անունով աղջկա հետ համացանցային ընկերությունն իր մեծագույն նվաճումն էր համարում:
Իսկ աղջիկը աստիճանաբար սեղմում էր օղակը վարանոտ ու հավակնոտ տղայի շուրջ. Սեղմեց այնքան, մինչ վերջինս առաջարկեց.
-Լուսե անունով աղջիկ, եկ հանդիպենք, եկ սուրճ խմենք…
Լուսե անունով աղջիկը քիչ չեմուչում արեց, կոտրատվեց, ապա ի վերջո, համաձայնցեց.
-Մեքենա ունե՞ս:
-Ունեմ, ֆոլսվագեն…
-Ես էլ եմ կենտրոնում աշխատում, վեցից հետո գործն ավարտում եմ, ինձ հյուր եկ, մեր գրասենյակ, միասին սուրճ կխմենք…
Լուսե անունով աղջիկը լուսե միտք ուներ. Իր նպատակին հասնելու, տարօրինակ անունով տղային տիրելու համար նախ ուզում էր իր տիրույթում հանդիպել, տնտղել, ուսումնասիրել… և տղան եկավ…
Կլոր դեմքով, ծիծաղկոտ աչքերով տղան աղջկա համար շոկոլադ էր բերել: Ավանդական ձեռքսեղմումն ու շնորհակալությունը կարճ տևեցին: Լուսե անունով աղջիկը փակեց գրասենյակի դուռը, սուրճ պատրաստեց, ու նստեց տղայի դիմաց…
Խոսակցությունն ստացվում էր: Խոսում էին դեսից-դենից… աղջիկը նաև անթաքույց տնտղում էր տարօրինակ անունով տղային՝ նախապես վայելելով իր ակնկալիք կիրքը…
Լուսե անունով աղջիկը շատ կրքոտ էր: Իր անկառավարելի կրքերի համար շարունակ տարփածու որոնելով՝ ի վերջո կանգ առավ տարօրինակ անունով տղայի վրա. Փոքր ինչ մանկամիտ է, ֆինանսապես կայացած, նաև, որ ոչ պակաս կարևոր է՝ ամուսնացած է՝ իրենց հարաբերությունները կլինեն չպարտավորեցնող և անվտանգ՝ գաղտնիության տեսանկյունից:
Ժամ անց նրանք այնքան մտերմացել էին, որ լուսե անունով աղջիկն ուղղակի պատրաստ էր տրվել նրան… բայց մեկեն, մանկամիտ տղան ոտքի կանգնեց ու… Ես գնամ…
Ասաց վարանոտ, բայց… Լուսե անունով աղջիկը բաց էր թողել պահը… Լավ…
Հրաժեշտին տարօրինակ անունով տղան չվարանեց ու գրկեց լուսե անունով աղջկան, համբուրեց շուրթերը… աղջիկը չդիմադրեց, պատասխանեց համբույրով, բայց, մեղմ ու վճռական հետ հրեց տղային, երբ նա փորձեց ավելիին հասնել…
-Չէ, դու պահը բաց թողեցիր, փչացրեցիր ամեն ինչ, տարօրինակ անունով տղա,- ասաց աղջիկը մտքում…
Հաջորդ առավոտյան տարօրինակ անունով տղան վարանեց համացանցով բարևել լուսե անունով աղջկան: Նրան թվում էր՝ վատ բան է արել, նեղացրել է աղջկան: Բայց լուսե անունով ու մտքով աղջիկն ինքը ժպտերես բարևեց…
-Բարև, ոնց ես…
-Լավ եմ… նեղացե՞լ ես ինձնից…
Աղջիկը մտածեց, ու…
-Հա, նեղացել եմ, ու որպեսզի մեղքդ քավես՝ այսօր դու ես սուրճ եփելու: Շաբաթ է, կես օր եմ աշխատելու, ժամը երկուսին կլինեմ քեզ մոտ:
Տարօրինակ անունով տղան հուզմունքով, սրտի դողով գրեց իր հասցեն ու անմիջապես ոտքի կանգնեց՝ կարգի գցելու գրասենյակը…
Երկուսին լուսե անունով աղջիկն արդեն այնտեղ էր: Տարօրինակ անունով տղան Մասիսին նայող գեղեցիկ պատշգամբում սեղան էր բացել, տորթ, պաղպաղակ ու սուրճ դրել սեղանին…
Բայց լուսե անունով աղջիկն այլ բանի համար էր եկել…
Խորքի սենյակում, գրասենյակի մոտ նա կառչեց տղայի վարդագույն, փոքր ինչ մանկական շուրթերից… Համբույրը երկար տևեց… Աղջիկն այլևս չդիմադրեց, անգամ ավելին նախաձեռնեց, քան կարող էր երազել տարօրինակ անունով տղան…
Տղան երջանիկ էր, լիուլի բավարարված, աղջիկը՝ ինքնագոհ: Տղային թվում էր՝ նվաճել է աղջկան, աղջիկը՝ ինքնաբավ էր՝ հերթական տարփածուի գրկում…
Իսկ երեկոյան, երեկոյան տարօրինակ անունով տղան ու լուսե անունով աղջիկը դարձյալ համացանցով քննարկում էին այդ ամենն ու վիրտուալ տիրույթում իրար վայելում…
Նրանց երևակայությունն անսահման էր, ու ինչ չէին հասցրել ցերեկը՝ արդեն լիուլի համացանցում տրվում են իրենց հույզերին ու ցնորքներին…
-Էս ի՞նչ եմ լկտիացել, երևի կինդ անգամ քեզ նման բաներ չի ասում,- ,,համեստորեն,, նկատեց աղջիկը:
-Հրաշալի է,- իր հիացմունքը չէր թաքցնում տղան:- Բայց տեսականից հարկավոր է անցնել գործնականի…
-Քո դեպքում հակառակն եղավ,-մեղմ ժպտաց աղջիկը. Սկզբից գործնական, ապա՝ տեսական:
-Ի՞նչ է, դժգո՞հ ես գործնականից,-հոխորտաց տղան…
-Չէ, նստիր, հինգ…,-աղջկա գնահատականը խրախուսող էր…

08.09.2014

Դրվագներ ,,Լույս և ստվեր,, շարքից

Facebooktwittergoogle_pluslinkedin