Պապս

Պապս…

Այսօր կդառնար 101 տարեկան…

Աշխարհի ամենահարուստ մարդն, ով իր ողջ կարողությունը կտակեց իր սերունդներին:

Նրա կարողությունը հպարտությունն էր, վեհանձնությունը, Լոռվա սարերի՝ ամեն քարի ու թփի իմացությունը, բնության սերը, սերն աշխարհի ու մարդու նկատմամբ…

Պապս, ով իմ առաջին ուսուցիչն էր, իմ առաջին խորհրդատուն, առաջին քննադատս:

Պապս, ով գյուղում ու շրջանում հայտնի էր իր անսահման բարությամբ, մեծահոգությամբ… բոլորը, դրկից թե բարեկամ, նրան Քեռի էին կոչում:

Պապս… ով ոտքով չափել էր Լոռվա սարերը, ամեն ծաղիկ հոտոտել, ամեն ծառի հովի թինկը տված, մեջքը մեր սարերին հենած երազել, խաշամի տակից ձնհալի ջուրը խմել ու ողջ կյանքում անխոնջ աշխատել…

Պապս ոտքով Բեռլին է հասել, այնտեղ հայոց քոչարին պարել,  սով, արյուն ու կռիվ տեսել, բայց երբեք ու երբեք չի կորցրել հոգու բարությունը…

Պապս…

Միշտ հրահաս էր բոլորին, միշտ պատրաստակամ ձեռք մեկնելու, օգնելու:

Գյուղում իր չոբանության օրերին զանգում, կանչում էր իր մոտ, հետը սարերը տանում, ամեն ծառի, քարի մասին պատմություններով հոգիս լցնում:

Բնության գիրքը պա՛պս կարդալ սովորեցրեց:

Պապս… պապս իմ մանկությունն էր: Իմ անհոգ երազն էր, իմ առաջին հեքիաթն էր:

Սիրում էի գլուխս դնել պապիս գոգին, անհագ լսել նրա պատմությունները, շիտակ զրույցները…

Մենք ընկերներ էինք, իսկական ընկերներ… պապս պատմում էր իր մանկության, ապրած, անցած-գնացած դժվարին օրերի մասին, ես իրեն՝ կարդացածս գրքերն էի պատմում:

Պապս դպրոց չի գնացել, բայց գրաճանաչ էր: Կյանքում գիրք չէր կարդացել, բայց իմաստուն էր:

Պապս… պապիս մասին հուշերը երբեք չեն մարում, երբեք չեն խամրում…

Պապս քարե հուշ է այժմ…

Կանչեց մի օր: Գնացինք զբոսնելու: Իր եղբորից մնացած Քոսոտ ուլի այգու ստորին հատվածում, մի ժայռի տակ փոքրիկ, հարթ հողակտոր մատնացույց արեց.

-Կոստլո ջա՛ն (այդպես էր ինձ դիմում մանկուց), ինձ այստեղ կբերես, գերեզմանս այստեղ կսարքես…

Պապիս միակ խնդրանքն էր դա… ողջ կյանքում՝ միայն դա է ինձ խնդրել…

Պապս հիմա քարե մի հուշ է, քարե կոթող… սրբազան մի բուռ հող, ուր ամփոփված է աճյունը…

Նրա կողքին տատս ու հայրս են…

Հանգչեք խաղաղությամբ… Լույս դառնան ձեր հոգիները…

Facebooktwittergoogle_pluslinkedin