ՍՅՈՒՆԻ ՎԱՆՔ

Սյունի վանքը գտնվում է Սիսիան քաղաքում։ Կառուցվել է Զ դարի վերջին։ Եկեղեցին Ավան-Հռիփսիմեատիպ ոճի կառույց է։ Միջանկյալ երեք քառորդ խորշերով, քառախորան, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք ունի։ Մուտքերը երկուսն են՝ արևմտյան և հարավային։

Եկեղեցին կառուցված է սրբատաշ կապտավուն բազալտով, եռաստիճան որմնախարսխի վրա։ Գմբեթի տասներկունիստանի թմբուկը զարդարված է կամարաշարով, քիվերը՝ հյուսածո զարդաքանդակով, գմբեթակիր կամարները հենվում են ոլորազարդ խոյակների վրա։

Ստեփանոս Օրբելյանի հաղորդման համաձայն՝ վանքը հիմնադրել է Սյունաց Վարազդուխտ իշխանուհին։ Հետագայում այն հիմնավերանորոգվել է Սյունաց Կոհազատ իշխանի կողմից։

Սյունաց իշխանները եկեղեցու կողքին կառուցել են նաև իշխանանիստ ապարանք։

Եկեղեցին կառուցվել է և օծվել է որպես Սուրբ Գրիգոր։ Հետագայում վերաօծվել է և կոչվել Սուրբ Հովհաննես։

Է դարում եկեղեցին վերանորոգել են Սյունաց Հովսեփ եպիսկոպոսն ու Թեոդորոս Սիոն վանականը։

Եկեղեցին հարուստ է որմնային զարդարանքներով։ Ներսի և դրսի պատերին պահպանվել են կառուցող վարպետների բազմաթիվ նշաններ։

Գմբեթի քիվին չորս ավետարանիչների բարձրաքանդակներնեն` քանդակված մինչև գոտին, աջ ձեռքը վեր բարձրացրած, մակագրություններով: Եկեղեցու թմբուկին ներսից քանդակված են եկեղեցու կառուցողներ Կոհազատ իշխանի, Հովսեփ եպիսկոպոսի և Թեոդորոս վարդապետի պատկերաքանդակները: Պատերին պահպանվել են նաև կառուցող վարպետների 39 փորագիր նշանները` սկզբնատառերի տեսքով:

Եկեղեցին վերանորոգվել է 1961 թվականին։

 

 

Վահէ Լոռենց

 

 

 

 

Facebooktwittergoogle_pluslinkedin