ՈՒՂԵԳՐՈՒԹՅՈՒՆ. ԼՈՌՎԱ ԲԵՐԴԵՐԸ

2017 թվականի աշնան մի արևոտ օր, Տիր-Ար զբոսավարների դասընթացների սաների հետ արշավ ձեռնարկեցինք դեպի հյուսիս՝ դեպի Լոռվա բերդերը:

Լոռի ասելով, մի հասկացեք ներկայիս Լոռու մարզը: Խոսքը բնապատմական Լոռիի մասին է, կամ՝ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության, որի տարածքի մեջ ընդգրկված էին Շիրակից մինչև Քուռ գետն ընկած տարածքները, Հյուսիսային Արցախը, ներկայիս Թիֆլիսը, Կախեթը, Վրաստանի հարավը…

Հայոց պատմիչները հավաստում են, որ Լոռվա թագավորության զորեղ գահակալը՝ Դավիթ Ա Անհողին արքան, ով նաև ամենաերկար գահակալած հայ թագակիրն է՝ (990-1048), իր կառավարման տարիներին քսանից ավելի բերդ է կառուցել:

Մեր երթուղում ընդգրկել էինք երեք ամրոց՝ Ղալինջաքարը, Լոռվա Կայանը, Զառնիէր անձավային ամրոցը: Նրանցից ո՞ր մեկի կառուցման պատիվն է պատկանում Լոռվա զորեղ գահակալին:

Առավոտ կանուխ շարժվեցինք Երևանից: Սևանի մայրուղով մտանք Տավուշի մարզ: Ապա Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան անչափ գեղեցիկ ճանապարհահատվածը հաղթահարեցինք շուրջ մեկուկես ժամում: Չէ՛, երկու՛ ժամում: Չէինք կարող կանգ չառնել ու չհիանալ Ջողասի ջրամբարի կապույտով:

Ջողասի ջրամբարի առավելագույն խորությունը 60 մետր է, ջրատարողությունը՝ 45 միլիոն խորանարդ մետր։  Ջրամբարից ջուրը համանուն ջրհան կայանով ժամանակին մղվում էր Նոյեմբերյանի ու Իջևանի մայր ջրանցքներ։ Ջրամբարը քանի որ գտնվում է հայ-ադրբեջանական սահմանագծին, այժմ չի շահագործվում:  Նրա ջրերը հոսում են դեպի Քուռ գետը…

Անցանք Ոսկեպարի լեռնաշղթան… հասանք նախկին ադրբեջանական Ասկիպար գյուղի ավերակների մոտով… 1989 թվականից այս գյուղի ադրբեջանցիները փակել էին անչափ կարևոր այս ավտոճանապարհն ու ավարառությամբ էին զբաղվում: ՀԱԲ կազմակերպության զինված ջոկատները գիշերային անակնկալ հարձակմամբ ազատագրեցին գյուղը…

Անցանք Նոյեմբերյանը… այս քաղաքն իր կոլորիտով, ներդաշնակ աշխուժությամբ ավելի շատ մեծ գյուղի է նմանվում: Ժամանակը չէ՞ արդյոք անվանափոխել Նոյեմբերյանը…

Հաջորդը Կողբ գյուղն է: Կողբը պատմական գյուղ է: Միջնադարում համանուն գավառի կենտրոնն է եղել: Հիմա մեծ ու շեն գյուղ է: Կողբը, ինչպես նաև հաջորդ գյուղը՝ Բերդավանը, ուժեղ դպրոց ունեն: Այս գյուղերը միմյանց հետ սակայն մրցակցում են ոչ միայն ուսման ասպարեզում: Կողբեցիներն ու բերդավանցիները սիրում են միմյանց մասին անեկդոտներ, զվարճալի մանրապատումներ հորինել…

Շուտով Կողբ գյուղում Թումո կենտրոն կբացի…

Հասանք Բերդավան: Ճանապարհին կանգ առանք խանութի մոտ, ձմերուկ գնեցինք, տեղացիներից հարցրեցինք միջնադարյան ամրոցի տեղը.

-Գեղամեջը տիս գնալ, ստիան որ ասեմ, գտնիլ չես, գնացեք մարդ կըլնի, հարցրեք,-բարեհամբույր ճանապարհեցին մեզ:

Գյուղամիջում տարեց մարդ էր քայլում: Կանգնեցրինք մեքենան, չիջնելով՝ ձայնեցի.

-Հորեղբա՛յր… ամրոցի տեղը ցույց կտա՞ս…

Զարմացած ինձ նայեց, հարցրեց.

-Այտա՛, որդի՞անցի եք…

-Երևանից ենք, հորեղբա՛յր:

-Վա՜յ, բա խի՞ չէիր վախտին ձեն հանում, գալուց առաջ զանգում, թադարիք տեսնեինք, սեղան-բան գցեինք…

Հպարտ էի լոռեցու պարզությամբ ու հյուրընկալությամբ… ընկերներս Հայաստանի տարբեր գավառներից էին. Հիմնականում՝ Երևանից… նրանց համար անակնկալ էր նման մոտեցումը: Ժպտացի.

-Բիձա՛, ցույց կտա՞ս տեղը…

-Հա՛, ոնց չէ, այ բալա, հլա սպասիր…

Տեղավորվեց կողքիս, ու վարորդին մատնացույց արեց ուղին.

-Դե՛սը քշիր…

Նավասարդյան Ֆրունզիկը յոթանասունին մոտ մարդ է: Արցախյան ազատամարտի մասնակից: Հպարտությամբ էր պատմում. Գերի է բռնել, մեր գերյալների հետ փոխանակել:

Զավակները գյուղից հեռացել են, այստեղ ապրում է իր իսկ բնորոշմամբ՝ աշխարհի ամենասիրուն կնոջ՝ Համեստի հետ, հող են մշակում… թոռները Երևանում են, սովորում են…

Հասանք հնավայր: Հեռվում երևաց բերդը: Վեհ տեսք ունի…

Մինչև ամրոցը հին գյուղատեղին է: Կիսավեր բազիլիկ եկեղեցի կար: Դատելով ոճից՝ վաղ միջնադարյան կառույց է, որ հետագայում վերանորոգվել է՝ ապաշնորհ կերպով: Նրա շուրջը միջնադարյան գերեզմանատունն է, կիսավեր ու ամբողջական խաչքարերով… Տխուր միջավայր էր… փորձեցի մտովի տեղափոխվել դարերի խորքը… երբ այստեղ կյանք կար, աշխուժություն կար…

Իսկ Ղալինջաքար ամրոցը… վեհ է իսկապես… Սա միջնաբերդն է՝ մի կողմից երկար պարսպաշարով, մյուս կողմից՝ բրգավոր բարձր պարիսպներով: Հյուսիսային կողմում բացված է գետնուղին, որ հավանաբար կողքի ձորակն է տանում, որ այս համատարած դեղինի մեջ կանաչ գույն ունի… գետակ է հոսում…

Ղալինջաքար ամրոցը կառուցել է Դավիթ Անհողին արքան: Մատենագրության մեջ հիշատակվում է 1123 թվականի իրադարձությունների հետ կապված, երբ վրաց Դավիթ Դ Շինարար արքան ի թիվս այլոց, Ղալինջաքարն էլ ազատում է սելջուկներից…

Վերադարձանք գյուղամեջ, փորձեցինք հրաժեշտ տալ Ֆրունզիկին:

-Վա՜յ, ի՞նչ ես ասում, դու ուզում ես ինձ խայտառակ անես էս գեղամիջումը, ո՞նց թե, գնացինք տուն… կոֆե ա, միրգ ա, հաց ու ջուր ա, հլե ուրիշ բան չըլնի՝ հերվա խաղողի արաղիցը ես ու դու մի-մի թաս կանենք…

Մերժել հնարավոր չէր…

Շեն օջախ ունի Ֆրունզիկը: Կինն էլ հիրավի՝ Համեստ… մեղր, միրգ, սուրճ հյուրասիրեցին: Ֆրունզիկը բակում անգամ կիվի է աճեցնում: Այս տարի առաջին անգամ բերք է տվել կիվին… Միայն մեկ մտահոգություն ունի… հոկտեմբերին այգեկութն է, աշխատող ձեռքի պակաս ունեն, մեծ է բաղը, խաղողը պետք է քաղել…

Շարժվեցինք դեպի Հաղբատաձոր: Այստեղ երկու ամրոց ,,նվաճեցինք,,:

Կայան բերդի մասին ամենավաղ հիշատակությունը վերաբերվում է 10-րդ դարի սկզբին: Այն Դավիթ Անհողինի կառուցածը չէ: Ժամանակին այս բերդում ապաստանել են Աշոտ Երկաթի (914-928)  դեմ ապստամբած Սևորդյաց իշխանները…

Անցանք միջնադարյան Շերեքա կամրջի վրայով, Ակների սարահարթի տակ գտնվող Պարնիէրի տակով, որ Հաղբատավանքի միջնադարյան գրապահոցներից էր, նեղ կածանով շարժվեցինք առաջ:

Կայան բերդն ավերվել է մոնղոլների կողմից՝ 1236 թվականին: Հետաքրքիր ավանդույթ կա բերդի հետ կապված. Մոնղոլները պաշարում են ամրոցը, բայց գրավել չեն կարողանում. Այն շատ անառիկ է: Ի վերջո, որոշում են ջրազրկել այն: Բարձրանում են մոտակա գյուղը, բոլորը փախել են սարերը: Գտնում են մի կիսամեռ ծերունու և հարցնում. Ո՞րն է ակը… ծերունին ցույց է տալիս: Այդ պատճառով՝ գյուղը կոչվեց Ոռնակ: Քանի որ անունը անբարեհունչ է՝ խորհրդային տարիներին անվանափխվեց Ակներ:

Երբ ծարավից դրդված, բերդի պաշտպանները որոշում են անձնատուր լինել մոնղոլներին, գիշերը հորդառատ անձրև է գալիս և հայերը դարձյալ ջրի պաշար են հավաքում: Սա համարելով աստվածատուր նշան՝ մոնղոլ զորապետը հաշտություն է առաջարկում, որն ամրապնդվում է նրա որդու և բերդապետի դստեր ամուսնությամբ…

Չքնաղ տեսարան է բացվում Կայան բերդից՝ Դեբեդի հովիտը…

Բերդի տարածքում փոքրիկ եկեղեցի կա, որի պատճառով ամրոցը նաև երկրորդ անունն է ստացել՝ Դսևանք՝ դրսի վանք: Չնայած, տեղացիներն անվանում են նաև Տսևանց՝ տես և անց… անառիկության պատճառով…

Մնում է ավելացնել, որ միջնադարում Կայան անունով մի քանի բերդեր կային: Նրանցից գլխավորը Աղստևի հովտի Կայանն էր՝ համանուն գավառի կենտրոնը…

Կայան բերդի դեմ-դիմաց Զառնիէրն է՝ այս ձորում 10-րդ դարում իշխած Սևորդյաց Զարեհ իշխանի կառուցած ժայռափոր ամրոցը:

Կայան բերդն ու Զառնիէրը մեծ դերակատարություն են ունեցել Հաղբատաձորի պաշտպանության գործում: Այստեղ բոլորը քաջ մարտիկներ են եղել, անգամ կանայք լավ հրաձիգներ էին…

Այդ մասին մանրամասն գրում է հաղբատցի պատմաբան Ռոստոմբեկ Երզնկյանցն իր աշխատության մեջ:

Զառնիէրը հսկա ժայռափոր ամրոց է: Այստեղ կարող են տեղակայվել մինչև 2000 հոգի: Քարանձավի մուտքը մոտ 100 մետր երկարությամբ պարսպապատ է: Առանձին եռահարկ քարանձավային պարսպապատ ամրոց կա վերևի հատվածում, որ որպես միջնաբերդ կարող է ծառայել:

Քարանձավ-ամրոցի ներսում ջուր կա՝ այն կաթում է տանիքից՝ ժայռից:

Զառնիէրում որոշ փոփոխություններ կային: Հայրենանվեր մի հայորդի՝ Ռուբեն Մեսրոպյանը, որոշել է երկրորդ կյանք տալ ամրոցին: Պարիսպներն ամրացվել են, շուրջը և ներսը կոկիկ հարդարվել, կրակարանն է սարքվել, ջրի կաթոցքի տակ փոքրիկ ջրավազաններ կան արդեն՝ ջրաշուշաններով, ձկներով…

Ամրոցը նաև գիշերային կյանք կունենա… այստեղ անգամ լուսավորություն կա:

Մանրամասն չեմ գրի Ռուբենի մյուս նախաձեռնությունների, ծրագրերի մասին: Երբ անցյալ տարի կիսվեց իր մատհաղացման մասին, անկեղծ՝ չհավատացի: Իսկ հիմա… վստահ եմ, մարդու երևակայությունն ու կամքը համատեղ, կարող են ամենահամարձակ երազանքն անգամ իրական դարձնել: Վստահ եմ, Ռուբենի երազանքն իրականություն է դառնում… Լոռվա ձոր այցելող զբոսաշրջիկին իր ողջ հմայքով ու վեհությամբ կդիմավորի Զառնիէր բերդ-ամրոցը: Այստեղ բոլորը կզգա՛ն միջնադարի շունչը…

Վահէ Լոռենց

Տպագրվել է ,,Անկախ,, շաբաթաթերթում, 2017 թվականի սեպտեմբերի 21-ին:

Facebooktwittergoogle_pluslinkedin