Պատերազմի շունչը

Պատերազմը մեր գավառական փոքրիկ քաղաք հասավ դեռ 1990-ին: Մեր քաղաքը գրեթե սահմանակից է Վրաստանի ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանին, միաժամանակ՝ մոտ է Նոյեմբերյանին, որի սահմաններին արդեն մարտեր էին ընթանում:

Մեր քաղաքը պատերազմի շունչն զգաց, երբ երիտասարդները ութսունականներին կառուցած բանջարեղենի խանութը մաքրեցին, կարգի գցեցին ու կամավորների շտաբ բացեցին: Նման շտաբներ ձևավորվեցին բոլոր թաղամասերում, շրջակա գյուղերում…

Օրակարգի խնդիրներն էին քաղաքը ադրբեջանցի բնակիչներից մաքրելն ու Նոյեմբերյանի սահմանների պաշտպաններին օգնության փութալը:

Մեր քաղաքը բազմազգ էր: Հայերց հետո մեծ թիվ էին կազմում հույներն ու ադրբեջանցիները: Ադրբեջանցիների հետ տասնյակ տարիներ ապրել էինք հաշտ ու խաղաղ, կողք-կողքի… բայց միևնույն է, շփումը սահմանափակվում էր ընկերությամբ, դրսում կերուխումով: Ադրբեջանցիների հետ  խառնամուսնությունների եզակի դեպքեր կային…

Մեր քաղաքի ադրբեջանցիները երբեք  թրքություն չեն արել, բայց մթնոլորտը օրեցօր շիկանում էր, ու մի օր, ներքին պայմանավորվածությամբ, բոլորին իրազեկվեց, որ մեկ օր ունեն՝ իրերը հավաքելու և Հայաստանը լքելու համար:

Ոչ ոք նրանց չթալանեց, նրանց ինչքին, ունեցվածքին ձեռք չտվեց… մինչև վերջին հավը, տան վերջին իրն անգամ բարձեցին  բեռնատարն ու հեռացան: Երիտասարդները նրանց ուղեկցեցին մինչև հայ-վրացական սահման՝ Սադախլո և խաղաղ հրաժեշտ տվեցին՝ ողջագուրվելով… Ի՞նչ արած, կարդա՛շ, ձերոնք սկսեցին…

Ապա եկան ֆիդայիները՝ թրաշով, կեղտոտ շորերով, երբեմն՝ թափթփված, բայց, միշտ վեհ ու պատկառելի…. Առաջին անգամ իսկական ինքնաձիգ տեսա նրանց ձեռքին: Մինչ այդ, մեր քաղաքի երիտասարդները նկուղից հանել էին ով ինչ ուներ՝ որսորդական հրացան, ինքնաշեն հրացաններ, նռնակներ ու այդ աղքատ զինանոցով էին շտապել Նոյեմբերյան: Իսկ ՀԱԲ-ի տղաներն արդեն իսկական ինքնաձիգերով և ատրճանակներով էին:

Հիշում եմ նրանց հրավիրած ժողովը մեր քաղաքի ակումբում: Ասեղ գցելու տեղ չկար: Բեմում երկու հոգի էին՝ խորհրդային բանակի համազգեստով՝ աֆղանկայով, սեղանին նրանց ինքնաձիգն էր, որպես մարմնի անբաժան մաս…

Ես մինչ այդ շատ էի կարդացել ֆիդայիների մասին, բայց իսկական ֆիդայի տեսնել… երազել անգամ չէի կարող… իսկ հիմա, նրանք իմ դեմ էին, նստած, երկու առասպելական հսկաներ…

Ռազմիկ Վասիլյան և Մայիս Միրզոև.. բայց նրանք իրականում անուններ չունեին, նրանք մեզ համար մեծության, զորության, քաջության և առաքինության մարմնավորումներ էին, իսկական մարտիկներ…

ՀԱԲ-ի հերոսները մարտակոչ հնչեցրին, կոչ արեցին ամեն կերպ աջակցել սահման պահողներին. Ով ի զորու չէ զենք վերցնել՝ թող նյութապես աջակցի, վառելիք ու սնունդ հասցնի… ու ամենակարևորը՝ կոչ արեցին բոյկոտել խորհրդային բանակի զինակոչը. Հորդորեցին չծառայել խորհրդային բանակում, զինկոմիսարիատների զինահավաքն անտեսել և միանալ իրենց…

Եվ իրավ, հաջորդ օրը տասնյակի չափ երիտասարդներ միացան ՀԱԲ-ին… անգամ ոմանք դպրոցից փախան՝ անդամագրվելու ՀԱԲ-ին…

Հայոց ազգային բանակ… ինչ երազային էին հնչում այս բառերը… Իրակա՜ն երազ…

Ապա պատերազմի ձայնն ավելի ահագնացավ…

Գորբաչովյան պարետային ժամը սահմանափակումներ մտցրեց նաև մեր գավառային, փոքրիկ քաղաքում… Մի քանի տեղ, մանավանդ քաղաքի մուտքի մոտ՝ ուր երկաթուղային անցումն էր, ռուս զինվորների պոստեր հայտնվեցին:

Նրանք զույգերով կանգնած էին, երբեմն՝ ավտոմեքենաներ էին կանգնեցնում, ստուգում… կամաց-կամաց ռուս զինվորները շփման մեջ մտան տեղացիների հետ: Դե, հայ կնոջ բարեսրտությունն ո՞վ ունի… մեր մայրերը ռուս զինվորներին հաց ու ջուր էին հասցնում… նրանց հետ շփման մեջ մտան նաև երևիտասարդներից ոմանք: Դե, էլ ի՞նչ ռուս, որ խմել չսիրի… ու այնքան խմի, որ քնի պոստին ու… կորցնի ինքնաձիգը…

Բարեբախտաբար, ոչ ոք հետաքննություն անց չկացրեց, դրա փոխարեն՝ մեր քաղաքից պոստերը հանեցին և պարետային ժամ ասածը միայն մեկ շաբաթ հյուրընկալեց մեզ:

Բայց պատերազմը չավարտվեց: Պատերազմն ավելի մոտեցավ մեզ: Եկավ 1991 թվականը… Արցախում պատերազմը եռում էր… տասնյակ մեր համաքաղաքացիներ Արցախ մեկնեցին: Արտաքին աշխարհի հետ միակ կապը ռադիոն էր, քանզի անգամ մեր հեռուստացույցերը լռում էին… մարդիկ սրտի տրոփյունով էին ռադիոյով լուրեր լսում…որոնք հակասական էին, մերթ ուրախացնող, մերթ ոգևորող, մերթ… տխուր ու ողբալի….

Պատերազմ… պատերազմն արդեն երկու տարի՝ թակել էր մեր դուռը, բայց այն թափով բացեց, երբ լսվեց Գարիկի զոհվելու լուրը… Դաշնակ Գարիկը, մերձակա բնակավայրից… երիտասարդ,  պատվախնդիր… Գարիկի դիակը մնաց թշնամու թիկունքում, Գարիկի շորերը միայն թաղեցին…

Հետո պատերազմն ավելի ու ավելի մեծացավ, ահագնացավ… մանկությանս ընկերները՝ Արմենը, Վաչոն, Արթուրը, Կյաժը….

Պատերազմը շոշափելի, շա՛տ շոշափելի դարձավ, նրանց շիրիմը մեր պատանեկան ձեռքերով լցված հողով… այդ հողը շոշափելով՝ պատերազմն էի շոշափում… առաջին անգամ ատեցի հողը, առաջին անգամ հայհոյեցի այդ հողին, որն իր հաստ շերտի տակ հերթով պարուրեց ընկերներիս, ծածկեց նրանց, թողնելով վիշտ, կսկիծ, վրեժի անմար ծարավ…

Պատերազմը դեռ առջևում էր…

Facebooktwittergoogle_pluslinkedin