Սա՛ ենք մենք…

Անկախության, ազգային պետականության կերտման հերթական տարեդարձն է:

Ցավոք, այս տարելիցը տոն չէ դեռևս, և դժվար թե տեսանելի ապագայում տոն դառնա: Այն սոսկ ոչ աշխատանքային օր է հայաստանցու համար: Ու միշտ այդպես է լինում, երբ հասարաակությունը ոչ թե նվաճում, վաստակում, այլ՝ ստանում է իր անկախությունը…

Այո՛, ստանում…

Շատ եմ հանդիպել զանազան կարծիքների, թե մեր անհաջողությունների հիմնական պատճառը դա պետականության մշակույթի, հարյուրամյակներով  ազգային պետականության բացակայության արգասիքն է: Համաձայն չեմ այդ կարծիքների հետ:

Ըստ իս՝ մեր անհաջողությունների պատճառը կայանում է նրանում, որ հայն ի զորու չէ բաց ճակատով առերեսվել իր պատմությանը, ընդունել իր սխալները… որի արդյունքում՝ ստիպված է շարունակ կրկնել իր սայթաքումները, ու ոչ միայն դոփել տեղում, այլ՝ նահանջել…

Պատահական չէ, որ չորրորդ դարից այսդին, հայը երբեք համազգային շարժում ու համազգային պատերազմ չի մղել: Եղածները՝ տեղային ելույթներ են եղել… ու եթե որևէ դիպվածի, պատմական բարենպաստ հանգամանքների բնույթով հաջողվել է պետություն ստեղծել, (երբեմն՝ նվեր ստանալ) ապա շատ չանցած՝ գրեթե առանց պայքարի՝ այն կրկին հանձնել ենք օտարին: Հանձնել ենք՝ առանց կռիվ տալու… դավաճանի թեթև ձեռքով ու հայի քար անտարբերության արդյունքում…

Այդպես եղավ Արշակունիների, Բագրատունիների, Կիլիկյան թագավորության պարագայում… այդպես էր Վասպուրականի, Տաշիր-Ձորագետի, Վանանդի թագավորությունների պարագայում… Երբ մեր գլխավոր ձեռքբերումը՝ ազգային պետականությունը, առանց պայքարի օտարին հանձնեցինք:

Սա՛ ենք մենք…

Սա ենք ու այսօր էլ մեր քար անտարբերությամբ ականատեսն ենք դառնում մեր պետության կորստյանը… Եվ այդ կորստյան գործում, մե՛նք, ամե՛նս ենք մեղավոր: Պետք չէ՛ ամեն բանում մեղադրել հանցագործ իշխանություններին… մե՛նք ենք նրանց կերտել այդպիսին:

Եթե այսօր Հիսուսին, Բուդդային, ցանկացած աստծու կամ Վարդապետի բերենք-բազմեցնենք հայոց գահին՝ ոչ միայն մեր հասարակությունը չի շտկվի, այլև՝ նրանք մեզնից առավել վատը կդառնան, քանզի մե՛նք ենք վատը, մե՛նք ենք նրանց վատը դարձրել… մեր էությամբ ու մեր՝ սնափառ, իրականում, ողորմելի կեցությամբ…

Ներեցեք, եթե Հայ հասարակության մեջ բնակչության բացարձակ մեծամասնությունը 10.000 դրամանոց ծախու է, եթե Հայ հասարակության մեջ բնակչությունը հանդուրժում է իրեն կեղեքողին, ստրկացնողին, եթե Հայ հասարակության մեջ, համատարած թշվառության մեջ գործարան, դպրոց, բանակ կառուցելու փոխարեն միայն եկեղեցիներ են կառուցվում և այդ հասարակությունը մխիթարվում է միայն աղոթքով, եթե Հայ հասարակության մեջ սուտը, խաբեությունը, ստորությունը, կեղծիքը ոչ միայն պարսավելի չեն, այլև՝  լրատվական բոլոր միջոցներով գովերգվում ու տարածվում են, (շարքը կարող եմ երկար շարունակել) ապա… հազար անգամ ներեցեք, այդ հասարակությունը… ոչ միայն դատապարտված է, այլև… նա իր ողջ էությամբ ախտորոշում է…

Բազում, բազում օրինակներ կարող եմ բերել՝ ասածս փաստելու համար:

Այսօր, ,,Տոնի,, հերթական տարելիցին՝ դարձյալ ճոռոմ, լղոզված կենացներ կհնչեն, դարձյալ մեր սնափառությունն ու տկար բանականությունը շոյող մի քանի ելույթներ, գուցե՝ համերգ ու հրավառություն կկազմակերպեն ու… կգա սեպտեմբերի 22-ը՝ Մոռացման օրը… այնպիսի հերթական Մոռացման օր, ինպիսիք ապրիլի 25-ը, մայիսի 29-ն են…

Եթե մի հասարակության մեջ ոչ ոք, (բացառությամբ՝ միլիոնավոր մարդկանց մեջ եզակիների) չի նշում ազգային ամենաառաջին, ամենակարևոր, ամենաէական, ամենաառանցքային տոնը՝ Նավասարդը, երբ դրվեց Հայի ապրելու, արարելու իրավունքը, կերտվեց Հայի առաջին պետականությունը, երբ Հայն այդ օրը չի շնորհավորում իր ծնողին, զավակին, դրկիցին, հարևանին, սակայն Զատիկի անվանափոխված ամեն հրեական Պասեքի, առավոտ կանուխ Բարևի փոխարեն՝ Հարյավ ի մեռելոցն է արտաբերում… ներեցեք, դա Հասարակություն չէ, դա Հոտ է… եղեռնի, ոչնչացման, մոռացումի դատապարտված Հոտ:

Մենք հիվանդ ենք, մեր հասարակությունը հիվանդ է… և այդ հիվանդության անունը Մոռացում է… Տգիտություն է… քանզի մենք չգիտենք մեր անցյալը, մենք չգիտենք դասեր քաղել մեր պատմությունից, մենք դարեր շարունակ սնվել ենք սնափառությամբ ու ստով, կեղծիքով, ու մենք անգամ զանազանել չգիտենք բարեկամին թշնամուց, սուտը ճշմարիտից, ցանկալին՝ իրականությունից…

Դու չես նշում այս ,,Տոնը,, Հա՛յ… սա քեզ համար սոսկ ոչ աշխատանքային հերթական օրն է օրացույցում…

Քեզ իրական ազգային տոներ եմ մաղթում, Հա՛յ…

Հ.Գ. Վստահ եմ, գրառումս շատերն դուր չի գա: Վստահ եմ, բողոքներ կհնչեն, թե այս օրը գոնե դրական լիցքեր են պետք, թե քննադատական խոսքն անտեղի է… Ներեցեք, Ձեզ համար վարձու թամադա ճարեք… ես ձեզ խաբել անկարող եմ….

Facebooktwittergoogle_pluslinkedin