ՍՊԻՏԱԿ ՇՐՋԱԶԳԵՍՏԸ

images

ՍՊԻՏԱԿ  ՇՐՋԱԶԳԵՍՏԸ

 

Երիտասարդ ու հմայիչ աղջիկը շատ էր սիրում իր սպիտակ շրջազգեստը, որի վրա կապույտ աղավնիներ էին պատկերված: Այդ շրջազգեստը մայրն էր նվիրել աղջկան՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Սպիտակ շրջազգեստն ավելի էր ընդգծում աղջկա հմայքը՝ ճկուն, գեղեցիկ իրաը, համաչափ ու սիրուն ոտքերը:

Շրջազգեստն իր չափերով թույլ էր տալիս երիտասարդ աղջկան, ցուցադրել շրջապատին իր անմեղ գեղեցկությունը, և նա սիրով էր հագնում այն՝ թե՛ աշխատանքի գնալիս, թե՛ շրջիկ օրերին:

Փողոցով, երբ անցնում էր սպիտակ շրջազգեստով աղջիկը, ամենքը նրան էին հարում իրենց ուշադրությունը, ամենքը ցանկացող հայացքով չափում էին նրա բարեմասնությունները, իսկ աղջիկն՝ արտաքուստ անտարբեր, անցնում էր բոլորի  կողքով ու շլացնում իր մարմնի ճկուն նազանքով…

Աղջկա հետ նազում էր նաև շրջազգեստը… Նա սիրում էր ուշադրության կենտրոնում լինել:

Զգեստապահարանում հազվադեպ էր լինում, քանզի աղջկա ամենասիրելի հագուստն էր: Անտարբեր քմծիծաղով էր նայում զգեստապահարանի մյուս հագուստների չարացած հայացքներին: Նա սովորել էր այլոց քննող, ցանկասեր  հայացքներին ու արդեն իր անտարբեր պահվածքով ուղղակի վայելում էր կյանքը՝ իր հպումն աղջկա ազդրերին, ուր շատ հայացքներ էին դրոշմված:

Նա շատերի նախանձն էր շարժում, քանզի աղջկա ճկուն մեջքը ինքն էր գրկում, քանզի շատերը փափագում էին իրեն…

Մի գեղեցիկ օր, աղջիկը հանդիպեց տղային: Տղան իր տուն ուղեկցեց նրան: Դառնահամ ու բորբ գինին վայելելուց հետո, տղան անհագ շոյեց աղջկա, այնքան ցանկալի ու պիրկ մարմինը:

Նա կանգ չառավ անգամ կապույտ աղավնիներով՝ սպիտակ շրջազգեստի վրա,  կարծես արհամարհելով նրա գոյությունը՝ շոյում էր աղջկա նուրբ ծնկները, խոնավ ազդրերը, գրկում դյուրաթեք կոնքը, իսկ աղջիկը, աղջիկը չէր դիմադրում: Նա անգամ մոռացել էր սպիտակ շրջազգեստի մասին, որ ճմրթվում էր, կեղտոտվում տղայի անխնամ ձեռքերից:

Աղջիկը, ով միշտ խմանքով էր վերաբերում իր սիրելի շրջազգեստին, այսօր  դավաճանեց նրան՝ տղայի կեղտոտ, չլվացած ձեռքերի հետ…

Աղջիկը մեկեն սթափվեց, ասես հիշեց իր շրջազգեստը, նրա վրա պատկերված  կապույտ աղավնիներն ու տղային կարգադրեց հետ քաշել ձեռքերը…

-Օ՜հ, աստված,-հոգոց հանեց շրջազգեստը… վերջապե՜ս…

Նա թյուրիմացություն էր համարում աղջկա հետ կատարվածը, քանզի աղջիկը միշտ հավատարիմ էր իրեն ու ուշադիր իր նկատմամբ:

Շրջազգեստը սխալվում էր:

Աղջկա ու տղայի հանդիպումները հաճախակի դարձան: Գրեթե ամեն օր տղան աղջկան իր տուն էր տանում և այնտեղ, բազմոցին շարունակ նույն խաղն էին խաղում, կրքախեղդ խաղը, որը բնավ դուր չէր գալիս շրջազգեստին:

Գնալով տղան ավելի ու ավելի համարձակ էր դառնում, աղջիկը՝ ավելի թույլ ու կամազուրկ… երբեմն՝ նախաձեռնող ու կրքոտ…

Մի օր, մի տխուր ու ամպամած օր, աղջիկը՝ դարձյալ հագած սպիտակ աղավնիներով երիզված շրջազգեստը, կրկին վազեց տղայի տուն, վազեց ու նետվեց տղայի ցանկասեր ու տռփոտ գիրկը:

Աղջիկն այլևս չէր դիմադրում տղայի կրքոտ սանձարձակությանը: Նա գնալով ավելի ու ավելի խորն էր թափանցում աղջկա շրջազգեստի տակ՝ արհամարհելով թե՛ նրա ճերմակությունը, թե՛ կապույտ աղավնիներին:

Աղջիկն ընդառաջ էր գնում տղային՝ տարվելով նրա մոգական խաղով…

-Վերցրու՛ ինձ,-հանկարծ տնքած աղջիկը…

-Ի՞նչ,-տղայի համար դա իսկապես անակնկալ էր:

-Չէ՛, չե՛մ ուզում, քո շրջազգեստը ճերմակ է, նրա վրա աղավնիներ կան պատկերված, չե՛մ ուզում…

-Ե՛ս եմ ուզում,-պնդեց աղջիկը:

Ու մեկեն սպիտակ շրջազգեստը հանեց հագից, հանց մի տրորված, ճմրթված լաթակտոր, նետեց բազմոցին, պառկեց հենց նրա վրա ու… սպիտակ շրջազգեստի, նրա աղավնիների վրա արյան վարդագույն բծեր հայտնվեցին….

Աղջիկն անվրդով ու հանգիստ վերցրեց ճմրթված շրջազգեստը, անխռով, քար  անտարբերությամբ հագավ այն ու գնաց տղայի տնից….

Նա այնպես հանգիստ ու խաղաղ էր քայլում  փողոցով, որ կարծես ոչինչ էլ չէր  եղել: Քայլում էր առանց նազանքի, առանց  հմայքի, քայլում էր հպարտ ու բավարարված… Նա այլևս չէր շլացնում շրջապատին իր սպիտակ աղավնիներով շրջազգեստով… Նա ճմրթել ու դեն էր նետել իր շրջազգեստը… Հիմա իր մերկությունը՝ վարդագույն արյան բծերով մի լաթի կտոր էր ծածկում:

Աղջիկը տանը հանեց շրջազգեստը, խնամքով պահարանում կախելու փոխարեն գցեց գետնին ու մորն ասաց.

-Այլևս ինձ պետք չէ՛ այս լաթը, այլևս չե՛մ հագնելու, էլ պահարանում չկախե՛ս…

Մայրը զարմացած, տարակուսած նայեց դստերը, ուսերը թոթովեց, գետնից վերցրեց արյունոտ շրջազգեստն ու տարավ, դրեց փողոցի մի անկյունում.  գուցե ինչ-որ մեկին պե՞տք կգա…

Շրջազգեստն այլևս ոչ ոքի պետք չէր: Փողոցով անցնող ամեն մի պատահական անցորդ, անտարբեր ու անարգել, տրորում ու անցնում էր  աղջկա սպիտակ՝ կապույտ աղավնիներով երիզված շրջազգեստի վրայով: Տրորում, մաքրում իր ցեխոտ, անլվա  կոշիկներն ու քար անտարբեր շարժվում առաջ….

13.09.2014

Facebooktwittergoogle_pluslinkedin