ՏԱՏԻՍ ՁԵՌՔԵՐԻ ՑՈՐՆԱՀՈՏԸ

Շնողը մեծ գյուղ է՝ մոտ ութ հարյուր տուն: Ոչ բոլորն են մեկմեկու ճանաչում: Բայց Շնողը երկու հետաքրքիր առանձնահատկություն ունի: Ամեն թաղամաս կարծես մի առանձին շեն է, մի առանձին աշխարհ: Ու գյուղի ամեն տոհմ իր ներքին կենսակերպն ու բնույթն ունի:

Վենձ Քարի գլուխը Շնողնա հնագույն հատվածն է: Այն ընդգրկում է պատմական Կայծոն բերդի տարածքը:

Իսկապես անառիկ, գեղեցիկ ու վեհ տեսք ունի Վենձ Քարի գլուխը: Եռանկյունաձև մի սարավանդ, որին մի կողմից երիզում է Դեբեդի կիրճը, մյուս կողմից՝ փոքրիկ մի գետակ՝ Առվի ջուրը…. Կայծոն բերդ թափանցելու մի ուղի ուներ ոսոխը՝ Բերդի դուռը, բայց այն էլ ժամանակին ամրացված է եղել բարձր, բրգավոր պարիսպներով…

Կայծոն բերդի այս սարավանդի ծայրին մի գեղեցիկ ու չքնաղ, հսկա ժայռ կա՝ ասես ռնգեղջյուր է, որ կախված ձորի մեջ, սեպում է Դեբեդի հովիտը… Տեղացիք այդ վայրը Պոզ են կոչում…

Պոզից չքնաղ տեսարան է բացվում… Դեբեդի հովիտը, Գադա տափը, հեռվում՝ ձախ կողմում Գուգութն է, իսկ ավելի հեռվում Լալվարի գագաթն է հսկում կիրճի վրա:

Տարվա տարբեր եղանակներին տարբեր զգացողություն ես ունենում Պոզում…Գարնան թարմությունն այստեղ առաջինն ես զգում: Տաք ժայռերի մեջ առաջինն են գլուխ բարձրացնում խնջլուզին, ամոթխած մանուշակը…

Ամռան տապն այստեղ չի զգացվում, քանզի ձորի չորս կողմից քամի է խաղում…

Աշնան գույներն էլ Պոզից ավելի խիտ են երևում, ավելի բազմազան, ավելի նրբերանգ…

Իսկ ձմեռը… ձմռան պաղն էլ սարսափելի չէ… ողջ տարվա ընթացքում արևի ջերմությունը կլանած ժայռերը այն քեզ են վերադարձնում առատորեն…

Պոզը գյուղի ամենատեսարժան վայրն է, երիտասարդների ու սիրահարների սիրելի վայրը…

Այնտեղ ժամադրվում են, հանդիպում, համբուրվում: Պոզում ծերերն են հաճախ հանդիպում, անցած, գնացած ժամանակներին երանի տալիս, բոլոր հյուրերին գյուղի տարբեր ծայրերից պարտադիր Պոզն են բերում…

քարի գլխին ասես խառնվել են ժամանակները, պատմությունն ու իրականությունը… Միջնադարյան փլեկ եկեղեցու, մամռոտ տապանաքարերի հենց կողքին երկհարկանի տուն է խոյանում, տաս մետր անդին՝ կոլխոզի ժամանակվա մի հին կառույց, որ մանկանց համար թաքստոց է ծառայում Տապանուկի խաղալիս, կամ՝ հարմար գաղտնարան՝ թաքուն ծխողների համար….

Ինձ համար առանձնակի հմայք ունի Վենձ Քարի գլուխը: Այնտեղ՝ պապոնցս տանն է անցել մանկությանս մի ստվար հատվածը…

Պապիս տունը Կայծոն բերդի կենտրոնական հատվածն էր ընդգրկում, ասես միջնաբերդը:

Այն միահարկ, բայց մեծ ու կոկիկ տուն է, լայն, ընդարձակ բակով; Այնքան ընդարձակ, որ կարելի էր ֆուտբոլ խաղալ;

Պապս՝ Աշոտը, գյուղի դարբինն է եղել: Ճշտախոս ու ուղղամիտ մի մարդ: Պապս պատերազմի մասնակից էր, Լենինգրադի բլոկադան է վերապրել, այնտեղ ծանր վիրավորվելով: Պապս պատերազմում կորցրել է ծնոտը: Ու նրա համար նեմեցի կռիվը 1943-ին է ավարտվել… Գյուղ է եկել ու իր դարբնությունն արել: Շեն օջախ է եղել Մաժնանց Հայկի օջախը:

Մերոնք Արցախից են Շնող եկել 1796 թվականին: Արցախի Ջրաբերդից: Մեր նախնին՝ Մաժոն, Լոռվա քաջերից էր, Խուդիի, Ջիլավի, Պրանի, Բեկջանի, մյուսների հետ մեկտեղ՝ Լոռվա Մուտերն է պահել, հսկել, որ թուրքն ու լեզգին սիրտ չանեն մեր ձորերը մտնեն:

Մեր ցեղին գյուղում Դոխտուրանց են ասում: Պապիս հորեղբայրն է եղել անվանի գիտնական, թարգմանիչ, քերական, գրականագետ, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Հմայակ Ղազարի Մաժինյանը, կամ, ինչպես հայտնի է այլ անունով՝ Աֆանասի Լազարևիչ Մաժինովը… Նրա մոտ, Մաժնանց հարկի տակ հաճախ են հյուրընկալվել ազգի մեծերը՝ Աղայանը, Թումանյանը…

Պատմում են, երբ նա ծեր հասակում գյուղ է վերադարձել, հետը մեկ վագոն գիրք ու արխիվ է բերել;

Ափսոս, այդ ամենը փոշիացել է եռեսնականներին… բռնագրավեցին, տարան: Ու՞ր, ո՞ր ուղղությամբ…

Գենից է, ինչից է՝ Մաժնանց տոհմը խելոք մարդկանց պակաս չի ունեցել: Ի դեպ, Շնողում միշտ ուժեղ դպրոց է եղել: Այստեղ միշտ մրցակցել են լավ սովորելու, ուսում առնելու համար: Մարդիկ կարողություն ու հարստություն չեն դիզել, մարդիկ ցանկացել են սովորել. Ուսում առնել, որ գյուղին ու հասարակությանը պիտանի լինեն:

Շնողցու թասիբն ուրիշ է: Շնողցին աշխարհի որ ծայրին էլ լինի՝ շնողցի է մնում… թասիբի իր առանձնակի դրսևորմամբ, պատվի ու արժանապատվության զգացումով…

Պապիս տան բակի անկյունում արհեստանոցն էր: Այնտեղ միշտ կոկիկ էր, միշտ մաքուր: Մաքրությամբ փայլում էր անգամ զնդանը: Պապս խնամքով հոգ էր տանում, որ իր գործիքները միշտ տեղում լինեն, ով որ աշխատանքային գործիք էր խնդրում՝ ճիշտ ժամանակին վերադարձնեն… արհեստանոցում զինվորական, չէ՝ ավելին՝ իդեալական կարգ ու կանոն էր:

Չգիտեմ ինչու՝ պապիս արհեստանոցը միշտ ձգում էր ինձ… այն որպես կանոն՝ կողպած էր: Բայց երբ պապս գոգնոցը հագնում ու մտնում էր այնտեղ՝ գնում, նստում էի դիմացի ցանկապատի տակ ու անթաքույց հետևում պապիս աշխատանքին;

Նա ամեն բան խնամքով էր անում:

Պապս սակավախոս էր: Եթե անգամ իրեն որևէ բան էր անհրաժեշտ, մեզ՝ թոռներիս չէր ուղարկի ասենք, մեկ բաժակ ջուր բերելու: Ի՛նքը կգնար…

Պապս քիչ էր խոսում, բայց նրա խոսքն ազդու էր ու կտրուկ: Ես երբեք պապիս չեմ տեսել հայհոյելիս: Միայն՝ Թու ես ձեր… մնացածը կուլ էր տալիս… գոնե՝ մեր՝ թոռներիս մոտ:

Սակավախոս էր նաև տատս՝ Սանեթը:

Լճկաձորցի ռանչպար Սիրադեղանց Բադալի աղջիկն էր: Միջնորդով էին ծանոթացել, իրար հավանել, ուզել… Տատս հինգ զավակ է ունեցել: Մայրս՝ միակ աղջիկը, երկրորդն էր:

Մաքրակենցաղ կին էր տատս: Նրա տան ամեն մի պուճախը կոկիկ էր, հարդարված, ամեն բան իր տեղն ուներ, ամեն իր, առարկա միշտ փայլում էր…

Տատս թաղի լավագույն հացթուխն էր: Նրա ձեռքերից, փեշից, գոգնոցից, միշտ ցորնահոտ էր գալիս: Ցորնի ու մեր փռի անուշ հոտը…

Շաբաթը մեկ վառում էր փուռը, ալյուրը տաշտը լցնում, հունցում, ապա աջ ձեռքով անեկ խմորի վրա խաչ հանում՝ Իստոց-Քրիստոց, ես գնամ ցախի՝ դու՝ քցախի…

Ինքն էլ չգիտեր, թե ինչ է ասում, իր մորից՝ Նաբաթ բաբոյից էր լսել…

Երբ տատս հաց էր թխում, հարևանները՝ Ավետանց, Ղազնանց, Հոբոսանց հարսները հավաքվում էին տատիս շուրջ: Համ, հազիվ փուռը վառ էր, իրենք էլ կթխեին, դե, ոչ բոլորը փուռ ունեին, համ էլ՝ Սանեթ տատիցս մի բան էլ, ավել կսովորեին:

Իսկ տատս հաճույքով էր անում, սիրով էր իր փորձը փոխանցում թաղի հարսներին: Նա բոլորի նկատմամբ սիրով ու հարգանքով էր, թաղում էլ բոլորը սիրում էին տատիս՝ Սանեթ ձալոյին:

Երբ փռից դուրս էր գալիս առաջին տաք հացը, տատս անդաստանի ծես էր անում, ալյուրոտ ձեռքին տաք հացը թռցնելով, պտտվում էր չորս կողմ, ապա դնում տաշտին, որ հովանա, մինչև որ ճամփով մեկը կանցներ:

Երբեք առաջին հացը չէր կիսի, մեզ՝ թոռներիս չէր տա: Օրենք է՝ առաջին հացը կա՛մ անցորդինն է, կա՛մ հարևանինը…

Մենք լավ էինք սերտել այդ օրենքն, ու սրտատրոփ սպասում էինք, թե տատը երբ է փռից հանելու երկրորդը, երրորդը…

Շատ ժամանակ ճմբուռ էինք անում՝ հալած յուղի կամ կարագի մեջ բրդում էինք տաք հացն ու վայելում:

Տատս լավ խոհարար էր: Նա ավանդական ուտեստ շատ էր պատրաստում:

Հատկապես ճոխ էին նոր տարվա սեղանները: Իսկ հունվարի վեցին միշտ ծանդիլ էր պատրաստում՝ ընդեղենով ապուր, առանց յուղի…

Տատս լավ թթու էր դնում:

Տան հետևի հատվածում խորդանոցն էր՝ տատիս Պադվալը: Նրա դուռը միշտ փակ էր, կողպած, բայց կողպեքի բանալին կա՛մ սնից կախված էր, կա՛մ պատի մի քերծում դրած, ու բոլորը գիտեին նրա տեղը:

Տատս նաև արաղ էր քաշում:

Թութը թափ տալը, հավաքելը պապիս գործն էր, բայց արաղ քաշելը տատս էր անում:

Պղինձը դնում էր, նավը ջուր քաշում, պղնձի տակ կրակ տալիս ու… կես ժամ անց թթի արաղը ծլթծլթալեն վեր էր գալիս…

Մեկ-մեկ արաղի պղնձի տակ կարտոֆիլ էր խորովում, մեզ կամ անցորդներին տալիս…

Տատս լավ չէր լսում: Թունավորվել էր, գրեթե իսպառ կորցրել լսողությունը: Երբ բան էինք ասում նրան՝ գոռում էինք ականջի տակ: Գուցե նաև այդ պատճառով՝ սակավախոս էր… բայց տատիս աչքերը՝ միշտ բարի ու ջերմ աչքերը, շատ բան էին պատմում…

Նա սիրալիր էր ամենքի հանդեպ, անգամ՝ չէր անիծում… հա, մի փոքրիկ բացառություն: Հավերին անիծում էր՝ Էն գյուլլա դիպածները ձու չեն ածում…

Պապս ու տատս մեծ վիշտ ունեին, 33 տարեկան ավագ որդուն՝ իմ քեռի Ժորիկին էին կորցրել:

Այդ պատճառով նրանք իմ մտապատկերում միշտ տխուր էին, միշտ թախծոտ…

Իրենց որդու սերը նրա զավակներին էին փոխանցում, բայց, մեկ է՝ կիսատ էր…

Պապս վերջին տարիներին շատ էր տկարացել: Ոտքը քարշ էր տալիս:

Ձմռան մի օր մահացավ պապիս հորեղբոր որդին: Գնացինք թաղմանը: Թաղման օրը մահացավ պապիս քույրը՝ Մարգոն…

Պապս շատ տխուր էր: Երբ ավտոյով պապիս իր քրոջ տուն էինք ուղեկցում, թաղման արարողությանը, ասաց. Բալա՛, ի՞նձ երբ եք Ժորիկիս մոտ տանում:

-Է՜, պապի՛,-առարկեցինք ես ու քեռուս տղան՝ Արթուրը:

Քրոջ թաղման պահին պապս մահացավ:

Իսկ տատս, տատս մի քանի տարի ապրեց ընդամենը առանց պապիս: Մաշվեց, հանգավ… էլ գործ չէր անում, արաղ չէր քաշում, հաց չէր թխում, բայց միևնույն է, տատիս ձեռքերից միշտ գալիս էր այդքան հաճելի ցորնահոտը….

 

Facebooktwittergoogle_pluslinkedin