ՍՏՎԵՐԸ…

ՍՏՎԵՐԸ

Ստվերը մթից պոկված մի կտոր էր:
Լույսի ու Մութի հավերժական պայքարում նա փախավ մարտադաշտից, մտավ Լույսի ուսապարկն ու նրա հետ տուն գնաց` Լույսի տուն…
Ինչու՞ փախավ խավարի հավերժական տիրույթից, իր ինչի՞ն էր պետք Լույսը, ինքն էլ չգիտեր: Ուղղակի` հաճելի էր Լույսի հետ, ուղղակի` Լույսը գրավիչ էր….
Եվ հմայված Լույսի պայծառ շողերով` նա որոշեց այլևս չլքել նրան, որոշեց ընդմիշտ մնալ նրա հետ ու ուղեկցել ողջ կյանքում:
Լույսը չէր նկատել Ստվերին, նա իր ուսերին էր կրում Ստվերին, անգիտակից, միամիտ, կարծես թե ոչինչ չէր եղել…
Բայց Ստվերը խորամանկ էր… Ցերեկը դուրս չէր գալիս իր թաքստոցից. փաթաթվել էր Լույսի ոտքերին ու վայելում էր նրա գոյությունը….
Բայց ահա գիշերը, գիշերն օգտվելով մութի տիրապետությունից, Ստվերն աննկատ վեր էր բարձրանում, պարուրում Լույսին, փաթաթվում նրան, ու օգտվելով Լույսի թմբիրից` սողոսկում նրա ուղեղը….
Ստվերը շշնջում էր Լույսի ականջին, գիշերվա մութի մեջ աներևույթ հաշիշ էր ներարկում նրան գեղեցիկ խոսքերով, կամաց-կամաց գրավում նրա փխրուն սիրտը….
Լույսը բարի էր, միամիտ… բայց նրան հաճո էին Ստվերի խոսքերը, նրան արդեն հաճո էր Ստվերի ներկայությունը… Եվ նազանքով, ժպտադեմ, սիրով տեղ տվեց Ստվերին իր սրտում…
Եվ Լույսն ու Ստվերը ընկերացան:
Ստվերը հաճելի ընկեր էր. լսում էր Լույսին, ով սիրով էր բացում իր սիրտը, կիսվում նրա հետ, վստահում Ստվերին…. իսկ Ստվերը… տեսնում էր Լույսին, լիցքավորվում նրա ճառագումով, ու կամաց-կամաց սողոսկում սիրտը, նրա մեծ սիրտը….
Ու մի օր Լույսը տխուր էր….
Ամպամած, մռայլ մի օր…. Լույսը չէր ճառագում, ասես խավարել էր երկինքը, միայն մշուշ էր, միայն սև… Լույսն ինքը լույսի կարիք ուներ, ու հանկարծ հիշեց Ստվերին:
Ոգևորված Ստվերի գոյությամբ, ուրախացած, որ մենակ չէ այս դժվար պահին, Լույսը գրկեց Ստվերին, փաթաթվեց նրան ու միասին իջան մի խոր անդունդ` ստորերկրյա տիրույթ…
Հաճելի էր Լույսի համար: Հուսահատ, տխուր մտքերը կիսում էր Ստվերի հետ, չնկատելով, թե ինչպես Ստվերը աստիճանաբար հայտնվեց իր հոգում, կրծքի տակ, մերկ մարմնին…
Մշուշը, խավարը, հաճելի դարձան Լույսին: Նա թմիրի մեջ գալարվում էր ստվերի գրկում, գալարվում էր ցավից, տառապանքից, հաճույքից, գալարվում էր մոռացած աշխարհն ու Արևը…
Ու մեկեն, սթափվեց Լույսը… տեսավ որտեղ է, տեսավ, որ մութն ու խավարն են պարուրել իրեն, տեսավ, որ մարմինը հոգնած է, ջարդված, պարուրված մութով, Ստվերով… ու… շնորհակալ եղավ Ստվերին, որ օգնեց իրեն, որ թոթափեց ցավը, տառապանքը….
Ու Լույսն ու Ստվերը հավերժ ընկերություն ուխտեցին….
Նրանք միասին, գրկախառնված, գոհ միմյանցից, բավարարված դուրս եկան անդունդից….
Եվ ով, զարմանք… դրսում պայծառ էր, լուսավոր, արև էր շողում…
Եվ այս հրաշքը Լույսը վերագրեց Ստվերին….
Միամիտ Լույս….
Նա որոշեց երախտապարտ լինել Ստվերին ու իր մթագնած, սև մտքով շնորհակալություն հայտնեց նրան, շարունակեց կիսել իր հույզերն ու մտքերը նրա հետ…
Ու Լույսն ու Ստվերը մտերիմ, շատ մտերիմ ընկերներ դարձան…
Ստվերը հաճախ էր այցելում Լույսին: Ողջունում էր հեռվից. ՙԳալիս եմ, Լույս…՚ Լույսը սիրով ու գրկաբաց էր ընդունում նրան: Ջերմ, հեզաբարո ժպիտով, մեղմ, ընկերական համբույրով…
Ու մի օր էլ Լույսն այցելեց Ստվերին: Թեթև, սահուն քայլերով այցի գնաց նրան: Ստվերը վաղուց չէր տեսել Լույսին, ասես մոռացած լիներ նրան, չնայած, գողունի հետևում էր Լույսին, նրա ամեն մի շարժումին, ժպիտին, թախիծին….
Եվ Ստվերը ընդառաջ գնաց Լույսին, ամուր գրկեց նրա մեջքը, համբուրեց. ՙԲարով եկար, Լույս…՚:
Լույսի համար էր Ստվերի թագավորությունը: Հաճելի էր, անսովոր… Առաջ չէր տեսել նման երկիր, նման հմայք… Լույսն իր համար նորովի բացահայտեց Ստվերին:
Եվ Լույսը սիրահարվեց Ստվերին… իր իսկ տանը, Ստվերի երկրում: Սիրահարվեց, ու մթի մեջ, խավար մի անկյունում տրվեց նրան, սիրեց նրան… Հմայք էր, կիրք էր, մութ էր…
Բայց առավոտյան Լույսը հետ դարձավ: Նա հրաժարվեց Ստվերից, հրաժարվեց Խավարի թագուհին լինելու մտքից…
Լույսը սթափվեց ու ձգտեց դեպի վեր, դեպի Արևը…
Սլացավ հետ, դեպի Արև…
-Արևն է իմը, լույսն է իմը… ինձ Ստվեր պետք չէ, ինձ խավար պետք չէ…
Բայց ուշ էր այլևս… Լույսն ու Ստվերը անբաժան էին… Ստվերը գողունի հետևում է Լույսին, փաթաթված նրա ոտքերին, նրա մտքերին` ամենուր նրա հետ է… Լույսն ու ստվերը հավերժ միասին են…
Ու ամեն անգամ, երբ Լույսը հետ է նայում` հայացքը հանդիպում է Ստվերի հայացքին` մութին, խավարին…
Իսկ մութը, խավարը, երբեմն հաճելի են…
Սթափվում է Լույսը, ուզում է պոկվել, փախչել Ստվերից, բայց չի կարողանում, նա չի կամենում այլևս հետ չնայել…
Լույսը չգիտի, որ Ստվերը վախենում է Արևից: Ստվերին չհանդիպելու համար չպետք է հետ նայել… պետք է հայացքը Արևին` առաջ սլանալ…

06.07.2014
images

Facebooktwittergoogle_pluslinkedin