Սնափառությունից բխող մեր հոգեկերտվածքը…

-Մենք աշխարհի ամենախելոք, ամենալավ ազգն ենք, և մեր դժբախտությունները միմիայն աշխարհագրական դիրքի ու վատ, չար հարևանների պատճառով են:

Վրացին կեղծավոր, ուրացող ու դավաճան է, ադրբեջանիցին առհասարակ կոշիկի տակի պադոշ է, սոսկ 100 տարվա պատմությամբ մի անհասկանալի էթնոս, պարսիկը խոզ է, իսկ թուրքերը՝ բարբարոս:

Նման անհեթեթ մտքեր շատ են շրջանառվում հասարակության մեջ, ինչն արգասիքն է մեր բարոյահոգեբանական անառողջ վիճակի, սնափառության, էթնիկ ցածր ինքնագիտակցության, հոգեկերտվածքի անառողջության:

Հարգելիներս, այս ամենն արտաբերելիս, գուցե նայե՞ք հայելու մեջ: Հայելի ասելով՝ նկատի չունեմ սովորական հայելին: Տվյալ դեպքում՝ խոսքս գլոբուսի կամ աշխարհի քաղաքական քարտեզի մասին է: Ամեն ազգի, էթնոսի խելքի չափը, հոգեկերտվածքի առողջությունը գծված է աշխարհի քաղաքական քարտեզի վրա:

Բավ չէ՞ սնափառության, բավ չէ՞ կեղծ արժեքների…

Կեղծ արժեքներից ու փուչ սնափառությունից են բխում մեր պատմության բացթողումները, կոպիտ, ճակատագրական սխալները, այսօրվա մեր իրավիճակը:

Հայության ստվար հատվածը չգիտի իր իսկ պատմությունը, բայց դատողություններ է անում օտարների, հարևանների պատմությունից:

Հայության ստվար հատվածն իր իսկ պատմությունից երկու իրադարձություն է հիմնականում հիշում. Առաջին քրիստոնյա ազգն ենք կեղծ ու անհեթեթ թեզը և… Տիգրան Մեծի անունը, այն էլ՝ առանց իմանալու անգամ, թե երբ է թագավորել Տիգրան Մեծը:

Ի դեպ, թևավոր խոսքեր են.

-Զատո, մենք աշխարհի առաջին քրիստոնյա ազգն ենք:

-Բա մենք Տիգրան Մեծ ենք ունեցել:

Հարգելիներս, արդյո՞ք տարօրինակ չէ, որ կեղեքված ու ստրկացված ազգը հպարտանում է իր մի տիրակալով, ով ընդամենը 17 տարով՝ աշխարհակալություն է ստեղծել ու տիրել Արևելքին: Հետո՞.. հետո ոչ ոք չի խոսում նույն Տիգրան Մեծի հետագա ճակատագրի մասին…

Անուններ ենք տալիս… աշխարհին նման մեծեր ենք տվել… բայց, երբ վերլուծում ես, թե աշխարհի այդ Մեծ հայերն ի՞նչ միջավայրում են ծնվել, կամ աճել՝ տխուր ու ողբերգական պատկեր ենք ստանում… գրեթե իննսուն տոկոսն օտար միջավայրի ծնունդ են:

Հապա ու՞ր մնաց սնափառությունը, տեսնու՞մ եք, որքան փուչ ու սին է այդ Զատոների շարքը…

Շատ եմ լսում՝ Մենք փառահեղ պատմություն ունենք արտահայտությունը:

Հարգելիներս, մեր պատմությունից ձեր բերած ամեն փառահեղ իրադարձության կողքին կարող եմ առնվազն երկու Սև ու ամոթալի իրադարձություն ներկայացնել:

Իսկ արդյունքում՝ հասարակությունը խիստ բևեռացված է: Հոգեկերտվածքի առումով՝ երկբևեռ ենք. Մի մասն իրեն լիբերալ է համարում, մյուս մասն՝ ազգայնական: Ի դեպ, երկու հատվածն էլ բավական ծայրահեղ մոտեցումներ ունեն:

Առաջիններն իրենց լիբերալիզմը պաշտպանում են ազգային արժեքներն իսպառ մերժելով, մյուսները մերժում են ամեն ինչ՝ ինչ ազգային ծիրից դուրս է: Ի դեպ, երկու կողմն էլ՝ ծայրահեղ դրսևորումներ ունեն սեփական պատմության և մշակույթի նկատմամբ: Լիբերալները բացարձակ հերքում են, ազգայնականները՝ բացարձակացնում…

Մինչդեռ, բացակայում է չափավոր ու հավասարակշիռ վերաբերմունքը, բացակայում է առողջ քննադատությունն ու բանական, տրամաբանական վերլուծությունը:

Ինչևէ, այս երկբևեռվածության մեջ մեր առաջին թշնամին իրավ, սնափառությունն է ու մեր էթնոհոգեկերտվածքի անառողջ լինելը: Իսկ սրա պատճառը ես տեսնում եմ իրապես սեփական արժեքների չիմացությունից ու պատմական իրադարձությունների կեղծ ներկայացումից:

Մենք լղոզում ենք մեր պատմությունը, միայն սուտն ու կեղծիքն ենք ներկայացնում մեր սերունդներին, լռելով բացասականի, սև էջերի մասին: Իսկ սեփական պատմությունից դասեր չքաղողը, այն անձը կամ էթնոսը, որ ի զորու չէ առերեսվել իր իսկ պատմությանը՝ դատապարտված է կրկնել պատմության սխալները:

Այս իմաստով թուրքերը ճշգրիտ քաղաքականություն են վարում: Հավասարապես ներկայացնում են թե իրենց պատմության փառահեղ էջերը, թե՝ տխուր ու անփառունակ պարտությունները: Ահավասիկ, Սարիղամիշ քաղաքի մոտ մի հուշարձան կա, ուր ներկայացված է Սարիղամիշի ճակատամարտում թուրք զինվորին՝ պարտված, բարոյալքված, ոչնչացված, փախուստի դիմելիս: Իսկ հուշարձանի մյուս հատվածում նույն թուրք զինվորն է՝ խրոխտ, հաղթական, ով վերադարձավ ու գրավեց մեր հողերը:

Եվ չեմ կարծում, թե որևէ թուրք իրեն նվաստացած է զգում այդ հուշարձանի գոյությունից: Ընդհակառակը. Այն ուսուցողական է և իրական դաս է պարունակում իր մեջ:

Իսկ մե՞նք… կոծկելով մեր պատմության մութ էջերը՝ շարունակ սայթաքում ենք, շարունակ նոր մանվելներ ենք բուծում: Մինչդեռ եթե պատմական երևույթներին ու գործիչներին տրվեին ճիշտ գնահատականներ՝ այսօր այլ կլիներ…

Եվս մեկ անգամ, հարգելիներս. Եկեք զերծ մնանք սնափառությունից ու կեղծիքից. Ամեն էթնոսի հոգեկերտվածքի առողջությունը դաջված է թե՛ քարտեզին, թե՝ ներկա սոցիալական, տնտեսական հարաբերությունների ներկապնակում:

Եվ եթե ուզում ենք առողջ ու ուժեղ հասարակություն կերտենք, եկեք իրերն իրենց անուններով կոչենք, եկեք շիտակ հայացք ձգենք թե՛ պատմությանը, թե՝ իրականությանը:

Facebooktwitterlinkedin