-Ուրիշները լոկ ապրել են, բայց ես ասում եմ, բայց ես ասում եմ, որ սա մահից հետո էլ ապրում է իր բարի անունով, քան շատերը թույլ թագավորներից:
Մովսես Խորենացի
Մեր թվարկության սկզբին հայոց հզորագույն Արտաշեսյան թագավորությունն անկում ապրեց: Հայաստանն անցավ Հռոմի գերիշխանության տակ: Սակայն այդ վիճակը կարճ տևեց, քանզի 52 թվականին սկսված երկարատև պատերազմի արդյունքում Հայաստանում վերականգնվեց թագավորական իշխանությունը և Մեծ Հայքում գահ բարձրացավ Տրդատ Ա Արշակունին (52-88)` հիմք դնելով Արշակունիների հարստությանը:
Հռոմում Տրդատ Ա Արշակունու և Ներոն կայսեր միջև 66 թվականին կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանում հաստատվում էր Արշակունիների թագավորություն` հետևյալ պայմաններով. պարթև Արշակունիները առաջադրում էին իրենց թեկնածուին հայոց գահին, որին հաստատում և թագադրում էր Հռոմի կայսրը: Տվյալ իրավիճակում` Հայաստանն ունենալով թագավորական իշխանություն` լիիրավ անկախ չէր և Արշակունիների իրավունքները հայոց գահին ժառանգական չէին:
Սա, բնականաբար, ձեռնտու չէր հայոց ավագանուն, որ ձգտում էր լիիրավ անկախության Հռոմից և պարթևաց թագավորությունից:
Այս վիճակը սակայն բավական երկար տևեց` շուրջ հարյուր հիսուն տարի, մինչև հայոց գահ բարձրացավ ռազմական և դիվանագիտական տաղանդով օժտված գահակալ` Վաղարշ Բ Արշակունին (186-198), ով Վաղարշ Ա արքայի թոռն էր կամ եղբորորդին:
Վաղարշ Բ լինելով պարթևաց արքայազն` ծնվել է Հայաստանում` Արաքսի և նրա ձախակողմյան վտակ Մուրցի (Հասանկալա) գետախառնուրդում, այժմյան Քյոփրիքյոյ գյուղի տեղում, ջրառատ ու գեղատեսիլ վայրում գտնվող մի աննշան բնակավայրում, որի տեղը հետագայում կառուցեց Վաղարշավան քաղաքը, ի նշան իր ծննդյան:
Վաղարշավանը պատմության մեջ Հիշատակվում է իբրև ավան, բերդաքաղաք և քաղաք։ Թուրքերն Արևմտյան Հայաստանի հնագույն մի քանի բերդերի նման (Վանի բերդ, Ալաշկերտի բերդ և այլն) Վաղարշավանը նույնպես կոչում են Թոփրախկալա («Հողե բերդ»). վարչական առումով հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատյան աշխարհի Բասեն գավառի, իսկ թուրքական տիրապետության շրջանում Էրզրումի նահանգի Էրզրումի գավառի մեջ։
Մինչ Վաղարշ Բ գահակալումը Հայաստանում թագավոր էր Հռոմի դրածո Սոհեմոսը՝ հայոց Երվանդունիների տոհմից: Նրա մահից հետո Վաղարշը հայոց ավագանու աջակցությամբ և Աշխարհաժողովի որոշմամբ գահ է բարձրանում Հայաստանում: Սա փաստորեն, 66 թվականի համաձայնագրի խախտում էր: Հռոմը բնականաբար, փորձեց ընդդիմանալ Վաղարշի գահակալմանը, սակայն հայոց բանակը ջարդեց հռոմեական կայազորներն ու նրանց դուրս վռնդեց երկրից:
Վաղարշի հաջողությանը նպաստեց նաև Հռոմում ծայր առած ներքին գահակալական կռիվներն ու երկպառակչությունը:
Իսկ Հռոմում գնալով սրվում էր քաղաքական իրավիճակը: 193 թվականին կայսեր դեմ ապստամբում է և իրեն կայսր է հռչակում արևելյան զորքերի հրամանատար զորավար Նիգերոսը: Նա Վաղարշ Բ արքայից զինական օգնություն է պահանջում, հաջողության դեպքում խոստանալով նրան ներել իր ինքնակալ գահակալումը, իսկ Վաղարշի` հրաժարվելու դեպքում սպառնալով խստագույն պատժով:
Հայոց արքան ըստ հռոմեացի պատմիչ Հերոդիանոսի, հրաժարվում է զինական օգնություն ցուցաբերել Նիգերոսին, ով ճակատամարտում պարտվում է և գերվելով` մահապատժի ենթարկվում:
Հռոմում գահ է բարձրանում հաղթանակած Սեպտիմոս Սևերոսը: Նա ցանկանալով վերականգնել Հռոմի ազդեցությունն արևելքում` արշավում է Հայաստան:
Վաղարշ Բ կարողանում է բանակցություններով և դիվանագիտական ճանապարհով կանխել Սևերոս կայսեր բանակների ներխուժումը Հայաստան:
Կայսրն ինքը պատրաստ չէր մեծ պատերազմի, բացի այդ, իրադարձությունների նման զարգացումը Հայաստանում այլևս համարելով անդառնալի, փորձեց ստեղծված իրավիճակից քաղել առավելագույնը` Հայաստանի բարյացկամությունը Հռոմի հանդեպ և դաշինք հայերի հետ: Բնականաբար, այդ դաշինքն ուղղված չէր պարթևական թագավորության դեմ:
Վաղարշ Բ և Սևերոսի միջև կնքվում է պայմանագիր, համաձայն որի Հայաստանն ստանում է լիակատար անկախություն, Հայաստանում այլևս հռոմեական կայազորեր չեն տեղակայվում, Հռոմը Հայաստանին ամենամյա գումար է վճարում` որպեսզի հայկական բանակը հսկի Կովկասյան լեռնանցքները և փակի այն` լեռնականների ներխուժման դիմաց:
Սա ոչ միայն Հայաստանի լիակատար անկախության վերականգնումն էր, այլև սույն պայմանագրով ինքը Հռոմը որոշ կախման մեջ էր մտնում Հայաստանից և փորձում էր սիրաշահել հայերին` իր արևելյան սահմանների ապահովության համար:
Սա իհարկե, Վաղարշ Բ ամենամեծ ձեռքբերումն էր, եթե հաշվի չառնենք նաև այն հանգամանքը, որ նրանից սկսած հայոց Արշակունիների գահատոհմը դարձավ ժառանգական, ինչն իրավ, հիմքը հանդիսացավ հայոց պետականության և անկախության լիիրավ ամրապնդման։
Վաղարշ Բ նաև պատերազմիկ էր ու քաջ:
Իր թագավորության ընթացքում նա մի քանի պատժիչ արշավանքներ ձեռնարկեց դեպի հյուսիս` զսպելու Կովկասյան լեռնականներին, ովքեր ասպատակներ էին սփռում Կովկասում:
Սակայն նման մի արշավանքի ժամանակ դավադիր արձակած մի նետից զոհվում է հայոց քաջ արքան` Վաղարշ Բ Արշակունին:
Վաղարշ Բ հաջորդեց նրա քաջ որդին` Խոսրով Ա Մեծը, ով իր քաջությամբ ու հայրենանվիրումով գերազանցեց ոչ միայն իր արժանի ծնողին, այլև մինչ ինքը գահակալած բոլոր Արշակունիներին:
Վահէ Լոռենց