Պրոպի ծառը

Դա մի հսկա ընկուզենի էր՝ Մեծ Ձորի խորքում: Բայց Պրոպի ծառը սովորական ընկուզենի չէր, սովորական ծառ չէր: Ասես ձեռագործ քանդակ լիներ նա: Հաստաբույն ստորոտն այնքան ողորկ էր, որ նրան մագլցելը գրեթե անհնար էր դառնում: Սակայն, 5-6 մետր բարձրությունից, Պրոպի ծառը պար էր բռնում՝ նա իր բազմաթիվ ճյուղերը աջ ու ձախ շպրտելով՝ իրեն նմանեցնում էր հերարձակ ու լաչառ մի կնոջ, ով ասես իր անպատասխան սիրուց խենթացած՝ պար էր բռնել այս խոնավ ու թավ անտառում…

Պրոպի ծառի անվան բացատրությունը ոչ ոք հստակ չգիտեր: Ոմանք ասում էին, թե դա Ամպրոպի ծառն է: Եվ իրավ,  Մեծ Ձորում հաճախ էին կայծակը, ամպոպը պար բռնում ծառի հետ:

Պատկերացրեք, վաղ գարնանը, սև-սև քուլա ամպերը հավաքվում են Գուգութա սարի գլխին, ապա ցած սողում գողունի, իրենց վերմակի տակ առնում Մեծ Ձորն ու…

Տեսնել է պետք այդ փոթորիկը: Նախ լսվում է հզոր մի պայթյուն՝ Կայծակն է… ու… երկինքն իրար է խառնվում, Չարքերը գոռում-գոչյունով ասես շուրջկալ են բռնել Մեծ Ձորում ու իրենց թիրախն են ընտրում:

Ներքևում՝ գյուղում, կանայք սարսափած են… ոմանք թաքուն խաչ են հանում իրենց երեսին, տղամարդիկ, ում տունը ձորաբերանին է՝ ահաբեկված վերև են նայում՝ հեղեղ է լինելու, իսկ տատս, սովորաբար նայելով մռայլ երկնքին՝ հիշում էր հայոց հին աստվածներին՝ Ծովյանն ա պտտում… ու մի բուռ աղ էր շաղ տալիս գետնին:

Եվ իրավ, բնության , տարերքի աստվածուհին՝ Ծովինարն իր տիրույթում էր…

Ու ահա, Չարքերի գոռգոռոցին, գոչյուններին ու Կայծակի պայթյունին հետևում է մի հզոր ճայթյուն… Ճաա՜տ…

Ու… օդը լցվում է օզոնի թունդ հոտով…. Բռնկվում է հերթական կաղնին, ընկուզենին…

Ապա սկսում է սելավը..

Տաք անձրևը վերևից օդը սրբելով, քամելով, շերտերն իրար խառնելով, իջնում է ցած… իջնում՝ իր հետ բերելով բազմատոն ու համաչափ իր երգը… սելավի երգը….

Շըխկ-շըխկ… կըտ-կըտ… երբեմն կարկուտ է գցում….

Սելավը սրբում է ամեն ինչ… ու Մեծ Ձորի վերևից, կաթիլը գլորվելով, իր գիրկն առնելով այլ կաթիլների, շիթ, առու, ապա վերջում՝ մի կատաղած գետակ է դառնում, նմանվելով վանդակում փակված, ապա հանկարծ ազատություն ստացած մի Հրեշի, ով գնալով, վիթխարի չափերի է հասնում ու գլորվում, գլորվում ցած… իր հետ առնելով հող, քար, փայտ…լցվում մեր գյուղը….

Սելավը մաքրում է… Ձորում ողջ տարին կուտակված գոմաղբը, կեղտը, իր հետ առնելով, տանում-թափում է ցած՝ Դեբեդը… Վենձ Ջուրը…

Ու վայ այն գյուղացուն, ով ժամանակին իր տան մատույցներում չի բացել, չի ազատել սելավ կոչվող Հրեշի ճամփան…

Իսկ Ձորում… Ձորում էլ ծառերն են կոխ բռնում իրար հետ:

Չէ… ներեցեք, դա կոխ չէ…

Ծառերն էլ սիրում են տարերքը, ու իրար փարված, ասես պար են բռնում… զուգապար… ու ծառերն օրորվում են տարերքից, ավելի ամուր կառչում մեկմեկու, որպեսզի դիմանան բնության այս հզոր պոռթկումին…

Ու քամու, կարկուտի, անձրևի այս ամեհի գոտեմարտում միայն մեկ ծառ կար Մեծ Ձորում, որ ասես անտարբեր, մեկուսի կանգնած էր՝ հպարտ, վստահ իր հաստաբույն մեջքի ամրությանը, երբեմն անգամ քմծիծաղով, դիտում էր Անտառի սարսափելի հոգեվարքը:

Դա Պրոպի ծառն էր:

Ու անգամ, եթե ծառերը տապալվում են, մեկմեկու գրկած, ընկնում ցած, տապալում իրենց գիրկը լայն բացած ու իրենցիղ ներքև գտնվող մյուս ծառերին… Մեծ Ձորում ասես մի լայն ու երկար սորան բացելով՝ վերից վար, դարձյալ Անտառի արքան՝ Պրոպի ծառը, ասես անհողորդ այդ ամենին, կանգնած է… ու լուռ անտարբերությամբ դիտում է Անտառի օրհասը…

Ու մեկեն երկինքը խաղաղվում է… Չարքերը փախչում են, Ծովինարն էլ Արևի առաջին ճառայայթները տեսնելով՝ շառագունած ու ամոթխած հարսի ասես՝ տապ է մտնում անտառի թավուտներում… ու… վիրավոր ու տնքացող անտառում սկսվում է կենդանիների վազքը… թռչյունների ճռվողյունը…

Նրանք, ովքեր հասցրել էին ապահով վայր գտնել փոթորկից առաջ՝ վախվխորած հանում են իրենց գլուխները, նայում չորս բոլորն ու… փորձում ծանոթանալ նոր միջավայրին, նոր Անտառին… իսկ այստեղ արդեն ամեն ինչ փոփոխված էր, ամեն բան նոր գույն ու երանգ ուներ, բացի… Պրոպի ծառը…

Շատերն այս հսկայի անվանումը բացատրում են որպես… Պրոբի ծառ… ռուսերեն պրոբ բառից…

Դժվար էր որոշել ծառի իսկական տարիքը: Բայց դատելով հաստ բնից՝ այն հարյուրամյակներ ի վեր կանգնած էր անտառում, որպես անթագակիր մի արքա…

Եվ հարյուրամյակներ շարունակ մեր գյուղի երիտասարդներն իրենց կտրիճության քննությունը հանձնում են… Պրոպի ծառի տակ… կոխ բռնելով, գյուլաշ կպչելով, երբեմն՝ զուր փորձելով ծառը մագլցել, իսկ ավելի հաճախ՝ ծառի տակ քեֆ անելով:

Քանի՜ քանի՜ սերունդ է փորձել նվաճել մեր անտառների Հսկային… բայց նա աննվաճ ու անմատույց էր…

Պրոպի ծառն ասես դարձել էր յուրատեսակ ուխտատեղի…

Ամեն անցորդ, սարվոր կլիներ թե որսորդ, միշտ պատրաստ էր իր ճամփան շեղել, գնալ, Պրոպի ծառի տակ նստել, սիրտը հովացնել Մեծ Ձորի մոշահամ աղբյուրների ջրով ու… հանգիստ առնելով շարունակել ուղին…

Ուսանող էի…

Ընկերներիս հետ գյուղ էի այցելել: Մեր սարերն արշավի էինք գնացել:

Պապիս տանը հյուրընկալվելուց հետո, այգեբացին ճամփա ընկանք դեպի Գուգութ: Որոշեցի Մեծ Ձորի ճամփով գնալ… Պրոպի ծառի տակով… քաղաքաբնակ ընկերներս թող տեսնեն ծմակն ինչ է…

Մոտեցա Պրոպի ծառին… սրտիս թրթիռով պատմել եմ ճամփին ծառի մասին, գռազ եկել, որ ոչ ոք մագլցել չի կարող…

Մոտեցանք… Պրոպի ծառը չկար… ծառը տապալված էր: Բայց Կայծակն ու տարերքը չէին տապալել Պրոպի ծառը: Պրոպի ծառը տապալվել էր փայտահատի անգութ ձեռքով: Անսիրտ, անտոհմիկ, անհոգի փայտահատի…

Ագահ ու որկրամոլ մեկը որոշել էր նրանից մանրահատակ սարքել…

Պրոպի ծառը, իմ մանկության ծառը, մեր անտառների արքան այլևս չկար…

Իմ անտառը որբացել էր…

 

Facebooktwittergoogle_pluslinkedin