ՊԱՊՍ

Պապս…

Աշխարհի ամենահարուստ մարդն, ով իր ողջ կարողությունը կտակեց իր սերունդներին:

Նրա կարողությունը հպարտությունն էր, վեհանձնությունը, Լոռվա սարերի՝ ամեն քարի ու թփի իմացությունը, բնության սերը, սերն աշխարհի ու մարդու նկատմամբ…

Պապս, ով իմ առաջին ուսուցիչն էր, իմ առաջին խորհրդատուն, առաջին քննադատս:

Պապս, ով գյուղում ու շրջանում հայտնի էր իր անսահման բարությամբ, մեծահոգությամբ… բոլորը, դրկից թե բարեկամ, նրան Քեռի էին կոչում:

Պապս… ով ոտքով չափել էր Լոռվա սարերը, ամեն ծաղիկ հոտոտել, ամեն ծառի հովի թինկը տված, մեջքը մեր սարերին հենած երազել, խաշամի տակից ձնհալի ջուրը խմել ու ողջ կյանքում անխոնջ աշխատել…

Պապս ոտքով Բեռլին է հասել, այնտեղ հայոց քոչարին պարել,  սով, արյուն ու կռիվ տեսել, բայց երբեք ու երբեք չի կորցրել հոգու բարությունը…

Պապս…

Միշտ հրահաս էր բոլորին, միշտ պատրաստակամ ձեռք մեկնելու, օգնելու:

Գյուղում իր չոբանության օրերին զանգում, կանչում էր իր մոտ, հետը սարերը տանում, ամեն ծառի, քարի մասին պատմություններով հոգիս լցնում:

Բնության գիրքը պա՛պս կարդալ սովորեցրեց:

Պապս… պապս իմ մանկությունն էր: Իմ անհոգ երազն էր, իմ առաջին հեքիաթն էր:

Սիրում էի գլուխս դնել պապիս գոգին, անհագ լսել նրա պատմությունները, շիտակ զրույցները…

Մենք ընկերներ էինք, իսկական ընկերներ… պապս պատմում էր իր մանկության, ապրած, անցած-գնացած դժվարին օրերի մասին, ես իրեն՝ կարդացածս գրքերն էի պատմում:

Պապս դպրոց չի գնացել, բայց գրաճանաչ էր: Կյանքում գիրք չէր կարդացել, բայց իմաստուն էր:

Պապս… պապիս մասին հուշերը երբեք չեն մարում, երբեք չեն խամրում…

Պապս քարե հուշ է այժմ…

Կանչեց մի օր: Գնացինք զբոսնելու: Իր եղբորից մնացած Քոսոտ ուլի այգու ստորին հատվածում, մի ժայռի տակ փոքրիկ, հարթ հողակտոր մատնացույց արեց.

-Կոստլո ջա՛ն (այդպես էր ինձ դիմում մանկուց), ինձ այստեղ կբերես, գերեզմանս այստեղ կսարքես…

Պապիս երկրորդ խնդրանքն էր դա… ողջ կյանքում՝ երկու բան է ինձ խնդրել…

Պապս հիմա քարե մի հուշ է, քարե կոթող… սրբազան մի բուռ հող, ուր ամփոփված է աճյունը…

Նրա կողքին տատս ու հայրս են…

Հանգչեք խաղաղությամբ… Լույս դառնան ձեր հոգիները…

 

Պապս հեռավոր 1917-ին է ծնվել՝ Գուգարաց լեռներում՝ Արջագլխի ստորոտին ծվարած մի չքնաղ անկյունում՝ Կխմախուտում, որ Հաղբատի գյուղախմբում գտնվող շեն գյուղ է եղել: Հարուստ ու շեն գերդաստան են եղել: Պապիս պապը՝ Սարգիսը՝ Այնալուն, ով Հաղբատի 1903 թվականի հակացարական ապստամբության կազմակերպիչներից էր, Կխմախուտի ամենահարուստ մարդն է եղել. 16 զույգ լծկան եզ է ունեցել, հարյուրավոր անասուններ, տասնյակ հեկտարներով հողեր…

Նրա տղան Խեչոն էր, ով բոլշևիկ դարձավ, բարձր պաշտոններ ստացավ, սովետի դեպուտատ դարձավ, Մոսկվայում էր ապրում: Բայց Խեչոն Մոսկվայում մնացողը չէր, Խեչոն մի օր թողեց գործն էլ, դեպուտատի կոչումն էլ, ու հետ եկավ մեր գյուղ, գուղում որսորդություն էր անում: Մեր սարերի հովին էր կարոտել…

Պապիս հայրը՝ Սարիբեկը, չորս զավակ ուներ: Կինը մահացավ վերջին երեխայի ծննդաբերության ժամանակ: Սարիբեկը դարձյալ ամուսնացավ: Չորս զավակ էլ երկրորդ կնոջից ունեցավ:

1927 թվականին պապոնցս մեծ գերդաստանը տեղափոխվեց Նեղոց: Երեք տարի անց սկսվեց կոլեկտիվացումը: Մերոնց կուլակաթափ արեցին, պապիս հայրը դիմադրեց, ղաչաղ դարձավ, սպանեցին:

Նրա ութ զավակների հոգսը մնաց Մեծ Պապիս՝ Այնալուի ու պապիս մայրացուի ուսերին:

Մեծ Պապս վերցրեց իմ պապի՝ Անթանեսի խնամքը…

Ապրելը դժվար էր: Կուլակաթափ եղած, ունեզրկված Մեծ Պապս աշխատել չէր կարող. 1840 թվականի ծնունդ էր: Նանը նրանից երկու տարով էր փոքր: Մեծերի խնամքն ընկավ պապիս ուսերին, ով ցերեկը կոլխոզում էր աշխատում, երեկոյան էլ լիկկայան գնում, որ տառաճանաչ դառնա:

Քսան տարեկան էր պապս, որ ամուսնացրին նրան: Հարսը հարևան Գերասիմի աղջիկ Հեքոն էր՝ Հերիքնազը: Սեր չկար, զգացմունք չկար… պսակվել էր պետք՝ պսակեցին…

Բայց Հեքոն գլխակեր կին էր: Վրա-վրա երկու երեխա բերեց պապիս համար: Մեծին Սարիբեկ են կոչել՝ պապիս հոր անունով… իսկ փոքրին պապս իր եղբայր Վարդանի անունն էր տվել: Բայց երեխին բոլորը Վիսյոլ էին կոչում: Երբ ծնվել է՝ չի լացել, բերանը լայն բացած՝ ժպտացել է ու ծիծաղել: Էդ պատճառով էլ՝ Վիսյոլ կպավ մականունը՝ վիսյոլի…

Պապս բանակ է գնում 1940-ին, իսկ կինը լքելով ծերերին՝ հորանց տուն է գնում, քիչ է՝ գյուղում աջ ու ձախ ման է գալիս…

Որպես ծերերի խնամակալ՝ պապիս վեց ամիս անց բանակից ազատ են արձակում: Վերադառնում է գյուղ ու ապահարզան տալիս կնոջը:

Բայց սկսվում է պատերազմն ու պապիս դարձյալ զորակոչում են: Գնում է կռիվ:

1942-ին Հեքոն գալիս է պապիս տուն, Մեծ Պապիս ու Նանիս համոզում, որ մնա իրենց մոտ: Հարյուրամյա ծերերը համոզվում են… իրենց ծոռներին չեն ուզում դրսում թողնեն:

Բայց Հեքոյի միտքն այլ էր: Անսիրտ ու նենգ Հեքոն Պապին ու Նանին սպանել է ուզում: Թույնում է մածունը: Մեծ Պապս՝ Այնալուն, կնոջ հետ, հարսի աչքի առաջ գոգին դրած պապիս ավագ որդուն՝ Սարիբեկին, ուտում է թունած մածունը, մեկ-մեկ էլ՝ ծոռին կերակրում: Որդին թունավորվում է մոր աչքի առաջ, իսկ նա անվրդով նայում է այդ ամենին ու հանգիստ սպասում արդյունքին:

Մեծ Պապս, Նանն ու երեխեն մի օրում մեռնում են: Իսկ Հեքոն հավաքում է տանը մնացած մի քանի ձունձ ու կարպետ՝ փախչում…

Նա երկար տարիներ բանտում անցկացրեց, ու ասում են՝ ահավոր ցավերի մեջ, սարսափելի հոգեվարգով մահացավ…

Պապիս մյուս որդին կորավ: Պապս երկար տարիներ չտեսավ Վիսյոլին…

1946-ին պապս վերադառնում է գյուղ ու օջախից մենակ դատարկ չորս պատ է տեսնում:

Օգնության են հասնում քույրերը, եղբայրները… ամենքը մի բան տալիս՝ տունը քիչ-շատ լցնում են:

Պապիս հարևանն ու ընկերը՝ Զուրաբը, որոշում է ամուսնացնել պապիս:

Կնոջ՝ Աշխենի (ով պապիս հորեղբոր դուստրն էր) արխալուխը վերցնում է, պապիս հետ երկաթգծի կայարան գնում, գնացք նստում ու գնում աղջիկ ուզելու՝ ուր աչքները կկտրի…

Որոշում են Վրաստանի հայաբնակ գյուղերից աղջիկ ուզեն, որ պապիս ճանաչող չլինի… դե պսակվածա եղել, երեխա է ունեցել, կինը բանդիտ, տունն էլ՝ չորս պատ…

Շուլավեր կայարանում իջնում են գնացքից ու պատահական ընտրությամբ գնում հայկական Դամիա գյուղը:

Գյուղամիջում նրանց ուղարկում են Միսկարանց Ղազարի տուն:

-Աղջիկ ունե՞ք մարդու տալու:

-Ունե՛նք:

Երկար-բարակ հարցուփորձ չեն անում: Պապս լռում է, իսկ Զուրաբը խաբում է, թե մեծ շենլիգ ունեն, լի օջախ ունեն…

Տասնվեց տարեկան տատիս՝ Պայծառին նստեցնում են սպիտակ էշին ու ծնողների ուղեկցությամբ Դամիայից իջնում Շուլավեր կայարան:

Երբ Նեղոց են հասնում՝ տատս հասկանում է որ ոչ միայն խաբված է, այլև՝ կարճ ժամանակ անց նրան պատմում են պապիս մասին ողջ ճշմարտությունը: Մեծ ցավ է ապրում. Տասնվեց տարեկան մայրացու, ով վեց տարեկան խորթ զավակ ունի… դա քիչ է՝ Հեքոյի բարեկամներն էլ շարունակ հալածում են տատիս:

Ամիսներ են անցնում: Պապիս զոքանչը տեսնելով, որ աղջկան տունդարձ չեն բերում՝ որոշում է ինքն այցի գնալ: Գալիս է գյուղ ու մոլորվում… չորս պատ, մի թախտ ու մի ծռված պահարան, պատից մեխած մի փոքրիկ սեղան՝ երեք աթոռներով… ահա պապիս շենլիգը…

Տատս խղճում է մորը, չի պատմում պապիս նախկին ամուսնության մասին, բայց նրանց մեկ ուրիշ, ավելի ծանր հարված էր սպասում…

Երեկոյան, երբ երկաթգծում աշխատող պապս տուն է գալիս, զոքանչը հարցուփորձ է անում, թե ի վերջո՝ ո՞վ ես, ումոնցի՞ց ես…

Պապս պատասխանում է, թե հորանցս կողմը Հաղբատից են, իսկ մորը չի հիշում, ծննդաբերության ժամանակ մահացել է, բայց, մորական կողմը սանահնեցի է:

Տատիս մերը հետաքրքրվում է, թե սանահնեցի ովքե՞ր են… ինքն էլ Սանահնա աղջիկ էր… պապս պատասխանում է, թե՝ Երիցյաններից են մորանք: Իր քեռիներին երբեք չի տեսել, բայց անունները գիտի՝ թվարկում է:

Խեղճ կինը մեկեն գունատվում է, ձեռքով խփում ծնկներին, լալիս. Թե բա՝ Էս ի՞նչ ենք արել, ես քո քեռու աղջիկն եմ…

Պապիս զոքանչը շվարած հետ է գնում Դամիա: Մեկ շաբաթ անց՝ լուրը հասնում է պապոնցս, թե՝ Զոքանչդ մահացել է, գնացեք: Պապս չի հավատում: Կարծում է՝ խաբելով ուզում են տատիս հետ տանեն, էլ բաց չթողնեն: Ոչ ինքն է գնում, ոչ էլ՝ տատիս թողնում:

Շատ չանցած՝ վշտից մահանում է նաև տատիս հայրը՝ Ղազարը…

Տատս պապիս չորս զավակ պարգևեց: Հայրս ավագն էր: Հաշտ ու համերաշխ ապրեցին, տուն-տեղ դրեցին, օջախ ծխեցրին, ոտքի կանգնեցին:

Պապս երկաթգծից էլ դուրս եկավ: Ռանչպարություն էր անում: Գյուղի լավագույն սերմնացանն էր: Գյուղում մի քանի այգի էր գցել, ծառ տնկել…

Ամառները սիրում էի գյուղ գնալ, արձակուրդս այնտեղ անցկացնել: Պապս հաճախ էր ձեռքիցս բռնած սար տանում, ամեն քարի, ամեն ծառի մասին մի հետաքրքիր պատմություն պատմում…

Թոռների մեջ մեծ տղա թոռն էի: Ամենաշատն ինձ էին սիրում պապս ու տատս: Երես էին տալիս: Ես էլ՝ իրենց էի կապված: Փոքր ժամանակ անգամ՝ իրենց ծնողներիցս շատ էի սիրում:

Իմ ու պապիս միջև մի անտես պորտալար էր ձգվում: Հոգևոր կապն ուժեղ էր:

14-15 տարեկան էի արդեն, մի օր պապս կանչեց գյուղ, թե՝ առավոտ սար ենք գնում: Զարմացա. Իր չոբանության օրը չէր: Ասաց, գնանք ղանթափի քաղենք, Կոստլո՛… ուրախությամբ համաձայնվեցի:

Բայց ղանթափի չքաղեցինք: Քաչալոյի թալի աղբյուրի մոտ ծառի շվաքում պառկեցինք, ու պապս պատմեց: Իր մասին պատմեց, իր ցավը պատմեց…

Պատմեց իր կորած որդու մասին, ու լավ եմ հիշում պապիս արցունքները…

-Հոգումս մի ծանր քար կա, որդի՛… մեծ ես արդեն, հերդ, բիձեդ չկարացին, գոնե դու փնտրի, դու գտիր Վիսյոլին…

Հետաքրքիր ու ծանր էր լսելը… խոստացա պապիս, որ կգտնեմ կորած հորեղբորս:

Նախախնամության խաղն էր… առաջին կուրսում սկսեցի որոնել հորեղբորս: Բոլորովին պատահաբար գտա: Ամենուր հարցուփորձ էի անում: Պարզվեց՝ կուրսընկերոջս՝ Լևոնենց շենքում է բնակվում:

Դողալով թակեցի նրանց բնակարանի դուռը: Երիտասարդ կին բացեց: Անդոյին հարցրեցի: Անդոն հորեղբորս տղան էր, նրա մասին կուրսընկերս էր պատմել: Անդոն առաջ եկավ: Իմանալով ով լինելս՝ ներս հրավիրեց: Բարեբախտաբար՝ հորեղբայրս տանը չէր: Պատմեցի Անդոյին, երկար խոսեցինք: Հուզված էիք: Կինը սեղան գցեց, արդեն գինովցած էինք, երբ հորեղբայրս եկավ:

Եթե դրսում տեսնեի՝ հաստատ կճանաչեի: Պապս ու Վիսյոլը՝ ինչպես ջրի երկու կաթիլներ: Ծանոթացանք, երկար խոսեցինք… հիշում եմ հուզմունքը, դողացող ձայնը… իմանալով ով լինելս՝ առաջին հարցը որ տվեց՝ Պապան ո՞նց ա…

Նա գիտեր մեր մասին համառոտ: Բայց մեկուսի էր ապրել, չէր ցանկացել գյուղ գալ… շփվել… բառացի ասաց.

-Գյուղում ուրվականներ կան,-ու տխուր հոգոց հանեց…

Պատմեց իր մասին հորեղբայրս: Որբանոցում է մեծացել, այնտեղ ծանոթացել ապագա կնոջ հետ, ամուսնացել են, երեք զավակներ ունեն, թոռներ…

Հաջորդ օրը դարձյալ նրանց հյուրն էի: Ծանթոացա բոլորի հետ: Ամենքը հետաքրքրությամբ էին շփվում, ծանոթանում… ներքին մի կարոտ կար:

Հորս, կրտսեր հորեղբորս, ապա հորաքույրերիս պատմեցի ամեն բան: Որոշեցինք կազմակերպել պապիս ու իր որդու հանդիպումը: Բոլորը Երևան եկան՝ հորաքրոջս տուն… բոլորն ուզում էին տեսնել, ծանոթանալ, խոսել հետը…

Գերդաստանով հավաքված էինք հորաքրոջս տանը, հրավիրեցինք նաև Վիսյոլին ու իր կնոջը: Եկան… մինչ տուն մտնելը խոսեցինք, նախապատրաստեցինք պապիս…

Աննկարագրելի էր նրանց հանդիպումը: Լուռ ու համր հանդիպումը…

Ներս մտավ Վիսյոլը, պապս կանգնած է դեմը… տասնյակ տարիներ են անցել…

Միայն լուռ նայեցին մեկմեկու աչքերի մեջ, փաթաթվեցին, ապա… երկուսով փղձկացին…

Ամբողջ երկու ժամ առանձնացան սենյակում: Ի վերջո չդիմանալով՝ մտա… նստած էին դեմ-դիմաց… պապս իր կորուսյալ ու գտնված որդու ձեռքերն առել էր ափերի մեջ: Հորեղբայրս գլուխը հակել պապիս ուսին…

Մոտեցա, գրկեցի երկուսին էլ…

Երկրորդ անգամ էի տեսնում պապիս արցունքները: Ամուր համբուրեց ճակատս:

-Այ հիմա սրտիցս մեծ քար ընկավ, այ հիմա կարող եմ մեռնել հանգիստ խղճով: Ապրե՛ս, որդիս, դու ինձ պարզերես արեցիր…

Մենք բարեկամացանք: Այլևս հորաքույրերս ասում էին, թե երեք եղբայրներ ունեն…

Իսկ Վիսյոլն իր ընտանիքով արդեն հաճախ էր գյուղ գալիս, հորական տուն գալիս…

Պապս երկար ապրեց: 87 տարեկան հասակում մահացավ: Մահացավ՝ ձեռքերիս մեջ: Աչքերում՝ շնորհակալության զգացում, երախտիքի փայլ… պապս թոթափել էր տասնյակ տարիների սրտի բեռը…

Պապս, առաջին ուսուցիչս, առաջին հեքիաթս, առաջին խորհրդատուս: Պապս…

 

Facebooktwittergoogle_pluslinkedin